ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԱՆՓՈՒԹՈՒԹՅՈՒՆ, ՍԳԻ ԹԵՄԱՆ ՓԱԿԵԼՈՒ ՄՂՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018 թվականի տարեսկզբին, երբ Նիկոլ Փաշինյանը դեռեւս ընդդիմադիր պատգամավոր էր եւ պատեհ-անպատեհ բոլոր առիթներով քննադատում էր բանակի վարքն ու բարքը, կենցաղավարությունը, առավել մեծ խանդավառությամբ խոսում բանակի զոհերի մասին, Զինված ուժերում դժբախ պատահարի՝ շմոլ գազից թունավորման հետեւանքով մահացած զինծառայողի միջադեպը սարսափ էր համարում: Վարչապետի աթոռը զբաղեցնող Փաշինյանը, սակայն, ոչ միայն սարսափ որակումը չի տալիս Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական, 15 ժամեկտայինի կյանք խլած միջադեպին, այլեւ արագ-արագ, ոտքի վրա ցանկանում է առանց նախաքննության ավարտի ու միջադեպի բոլոր հանգամանքների պարզաբանման առաջինը հայտնել, թե ինչ է կատարվել զորամաս համարվող հյուղակում, որտեղից փրկվել են 3 հոգի, սակայն ի վիճակի չեն խոսել: 2023-ի տոնական միջոցառումների վրա միլիոնավոր դոլարներ են ծախսվել, բայց սահմանը պաշտպանող ու երկրի անվտանգությունը հսկող 18-ամյա զինվորը տանն անգամ չնմանվող ինչ-որ կացարանում է բնակվում: Թերեւս սա՛ է Նիկոլ Փաշինյանի պահած բանակի երեսը: 2 տարի առաջ, երբ ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ահազանգում էր առաջնագծի կահավորանքի մասին, Փաշինյանը գլուխ էր գովում, թե արվում է ամն բան, սակայն գաղտնի: Իրականում կառավարության անդամները, իշխանական պատգամավորներն ու ՔՊ-ական ամենատարբեր չինովնիկները շտապում են հավելավճարներ ստանալ, «վոյաժների» մեկնել ու գերթանկարժեք հարսանիքներ, կնունքներ, ծնունդներ կազմակերպել, բայց նույն այդ պահին իշխանությունը, մեկ-երկու երկրորդական պաշտոն զբաղեցնող զինվորականի աշխատանքից ազատելով, շտապում է փակել 15 ընտանիքի սգատեր դարձնելու անչափ ցավոտ թեման: Եթե իշխանությունն ինչ-որ կերպ այս ամենը կարողանար «նախկինների» հետ կապել, ապա, վստահեցնում ենք, առանց վարանելու մեղքն իր վրայից նրանց վրա կգցեր ու հանգիստ շունչ քաշելով՝ նորից կսկսեր բանակին ելակ հրամցնելու մասին անդուլ եւ անդուր տեքստերը հրապարակ բերել:

 

 

 

«Շատ անհաջող միջադեպ էր»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ-ում ԵՄ դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը՝ խոսելով հունվարի 17-ին Արցախի ճանապարհին տեղի ունեցած միջադեպի մասին: Խոսքն այն դեպքի մասին է, երբ ադրբեջանցի «էկոակտիվիստներն» Արցախի ճանապարհին կանգնեցրել էին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ երեխաներին տեղափոխող ավտոբուսը,  ներս մտել, սարսափեցրել անչափահասներին: ԵՄ դեսպանից, մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց, թե ինչ է մտածում դեպքի մասին. չէ՞ որ, ի վերջո, շատ միջազգային կոնվենցիաներ են խախտվել, անգամ այդ պահին երեխաներից մեկն ուշաթափվել է: Ի պատասխան՝ տիկին դեսպանը նշեց. «Դա շատ անհաջող միջադեպ էր, բայց ԵՄ-ն ակտիվ է ընդհանուր առմամբ. մենք փորձում ենք լուծել խնդիրը, համոզված ենք՝ միջանցքը պետք է բացվի, պետք է մարդկանց եւ ապրանքների ազատ մուտք լինի, մենք դիվանագիտական հարաբերություններ ունենք եւ փորձում ենք լուծել խնդիրը»: Մեր ճշտող հարցին՝ իսկ ինչ կասի Արցախի երեխաների ոտնահարված իրավունքների մասին, տիկին Վիկտորինը նշեց. «Կարծում եմ՝ արդեն ասացի. մենք փորձում ենք դիվանագիտական լուծում գտնել»: Իսկապես մտահոգ էր ՀՀ-ում ԵՄ դեսպանը:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի դեպքով սպասվում է կալանավորումների  շարք: ՊՆ-ում ներքին քննարկում է  եղել, որի ժամանակ նշվել է, որ հեռացումներն առաջին քայլը կլինի, որից հետո կսկսվեն կալանավորումները: Նշենք, որ երեկվա ողբերգական դեպքով աշխատանքից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Ֆրունզի Գրիգորյանը, կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Միհրան Սերգեյի Մախսուդյանը, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ թիկունքի եւ ԿՇԾ գծով, թիկունքի պետ, գնդապետ Շիրազ Գեւորգի Խաչատրյանը, հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ, գնդապետ Արթուր Սերժիկի Օհանյանը, ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետ, գնդապետ Սարգիս Ռոբերտի Մազմանյանը: Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ, պաշտպանության նախարարի հրամանով, աշխատանքից կազատվեն նաեւ բրիգադի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ռուդիկ Էդիկի Հակոբյանը, բրիգադի հրամանատարի տեղակալ թիկունքի եւ ԿՇԾ գծով, փոխգնդապետ Գոռ Սերգոյի Աղեկյանը, բրիգադի ինժեներական ծառայության պետ, կապիտան Տիգրան Նվերի Ղազարյանը, բրիգադի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Գոռ Գեղամի Սարգսյանը:

 

 

 

Գեղարքունիքի մարզում գտնվող զորամասի կացարանում բռնկված հրդեհը պատճառ դարձավ, որ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված հարցերը չզեկուցվեն եւ չքննարկվեն: Օրինակ՝ այդ հարցերից մեկով ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի անվամբ ներկայացված էր «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում կատարելու մասին հարցը:  Այս նախագծով ՆԳՆ-ն բյուջեից լրացուցիչ գումար է ուզում՝ անհրաժեշտ թվով 50 հաստիքների պահպանման ծախսերի ֆինանսավորման համար, քանի որ, հիմնավորման համաձայն, նախատեսված հատկացումների անբավարարության հետեւանքով լրացուցիչ միջոցներ նախատեսելու անհրաժեշտություն է առաջացել: Նշվում է, թե «Ներքին գործերի նախարարության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում, կենտրոնացված միջոցառումների, մոնիտորինգի եւ վերահսկողության իրականացում»  միջոցառման գծով ՀՀ պետական բյուջեով հատկացումներ առկա չեն, քանի որ օրենքն ուժի մեջ է մտել 2022թ. դեկտեմբերի 30-ին:  Նկատենք, որ ՆԳՆ-ն ունենալու է 50 հաստիքային միավոր, եւ, ըստ հաշվարկների,  ամսական կպահանջվի 2 մլն 124 հազար դրամ, տարեկան 25 մլն 488  հազար դրամ, սակայն ներկայացված նախագծով առաջարկվում է ապահովել 6 ամսվա գումարը, որը կազմում է 12 մլն 744 հազար դրամ:




Լրահոս