Երեկ ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար նշանակվեց Վահան Կոստանյանը, որը նախկինում նախարարի խորհրդական էր։ Նկատենք՝ նա իշխանության հերթական կադրերից է, որն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից։
Նախորդ տարի ԱԺ նիստում այս մասին հայտնել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ընթերցելով ՊՆ-ից ստացված իր հարցման պատասխանը: Մանուկյանը հիշեցրեց, որ Վահան Կոստանյանը 2018-ին ասպիրանտուրա ընդունվելու համար երեք տարի ժամկետով տարկետման իրավունք էր ստացել, այդ ընթացքում եղել է խորհրդարանի նախագահի օգնականն ու խորհրդականը:
«Երեք տարի գիտությամբ չզբաղվելուց հետո մայիսին դիմումով դուրս է գրվել ասպիրանտուրայից: Ես նախարարությանը հարցրել էի՝ արդյոք այս տարվա ամառային զորակոչին Կոստանյանը զորակոչվել է զինված ուժեր, թե ոչ, որովհետև հիմա արդեն աշխատում է որպես ԱԳ նախարարի խորհրդական: ՊՆ-ից տեղեկացրել են, որ նա ազատվել է զինծառայությունից օրենքով սահմանված հիմքով: Մանրամասները չգիտեմ ինչ պատճառով, բայց Վահան Կոստանյանն ազատվել է զինծառայությունից»,- ասաց Գեղամ Մանուկյանը: Ներկաներն էլ արձագանքել էին, թե հիվանդության պատճառով։
Նշենք, որ հեղափոխությունից հետո Կոստանյանը Արարատ Միրզոյանի հետ պաշտոններ է ստանում։ Նա առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի պաշտոնից 2018-ին սեփական դիմումի համաձայն ազատվել էր հենց գիտությամբ զբաղվելու համար։ Ապա Կառավարությունը 42 քաղաքացու, այդ թվում Վահան Կոստանյանին տարկետման իրավունք էր տվել ասպիրանտուրայում ուսանելու համար:
Դրանից հետո Կոստանյանը նշանակվեց Արարատ Միրզոյանի՝ այդ ժամանակվա ԱԺ նախագահի օգնական, ապա` խորհրդական, ապա նրա հետ եկավ ԱԳՆ։
«Ժողովուրդ» օրաթերթը դեռ նախորդ տարվա նոյեմբերին էր գրել, որ Հայաստանի արտաքին քաղաքականությանն առնչվող հիմնական հարցերը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանն է որոշում: Հենց Կոստանյանն է արտոնում ՀՀ արտաքին քաղաքականության հետ կապվող բոլոր տեքստերը, այդ թվում՝ թե՛ միջազգային գործընկերներին ուղղված արձագանքները, թե՛ մամուլի առանձին հաղորդագրությունները:
«Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի իշխանական պատգամավորները, արտգործնախարարության աշխատակիցներն ու ընդհուպ՝ վարչապետ Փաշինյանի աշխատակազմը իրենց հայտարարությունները, տեքստերը այդ քննարկումների համար նախատեսված խմբում են տեղադրում, որ Կոստանյան Վահանն աչքի տակ անցկացնի, իր համաձայնությունը տա, ապա նոր հրապարակվեն դրանք»,- ասել էր ՔՊ-ամերձ մեր աղբյուրը:
Ն.Հ.