Երբ կկայանա նոր ՄԻՊ-ի ընտրությունը. ինչ է սահմանում օրենքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն չորրորդ օրն է՝ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թափուր է: ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ որեւէ խմբակցությունում ՄԻՊ թեկնածու չի  առաջադրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ թեկնածուները կարող են առաջադրվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:  Ընդ որում, ՄԻՊ-ին առաջադրելու իրավունք ունեն ԱԺ բոլոր խմբակցությունները: Նրան ընտրելու համար խորհրդարանում անհրաժեշտ է 65 ձայն եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը միայնակ կարող է ապահովել անհրաժեշտ ձայները, իսկ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները միասին 35 պատգամավոր ունեն։

Նրան ընտրելու կարգը սահմանում է «Ազգային ժողովի կանոնակարգ»  հոդված 145-ը: Թեկնածուին նախ պետք է հավանություն տան Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովում, ապա հարցը կմտնի լիագումար նիստերի օրակարգ։ Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում պաշտպանի ընտրություններն անցկացվում են պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 1 ամսվա ընթացքում:

Իսկ ինչ է այժմ կատարվում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում:  «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՄԻՊ-ին պետք է փոխարինի աշխատակազմի դեպարտամենտի տարիքով ամենաավագ աշխատակիցը։ Եվ ահա, ՄԻՊ աշխատակազմից Հրապարակ-ին փոխանցել էին, որ Քրիստինե Գրիգորյանին փոխարինելու եւ մինչեւ նոր ՄԻՊ-ի ընտրությունը օմբուդսմենի պարտականությունները ժամանակավոր կատարելու է աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը։ Նա ՄԻՊ հնաբնակներից է:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս