ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԵՐԿՈՒ ՔՈԼԵՋ ԿԱՐԴԻԱԿԱՆԱՑՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը եւ Արաքսիա Սվաջյանն ընդունել են Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրայի գլխավորած պատվիրակությանը:

 

Հանդիպմանը քննարկվել են համագործակցության հեռանկարները, ընթացիկ եւ նախատեսվող ծրագրերը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով հյուրերին, կարեւորել է Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությունը՝ ուղղված կրթության ոլորտի զարգացմանը: «Հաստատվել է «ՀՀ կրթության՝ մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիր»-ը, որի գործողությունների պլանի հաստատումից հետո զարգացման գործընկերների հետ քննարկումներ ենք ունենալու եւ սկսելու ենք համագործակցության նոր փուլ ծրագրի իրականացման նպատակով»,- նշել է նախարարի տեղակալը՝ ավելացնելով, որ այս առումով ակնկալվում է Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցություն:

Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ «ՀՀ կրթության՝ մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիր»-ը մշակվել է հետեւյալ ռազմավարական ուղղություններով՝ համընդհանուր ներառականություն,  սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծում ՀՀ ամբողջ տարածքում, կրթության արդյունավետության բարձրացում: Ծրագիրն անդրադառնում է կրթության բոլոր մակարդակներին` նախադպրոցականից մինչեւ բարձրագույն կրթություն: Նախարարի տեղակալը նաեւ նշել է, որ գործողությունների պլանի հաստատման համար սահմանվել է եռամսյա վերջնաժամկետ:

Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրայը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ ընդգծել, որ ԵՄ-Հայաստան երկխոսության համատեքստում կրթության ոլորտն առաջնայիններից մեկն է. «Կրթության բոլոր ուղղությունները Կենտրոնական Եվրոպայում մեր բանկի ներդրումային գործունեության հիմնական ուղղվածություններից են: Կրթության ոլորտին մենք իսկապես մեծ ուշադրություն ենք դարձնում, տրամադրում ենք ոչ միայն ֆինանսական, այլեւ փորձագիտական աջակցություն»,- ասել է Մաչեյ Չուրայը եւ պատրաստակամություն հայտնել համագործակցելու լրացուցիչ ու շարունակական կրթության իրականացման, ինչպես նաեւ ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման ուղղություններով:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված բարեփոխումները, ինչպես նաեւ նախնական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտի առաջնային խնդիրներն ու զարգացման ուղղությունները:

Նշվել է, որ Եվրոպական միության աջակցության ծրագրերի շրջանակում դիտարկվում են Սյունիքում կրթական նոր մոդելի ներդրման եւ հանրակրթության նոր չափորոշչի տեղայնացման հարցերը: Անդրադարձ է եղել Եվրոպական ներդրումային բանկի հետ նոր համագործակցության մեկնարկին, որի շրջանակում նախատեսվում են Սյունիքի տարածաշրջանային եւ Գորիսի պետական քոլեջների վերանորոգում, արդիականացում եւ վերազինում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կարեւորել է Սյունիքի մարզի երկու քոլեջներում ներդրումային ծրագրերի շուրջ համաձայնության ձեռքբերումը՝ շեշտելով, որ նախնական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտը ռազմավարական կարեւոր ուղղություններից մեկն է:

Կողմերը քննարկել են Եվրոպական ներդրումային բանկի հետ հնարավոր այլ համագործակցության հեռանկարները:

 

 

 

 

ՀԱՑԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակ համարվող հացի արտադրության ծավալները փոքր-ինչ նվազել են:

ArmLur.am-ը պաշտոնական վիճակագրական աղբյուրներից պարզեց, որ նախորդ տարվա հունվար-նոյեմբերին Հայաստանում արտադրվել է 238 հազար 821 տոննա հաց, մինչդեռ 2021 թվականի նույն ժամանակահատվածում արտադրվել է 240 հազար 7 տոննա հաց:

Այսինքն՝ հացի արտադրության ծավալները անցյալ տարվա 11 ամիսներին, 2021 նույն ժամանակահատվածի համեմատ, 0.5 տոկոսով է նվազել:

Ի դեպ, տեղեկացնենք, որ նույն ժամանակահատվածում մակարոնեղենի արտադրության ծավալներն են աճել 3 տոկոսով:

ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում անցյալ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին արտադրվել է 4854 տոննա մակարոն, սակայն մակարոն արտադրողները խիստ մտահոգված են, որովհետեւ հայկական ողջ շուկան ողողված է դրսից ներկրվող մակարոնով, եւ տեղական արտադրողները չեն դիմանում մրցակցությանը։ Նշենք, որ ռուսական արտադրության մակարոնը մեր շուկայում մեծ տեսակարար կշիռ ունի։ Հայաստանում մակարոն արտադրելու համար տնտեսվարողները մեծ ծախսեր են անում, իսկ այն ներմուծողներն ավելի շատ են օգտվում: Արդյունքում տեղական արտադրողները չեն կարողանում իրենց ունեցածը սպառել կամ էլ այն իրացնում են ավելի էժան` այդպիսով մեծ վնասներ կրելով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ

Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի ներդրման շրջանակում փետրվարի 1-ից նախատեսվող գործընթացն իրականացնող մասնագետների առաջին խումբը հանձնել է քննություն ու ընդգրկվել անձի ֆունկցիոնալության գնահատման աշխատանքներում։

Հիշեցնենք, որ նախարարությունը ձեւավորել է անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների ռեեստր։ Այն նախատեսված է բժիշկների, ինչպես նաեւ հարբժշկական ծառայություն մատուցող մասնագետների համար, որոնք, ծանոթանալով հաշմանդամություն ունեցող անձանց ոլորտում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես՝ հաշմանդամության սահմանման նոր մոդելին, հնարավորություն կունենան իրականացնել իրենց աշխատանքները նոր համակարգով։

Ռեեստրում ընդգրկված մասնագետները մասնակցել են նախարարության, Եվրոպական միության SOCIEUX+ բաղադրիչի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) աջակցությամբ՝ Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից կազմակերպված շարունակական վերապատրաստման դասընթացներին, որոնց ընթացքում ձեռք բերած տեսական եւ գործնական գիտելիքը կիրառել են հաշմանդամության փորձնական գնահատման գործընթացում։

 

 

 

ԴՐՈՇԸ  ՎԵՐՋԱՊԵՍ  ՓՈԽԵՑԻՆ

Տավուշի մարզի Կիրանց եւ Ոսկեպար գյուղերի սահմանին՝ Հայաստան Վրաստան միջպետական ավտոճանապարհի եզրին գտնվող բլրին  տեղադրված եռագույն դրոշը պատռված էր։ Սահմանագոտում Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշը տեղադրվել էր մեկ տարի առաջ ՊՆ  զինվորականների կողմից։  Օրերս պատռված դրոշի փոխարեն նորն են  տեղակայել: Այդ փոխարինումը պետք էր ավելի շուտ անել։

 

 

 

 

ԹԱՓՈՒՐ  ՏԵՂԵՐՆ  ԱՎԵԼԱՆԱԼՈՒ ԵՆ

Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներից հայտնեցին, որ դպրոցների տնօրենները մանկավարժներին հայտնել են, որ 2023թ. սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնելու  այն որոշումը, որ հանրակրթական դպրոցներում պետք է դասավանդեն միայն բարձագույն կրթություն  ունեցողները։ Նոր ուսումնական տարուց դպրոցներում կարող են դասավանդել նաեւ բարձրագույն, ոչ մանկավարժական կրթություն ունեցողները, որոնք առվազն 5 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժ ունեն եւ մասնագիտական վերապատրաստումների ընթացքում  հավաքել են առնվազն 30 կրեդիտային միավոր։ Որոշումը պետք է կիրառվեր դեռեւս 2018 թվականին, սակայն այն ժամանակ դրա կիրարկումը  5 տարով հետաձգվել է։  Տավուշի մարզպետարանից ստացված տվյալներով՝ մարզի 76 հանրակրթական դպրոցներում առկա է ուսուցիչների 27 թափուր հաստիք՝ Մաթեմատիկա, Քիմիա, Կենսաբանություն, Ֆիիզիկա, Անգլերեն, Ռուսերեն, Պատմություն, Արվեստ, Բնագիտություն, Ինֆորմատիկա, Շախմատ, Տեխնոլոգիա, Երաժշտություն  առարկաների գծով։ Եթե  նշված որոշումը գալիք ուսումնական տարվա մեկնարկից սկսի կիրառվել, Տավուշի մարզի հեռավոր, սահմանամերձ փոքր դպրոցներում շատ առարկաների ուսուցիչների թափուր տեղեր են առաջանալու: Սահմանամերձ փոքր դպրոցներում  առարկաներ կան, որոնք 20 եւ ավելի տարի դասավանդվում են  ուսուցիչների կողմից, որոնք, սակայն, չունեն բարձրագույն կրթություն, մանկավարժական տեխնիկում կամ քոլեջ են ավարտել: Ուսուցիչների ոչ բարձր աշխատավարձի պատճառով մանկավարժական բուհեր ավարտածների  գերակշիռ մեծամասնությունը  իր աշխատանքային կենսագրությունը սկսում  է  ոչ թե հանրակրթական դպրոցներում, այլ ուրիշ բնագավառներում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս