Ամերիկայի Միացյալ նահանգների, Գերմանիայի ու Եվրոպական Միության այլ երկրների ղեկավարները մինչև Ուկրաինային տանկեր տրամադրելն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ 2022-ի դեկտեմբերին ԱՄՆ կատարած այցը, անհամաձայնություն են ունեցել՝ պաշտոնական Կիևին տանկեր տրամադրելու հետ կապված: Այս մասին Politico լրատվականն է գրում՝ հավելելով, որ Արևմուտքի երկրների ու ԱՄՆ ղեկավարության անհամաձայնությունն ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենն է «հարթել»՝ շտապելով առաջինը տանկեր ուղարկել Ուկրաինա:
Բեռլինի ու Վաշինգտոնի դիսկուրսի առանցքը, պարբերականի տեղեկություններով, այն է եղել, թե կհամաձայնե՞ն արդյոք կողմերը միաժամանակ ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին:
Զելենսկին ԱՄՆ այցի ժամանակ նախագահ Բայդենին խնդրել էր տանկեր ու հրթիռներ տրամադրել Ուկրաինային, բայց Սպիտակ տանը կայացած հանդիպումներից հետո պարզ է դարձել՝ ամերիկյան չինովնիկները Կիևին հրթիռներ չեն տրամադրի ու կբավարարվեն միայն տանկեր ուղարկելով: Հենց այդ ժամանակ էլ ԱՄՆ ղեկավարությունն իր առջև խնդիր է դրել՝ Արևմուտքի անդամ պետություններին համոզել նույնպիսի սցենարով առաջանորդվել: Եվ ըստ լրատվականի տեղեկությունների՝ հենց դա էլ պատճառ է եղել ԱՄՆ-ԵՄ հարաբերություններում որոշակի «ճաքեր» առաջանալու համար:
Ի դեպ, հավելում է պարբերականը, տարակարծություն ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև է եղել, այլ հենց ԱՄՆ ներսում՝ պետական տարբեր գերատեսչությունների միջև: Այսպես՝ ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչներն այն համոզմանն են եղել, որ նպատակահարմար չէ Կիևին «Abrams» տանկեր մատակարարել, քանի որ դրանք մշտապես սարքին պահելը դժվար է, իսկ ուկրաինացիներին մեքենայի հետ կապված տեխնիկական հարցերը սովորեցնելը ժամանակատար ու բարդ է լինելու: Պենտագոնի այս տեսակետը, մեղմ ասած, դուր չի եկել Բայդենի աշխատակազմի՝ պաշպանական արդյունաբերության հարցերով զբաղվող պաշտոնյաներին:
Սևակ Վարդումյան