«ԳԱՐՈՒՆ Ա» ՖԻԼՄԻ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Գարուն ա» գեղարվեստական ֆիլմը հերթական հաջողությունն է գրանցել միջազգային կինոփառատոնում: Ֆիլմն այս անգամ ներկայացված է եղել Մադրիդի կինոփառատոնին՝ արժանանալով երկու մրցանակի «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» եւ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում, իսկ անցյալ տարվա ընթացքում ֆիլմը ներկայացվել է բազմաթիվ կինոփառատոնների եւ բազմաթիվ մրցանակներ շահել։

 

Հիշեցնենք, որ ֆիլմը էկրան է բարձրացել 2022 թվականի գարնան առաջին օրը՝ մարտի 1-ին, հանրությանը ներկայացվել է ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Գարուն ա…» ֆիլմը, ֆիլմ՝ պատերազմի, սիրո, մեր օրերի նվիրյալների, միասնության, պետական մտածողության կերտման ու հայրենասիրության մասին՝ երեք սերունդների աչքերով:

Պրեմիերան տեղի է  ունեցել «Մոսկվա» կինոթատրոնում։ Հանդիսավոր արարողության ընթացքում ՀՀ ՊՆ ռազմական նվագախումբն է  ներկայացրել ֆիլմի սաունդթրեքը, իսկ ֆիլմի հեղինակները պատմել են կինոնկարի մասին։

Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը Ալեքսանդր Խաչատրյանն է, պրոդյուսերը՝ Դիանա Ավետիսյանը։ Սցենարը հեղինակել է Հարություն Ղուկասյանը, օպերատորն է Սուրեն Թադեւոսյանը, իսկ կոպոզիտորը՝ Արման Էլբերտը, մոնտաժը՝ Միքայել Թորգոմյանի, նկարիչ՝ Տիգրան Ասատուրով, դերերում՝ Ալեքսանդր Խաչատրյան, Լեւոն Հախվերդյան, Արմեն Մարգարյան, Մարջան Ավետիսյան, Եվա Զոհրաբյան, Շանթ Հովհանիսյան, Ալիս Կապլանջյան, Վահագն Մարտիրոսյան, Սաթենիկ Հազարյան, Նարինե Պետրոսյան, Թումաջ Դանեշ Բեհզադի եւ այլք։

 

 

Հավելենք, որ կինոնկարի գլխավոր հերոսները երեքն են՝ պապ, որդի, թոռ՝ երեք սերունդ, երեք տարբեր բնավորությունների տեր մարդիկ, որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է մերօրյա հասարակության մտածելակերպը։ Պապը՝ Արամը, պրոֆեսիոնալ զինվորական է, նախկին գնդապետ, ամբողջ կյանքը նվիրել է պետականության կառուցման գործին։ Նրա որդին՝ Գնելը, բիզնեսմեն է, մինչ օրս չի ներում հորը հայրենիքն ընտանիքից վեր դասելու համար։ Թոռը՝ Լեւոնը, վիրտուոզ երաժիշտ է, որը ոգեշնչվում է իր պապի գաղափարախոսությամբ, սակայն հերոսի կյանքում ապագան եւ հայրենիքի նկատմամբ պարտքը բախվում են իրար՝ ստեղծելով ֆիլմի հիմնական կոնֆլիկտը: Անսպասելի պատերազմը Հայաստանում խառնում է երեք սերունդների անդորրը։ Ֆիլմի ընթացքում մենք ականատես ենք լինում մի ամբողջ ազգի ողբերգությանը՝ մի ընտանիքի պատմության միջոցով:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ

Հայաստանի Հանրապետությունում սեղանի թենիսի մասսայականացման, բնակչության տարբեր տարիքային խմբերի շրջանում առողջ կենսակերպի գաղափարի արմատավորման նպատակով երկրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը: Ինչպես  հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, մրցաշարի նախապատրաստման եւ անցկացման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը:

 

ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏՈՆԵԼ

Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակն է տոնել Ավստրալիայի բաց առաջնությունում: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Կարեն Խաչանովը մրցեց Ավստրալիայի ներկայացուցիչ, աշխարհի 84-րդ ռակետ Ջեյսոն Կաբլերի հետ: Մոտ 3 ժամ ձգված մրցախաղում Խաչանովը հաղթեց 4 սեթերից հետո` 6:4, 5:7, 6:4, 6:2 հաշվով: Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» տարվա 4 գլխավոր մրցաշարերից մեկն է: Այն անցկացվում է ավստրալական Մելբուռն քաղաքում կոշտ ծածկույթի վրա: Ավստրալիայի բաց առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 1905 թվականին: 2022 թվականին Aus Open-ի տղամարդկանց մենախաղում հաղթել է Ռաֆայել Նադալը, իսկ կանանց մրցապայքարում` Էշլի Բարտին:

 

ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է

Իսպանական Մադրիդի «Ռեալ»-ը հետաքրքրված է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանով: Transfertmarkt-ի էջում գրված է, որ Մադրիդի «Ռեալ»-ը եւ Նիդերլանդների ՊՍՎ-ն այս պահին հետաքրքրված են Էդուարդ Սպերցյանի ծառայություններով: Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար»-ի ակադեմիայի սան է: Ծնվել է 2000 թվականին: 2019 թվականից հանդես է գալիս «Կրասնոդար»-ի հիմնական կազմում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին միացել է 2021 թվականին, նորամուտը հավաքականում նա նշել է Հայաստան-Ռումինիա խաղում:

 

17 ՎԱՅՐԿՅԱՆ ՉԻ ԲԱՎԱՐԱՐԵԼ

Հայաստանի դահուկասպորտի հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի մասնակից Միքայել Միքայելյանը հաջող է մեկնարկել Ուսանողական խաղերում: Համաշխարհային ուսանողական խաղերի դահուկավազքի 10 կմ ազատ ոճի մրցատարածությունում Հայաստանի դահուկավազքի հավաքական թիմի առաջատար Միքայել Միքայելյանին 26 պետությունների 82 մասնակիցների հետ համառ պայքարում ընդամենը 17 վայրկյան չբավարարեց բրոնզե մեդալակիր հռչակվելու համար: Նա իրենից առաջ է թողել միայն Նորվեգիայի եւ Ճապոնիայի ներկայացուցիչներին, որոնցից 2-րդ տեղը զբաղեցրած Բոե Մագնուսը 2016թ. Երիտասարդական օլիմպիական խաղերի չեմպիոնն է: Ի դեպ, մրցատարածության զգալի մասը Միքայելյանը եղել է  առաջատարի դիրքում:




Լրահոս