Եվրախորհրդարանն երեկ քվեարկությամբ մերժել է Լաչինի միջանցքի հարցով բանաձեւի լրամշակումները եւ այդպիսով ընդունել է ամբողջ բանաձեւը, որով Ադրբեջանին կոչ է անում անհապաղ բացել Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը եւ կանխել մարդասիրական աղետը:
Եվրամիության օրենսդիր մարմնի ներկայացուցիչները դատապարտում են նաեւ ռուս խաղաղապահների անգործությունը, ՄԱԿ-ին կամ ԵԱՀԿ-ին կոչ են անում փաստահավաք առաքելություն գործուղել Լաչինի միջանցք եւ հորդորում կողմերին վերսկսել խաղաղության բանակցությունները: Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության խախտման դեպքերին նվիրված լսումների շրջանակում տեղի է ունեցել քննարկում «Լեռնային Ղարաբաղում շրջափակման մարդասիրական հետեւանքները» թեմայով:
Պատգամավորները կազմել են բանաձեւի նախագիծ, որով Ադրբեջանին կոչ են անում անհապաղ դադարեցնել Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի արգելափակումը, հետագայում ձեռնպահ մնալ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ տրանսպորտային, էներգետիկ եւ հաղորդակցական կապերը խափանելու գործելակերպից, դատապարտում են ռուս խաղաղապահների անգործությունը, ՄԱԿ-ին կամ ԵԱՀԿ-ին կոչ են անում փաստահավաք առաքելություն գործուղել Լաչինի միջանցք եւ հորդորում են կողմերին Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա վերսկսել խաղաղության բանակցությունները:
Երեկ ելույթ են ունեցել տասնյակ օրենսդիրներ, եւ, առանց բացառության, նրանցից յուրաքանչյուրը խստորեն դատապարտել է թե՛ կեղծ բնապահպանական կարգախոսներով ճանապարհը փակելու ադրբեջանական կողմի գործելակերպը եւ թե՛ ճանապարհի անվտանգությունը ստանձնած ռուսական կողմի անգործությունը:
Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը Բաքվին կոչ է արել դադարեցնել շրջափակումը եւ այդպիսով կատարել 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությունը:
«120 հազար հայեր ապրում են բլոկադայի պայմաններում, հարյուրավոր ընտանիքներ չեն կարողանում միավորվել: Երեխաները չեն գնում դպրոց, մարդիկ զրկվում են պարենից եւ տարրական կարիքները հոգալու հնարավորությունից»,- ասել է Կալյուրանդը:
Բոլոր ելույթներն ավարտվել են Բաքվին ուղղված նույն պահանջով՝ «Հենց հիմա բացե՛ք միջանցքը»:
Նատալի Լուազոն Ֆրանսիայից «էթնիկ մաքրազտում» է անվանել Իլհամ Ալիեւի ռեժիմի քաղաքականությունը:
Բերտ-Յան Ռուիսենը Նիդերլանդներից նշել է, որ ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքում իրենց պարտավորությունները չեն կատարում, եւ առաջարկել է ավելացնել դիտորդների թիվը:
Ռոբերտ Հայշելը Սլովակիայից ասել է, որ Արցախում սկսվում է մարդասիրական աղետ, որը կասեցնելու միակ ուղին ճանապարհի ապաշրջափակումն է եւ բանակցությունների վերսկսումը:
Իտալացի Ֆաբիո Կաստալդոն էլ կոչ է արել միջանցքը չբացելու պարագայում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ:
Վերջին բանախոսն Ուրսուլա ֆոն դեր Լայենի ղեկավարած Եվրոպական հանձնաժողովում տրանսպորտի հարցերով հանձնակատար Ադինա-Յոանա Վալեան էր:
Նա ասել է, որ Եվրամիությունն անցյալ տարվա դեկտեմբերին՝ Լաչինի միջանցքի արգելափակման առաջին օրերից, ուշադրությամբ հետեւում է իրավիճակին: Նա նշել է միջանցքը բացելու կարեւորությունը եւ ասել, որ տեղում հիմա միայն Կարմիր խաչն է աշխատում:
Վալեան առաջարկել է վերսկսել խաղաղության բանակցությունները եւ դրանց միջոցով լուծել կողմերին մտահոգություն պատճառող բոլոր հարցերը:
Արցախից հաստատում են, որ Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Ադրբեջանի ներկայացուցչի հետ: Այդ մասին երեկ հայտարարել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ըստ նրա՝ հանդիպմանը ներկա է եղել ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար Վոլկովը:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները նախագահ Ջո Բայդենի ադմինիստրացիային կոչ են արել առավելագույն ճնշում գործադրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վրա, որպեսզի վերջ դրվի Արցախի շրջափակմանը, քանի դեռ ներկա ճգնաժամն այնտեղ աղետալի չի դարձել: Ինչպես նշել են կոնգրեսականները, հարկավոր է, որպեսզի Բայդենի ադմինիստրացիան առավելագույն ճնշում գործադրի՝ դադարեցնի Ադրբեջանին ցանկացած տեսակի ռազմական աջակցություն, ադրբեջանական ղեկավարության դեմ պատժամիջոցներ կիրառի շարունակվող ռազմական հանցագործությունների համար, օդային ճանապարհով անհապաղ մարդասիրական օգնություն հասցնի Արցախի ժողովրդին:
Կոնգրեսականները նաեւ նշել են, որ ԱՄՆ-ն պետք է դիտարկի Արցախին մարդասիրական օգնություն հասցնելու բոլոր հասանելի տարբերակները՝ ներառյալ օդային ճանապարհով բեռներ հասցնելը:
ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԻ ՏԱԼՈՒ
Երեկ՝ վաղ առավոտից, երբ պարզ դարձավ, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում, որի հետեւանքով եղան 15 զոհ եւ 3 վիրավոր, հասարակական-քաղաքական շրջանակի շատ ներկայացուցիչներ պահանջեցին նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականը: Այս պահի դրությամբ ՊՆ-ում ազատումներ կան, սակայն նախարարը դեռ իր պաշտոնին է:
Եվ, ահա, ArmLur.am-ի տեղեկություններով՝ Սուրեն Պապիկյանը հրաժարական չի տալու: Բանն այն է, որ ՔՊ-ի ներսում վստահելի մարդ չեն կարողանում այլեւս գտնել, որ Սուրեն Պապիկյանի տեղը նրան նշանակեն:
ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի եւ 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝
Գարեգին ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել 2-րդ բանակային կորպուսի հրամանատար»:
ԲԱԶՄԱԹԻՎ ՀԱՐՑԵՐ
Գիշերը Գեղարքունի մազրում տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո, ինչի պատճառով ժամկետային 15 զինծառայող է մահացել, ArmLur.am-ի տեղեկություններով՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչներն աշխատում են դեպքի վայրում, փորձում պարզել դեպքի հետ կապված բոլոր մանրամասները:
ArmLur.am-ը գրել էր, որ, ըստ իրավապահների առաջ քաշած նախնական վարկածի, վաշտի հրամանատարը բենզինը լցրել է վառարանի մեջ, ինչից հետո կրակից նաեւ ձեռքն է բռնկվել, ու վախենալով իրավիճակից՝ ձեռքի՝ բենզինով լի շիշը շպրտել է տան մեջ, ինչից հետո էլ պայթյուն ու հրդեհ է բռնկվել:
ArmLur.am-ի տեղեկությունը կառավարության նիստի ժամանակ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, սակայն եթե անգամ նախնական այս վարկածը մոտ է իրականությանը, միեւնույնն է, հարցեր են առաջանում:
Նախ՝ ինչպե՞ս է ստացվում, որ վաշտի հրամանատարը վառելիքի հետ վարվելու տարրական գիտելիքներ չունի ու չգիտի, որ բենզինը խիստ հրավտանգ է:
Երկրորդ՝ հրդեհի բռնկումից հետո զինծառայողներն ինչո՞ւ չեն կարողացել վազել, փախչել, դուրս գալ շինությունից ու փրկվել:
Երրորդ՝ ծխի փոքր քանակության առկայության դեպքում անգամ բոլոր տեսակի շինություններում պետք է հակահրդեհային համակարգն աշխատի: Եղե՞լ է արդյոք հակահրդեհային համակարգ, գործե՞լ է այն, թե՞ ոչ:
Չորրորդ՝ շինության ներսում եղե՞լ է արդյոք տարհանման սխեմա, ու դրան արդյոք ծանո՞թ են եղել զինվորները, ըստ որի էլ կկարողանային լքել շինությունը:
Հարցերի շարքն իհարկե կարելի է շարունակել…
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է
Հունվարի 16-ին Դիլիջան համայնքի ավագանու որոշմամբ՝ Դիլիջան համայնքի ավագանու՝ 2022 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 236-Ա «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ենթակայությամբ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը եւ պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» որոշման թիվ 4 եւ թիվ 5 հավելվածներում կատարվել են փոփոխություններ. թիվ 4 եւ թիվ 5 հավելվածների 14-րդ տողում պարուսույցի դրույքաչափը «125000» -ի փոխարեն պետք է կարդալ «105000»։ 2022թ. դեկտեմբերի 1-ին, ավագանու որոշմամբ, Դիլիջանի համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի աշխատավարձը 2023 թվականի համար սահմանվել է ամսական 465 հազար դրամ։