Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս երեք բուժառու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնից երեք հիվանդ՝ «Ստամոքսի անտրալ հատվածի քաղցկեղ` ռեգիոնար լիմֆատիկ հանգույցների ախտահարումով», «Ձախ կրծքագեղձի քաղցկեղ» և «Զույգ ծնկների վալգուսային դեֆորմացիա, վիճակ հեմիէպիֆիզեոդեզից հետո» ախտորոշումներով, հունվարի 27-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Ինչպես տեղեկանում ենք նախարարության տարածած հաղորդագրությունից, Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 9 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 13 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։

Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 49 հիվանդ։




Լրահոս