Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի հեղինակած նոր «The Small States Club» («Փոքր երկրների ակումբ») գիրքը հայտնվել է 2023 թվականի ամենասպասված 15 գրքերի շարքում։ Ցանկը կազմել է հեղինակավոր Diplomatic Courier-ը` հարթակ, որտեղ քննարկվում են միջազգային հարաբերություններին, դիվանագիտությանը, տեխնոլոգիաներին, կլիմային, բիզնեսին առնչվող կարեւորագույն հարցերն ու ոլորտի հեռանկարները։
«The Small States Club» («Փոքր երկրների ակումբ») գիրքը, որը լույս կտեսնի 2023 թվականին, պատմում է այն մասին, թե ինչպես կարող են փոքր երկրներն իրենց հաստատուն ու վճռական դերակատարումն ունենալ միջազգային ասպարեզում։
«Ավելի փոքր չափերը թույլ են տալիս ունենալ արձագանքելու ավելի մեծ կարողություն, փորձարկումներ ու նորարարություններ անելու հնարավորություն, ինչպես նաեւ քաղաքական փոփոխությունները չափել շատ ավելի արագ, քան իրենց ավելի խոշոր գործընկերները։ Իհարկե, փոքր լինելն ունի նաեւ բացասական կողմեր, որոնցից «նավարկությունը» միջազգային հարթակներում վերջին տեղում չէ, հարթակներ, որոնք ստեղծված են ու գործում են՝ ի շահ ավելի խոշոր երկրների։ Ասում են՝ Սարգսյանի գիրքը մասամբ հուշագրություն է եւ մասամբ՝ հարգանքի տուրք Հայաստանին՝ երկիր, որն առաջիկա տարիների պարտադիր այցելությունների իմ ցանկում է»,- գրքի մասին այսպես է գրում հոդվածի հեղինակ Ջոշուա Հումինսկին։
«The Small States Club» գրքի հրատարակիչ Hurst ընկերությունը գրքի մասին համառոտագրում նշում է, որ այն ավարտվում է Հայաստանի մասին պատումով. «Որպես կիսով չափ հուշագրություն, կիսով չափ մանիֆեստ՝ այն հուզիչ հայացք է աշխարհի ամենահին քրիստոնեական երկրին, որը միաժամանակ ներկայացնում է հնագույն քաղաքակրթություն, փոքր պետություն եւ համաշխարհային ազգ»:
Ի՞ՆՉ Է ՊԱՏՄՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ
Երեկ մահացած 15 զինծառայողներից Ռոստոմ Ասրյանը Լոռու մարզի Հոբարձի բնակավայրից է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Հոբարձի վարչական ղեկավար Կարեն Լալազարյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ Ռոստոմ Ասրյանը տարի եւ մեկ ամսվա զինծառայող էր, ուներ քույր եւ եղբայր: Ընտանիքն ապրում էր նորմալ պայմաններում:
«Ինչ ասեմ, շատ լավ երիտասարդ էր, ինչքան դրական բնավորության հատկանիշ կա, ինքն ուներ.. Չգիտեմ…»,-ասաց նա:
Նշենք, որ գիշերը՝ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո, ինչի պատճառով ժամկետային 15 զինծառայող է մահացել, ArmLur.am-ի տեղեկություններով, իրավապահ համակարգի ներկայացուցիչներն այս պահին աշխատում են դեպքի վայրում, փորձում պարզել դեպքի հետ կապված բոլոր մանրամասները:
ArmLur.am-ը գրել էր, որ, ըստ իրավապահների առաջ քաշած նախնական վարկածի, վաշտի հրամանատարը բենզինը լցրել է վառարանի մեջ, ինչից հետո կրակից նաեւ ձեռքն է բռնկվել, ու վախենալով իրավիճակից՝ բենզինով լի շիշը շպրտել է տան մեջ, ինչից հետո էլ պայթյուն ու հրդեհ է բռնկվել:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՆՈՐ ԱՆԴԱՄ՝ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Լիբանանի Այնճար գյուղի հոգեւոր հովիվ Հայր Մեսրոպ վարդապետ Թոփալյանը, որը բազմաթիվ աշխատությունների հեղինակ է, հունվարի 18-ին դարձավ Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ եւ գրական վաստակի համար ՀԳՄ մեդալի արժանացավ: Միջոցառմանը Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց՝ ծանոթացել է հեղինակի «Դանիէլ Վարուժան՝ հոգեբանութեան ծիրէն ներս» գրքին, որում բազմաթիվ հարցերի պատասխաններ է գտել: «Սա հրաշալի գիրք է, եւ ես զարմացած եմ, որ գրված է համահայկական միջավայրում, սակայն գիտական աշխատանքներին պատշաճ չեն արձագանքել: Մենք կարծում ենք՝ ճանաչում ենք մեր սփյուռքահայ ստեղծագործողներին, սակայն բացթողումներ են լինում: Կան մեծանուն ստեղծագործողներ, սակայն նրանց անուններն ու ստեղծագործություններն այնքան էլ տարածված չեն»,-շեշտեց Միլիտոնյանը: Նրա խոսքով՝ Հայր Մեսրոպ վարդապետ Թոփալյանն ավելի քան 70 աշխատությունների հեղինակ է: Ըստ Միլիտոնյանի՝ նա մեծ ներդրում ունի հայ գրական, մշակութային, հոգեւոր ասպարեզների զարգացման գործում:
ԵՐԿՐՈՐԴ ՀԱՂԹԱՆԱԿ
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի չեմպիոն Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության 1/16 եզրափակիչ։ Նա 23-րդ անընդմեջ հաղթանակը տարավ այս մրցաշարում։
Աշխարհի 5-րդ ռակետը մրցեց աշխարհի 191-րդ ռակետ ֆրանսիացի Էնզո Կուակոյի հետ եւ առավելության հասավ չորս սեթում՝ 6:1, 6:7 (7:5), 6:2, 6:0։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 55 րոպե։
Սերբ թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը, որը 6:3, 6:2, 6:0 հաշվով պարտության է մատնել սերբ Լասլո Ջերեին։ Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 51,3 միլիոն դոլար է։
ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է ՌԵԿՈՐԴԸ
Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն չեմպիոն «Միլանին» խփած գոլի շնորհիվ գերազանցել է Թուրինի «Յուվենտուսի» նախկին հարձակվող, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի տարիքային ռեկորդը Իտալիայի Սուպերգավաթում։
Ջեկոն գոլի հեղինակ է դարձել 36 տարեկան եւ 307 օրականում. հաղորդում է իտալական Ա Սերիայի մամուլի ծառայությունը։ Ռոնալդուն Իտալիայի Սուպերգավաթում գոլ էր խփել 35 տարեկան եւ 350 օրականում։
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում տեղի ունեցած խաղում «Ինտերը» «Միլանին» հաղթել է 3:0 հաշվով եւ 7-րդ անգամ նվաճել Իտալիայի սուպերգավաթը։