Ցուրտ ձմռան պայմաններում Ադրբեջանի կողմից շրջափակման, գազամատակարարման և էլեկտրամատակարարման խափանման պատճառով Արցախի բնակիչները, որպես ջեռուցման և սնունդ պատրաստելու այլընտրանքային տարբերակ, ստիպված սկսել են իրենց բնակարաններում փայտի վառարաններ տեղադրել։
Այդ հարցում պետությունը իր սուղ հնարավորությունների սահմաններում աջակցել է բնակչությանը։
Այս մասին ասվում է Արցախի օպերատիվ շտաբի՝ շրջափակման 47-րդ օրվա տեղեկագրում:
Արդեն 135 քաղաքացի ստացել է ընդհանուր առմամբ 346 խորանարդ մետր վառելափայտ: Քաղաքացիներին տրամադրվել է նաև 26 կոմպլեկտ-վառարան։
Հիշեցնենք՝ երեկ Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը վերականգնվել է: Սակայն հաշվի առնելով մասնակի գազամատակարարման հանգամանքը՝ շրջանների գազի մատակարարումը դադարեցվել է: Նման որոշումը պայմանավորված է էներգետիկ համակարգի մեծ ծանրաբեռնվածությամբ։
Ադրբեջանական կողմը, գրեթե ամենօրյա ռեժիմով խափանելով և մասնակի վերականգնելով Արցախ մուտք գործող միակ գազատարի աշխատանքը, ակնհայտ հոգեբանական ահաբեկչություն է իրականացնում Արցախի խաղաղ բնակչության դեմ։