Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ նախատեսվում է լայնածավալ փոփոխություններ իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքում․ Օրենսգրքի 266 հոդվածից փոփոխվելու է 122-ը։ Նախագիծը հավանության է արժանացել Կառավարության կողմից։
Նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն կարգավորել աշխատողների և գործատուների իրավահարաբերությունները, լուծել իրավակիրառ պրակտիկայից բխող խնդիրներն ու օրենսգրքի կարգավորումները հնարավորինս համապատասխանեցնել Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին։
Ըստ այդմ՝
• առաջարկվում է վերանայել գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը և հանել կենսաթոշակային տարիքը լրանալու կապակցությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը (բացառելու աշխատանքային պայմանագրի լուծումը տարիքով հիմնավորելու հանգամանքը)։ Միաժամանակ հստակեցվում են կենսաթոշակային տարիքում գտնվող աշխատողների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու կարգավորումները․ ի տարբերություն գործող կարգավորումների, որում տրված չէ գործատուին հնարավորություն կենսաթոշակառուներին աշխատանքի ընդունել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով, նախագծով նախատեսվում է գործատուին տալ այդ իրավունքը։
• աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում (աշխատանքային պայմանագրերի լուծման պարագայում) աշխատանքում մնալու նախապատվության իրավունք է նախատեսվում սահմանել հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի, ինչպես նաև ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակմամբ հաշմանդամության կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողի կամ զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամի (ամուսին, երեխա, հայր, մայր, հարազատ քույր, հարազատ եղբայր, տատ, պապ) համար։ Ընտանիքի անդամների համար ևս սահմանվում են որոշակի պայմաններ՝ նախապատվության իրավունքի համար։
• աշխատողի հանգստի ապահովման՝ Օրենսգրքով նախատեսված երաշխիքի պահպանման նպատակով՝ նախատեսվում է, որ եթե աշխատողը երկուսուկես տարի անընդմեջ խուսափում կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի տրամադրումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում, ապա գործատուն արձակուրդ է տրամադրում առանց աշխատողի դիմումի։ Միաժամանակ առաջարկվում է գործատուի կողմից աշխատողին տուժանք (ժամկետից հետո կետանցված յուրաքանչյուր օրվա համար՝ աշխատողի միջին ամսական աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան միջին ամսական աշխատավարձը) վճարելու պահանջ այն դեպքերի համար, երբ գործատուն աշխատողին շուրջ երկուսուկես տարի չի տրամադրում արձակուրդ:
• աշխատողին հնարավորություն է տրվում աշխատատեղը պահպանելով, ուսման ողջ ժամանակահատվածում, բայց ոչ ավելի քան երկու տարի, գործատուի համաձայնությամբ ուսումնական արձակուրդ ձևակերպելով՝ օտարերկրյա ուսումնական հաստատություններում բարձրացնելու իր մասնագիտական որակավորումը կամ ձեռք բերելու անմիջականորեն աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված նոր գիտելիքներ կամ զարգացնելու դրանք:
• առաջարկվում է վերանայել նաև աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը։ Այդ հիմքով աշխատանքային պայմանագրի լուծման հնարավորություն է նախատեսվում այն դեպքերի համար, երբ աշխատավայրում կամ աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում աշխատողը խախտել է աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության մասին կանոնները, որի հետևանքով վտանգվել է անձանց կյանքն ու առողջությունը, ինչպես նաև, երբ աշխատողն անօրինական օգտագործել է գործատուի համակարգչային տեխնիկան կամ տեղեկատվական համակարգերը, որի միջոցով ձեռք է բերել աշխատանքային կամ անձնական տվյալներ և իրականացրել է տվյալների անօրինական օգտագործում, որոնք խաթարել են գործատուի բնականոն աշխատանքը:
• հստակեցվում են մինչև 18 տարեկան անձանց աշխատանքին առնչվող կարգավորումները։ Մասնավորապես, նախատեսվում է վերանայել և կրճատել աշխատող երեխաների աշխատանքային ժամերի տևողությունները և հստակ սահմանվել, որ երեխաները կարող են աշխատել միայն պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս։
• հնարավորություն է տրվում ոչ թե մինչև մեկ, այլև երկու տարեկան երեխա խնամող աշխատողին իրավունք տալ նվազեցնելու իր աշխատաժամանակը,
վերանայվել է երեխային կրծքով կերակրող կնոջը մինչև երեխայի մեկուկես տարին լրանալը, երեխային կերակրելու համար յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվող լրացուցիչ ընդմիջման մասով կարգավորումը։ Մասնավորապես, հանվել է երեխային կրծքով կերակրելու պայմանը և նախատեսվել, որ բացի հանգստի և սնվելու համար տրամադրվող ընդմիջման ժամերից, յուրաքանչյուր երեք ժամը մեկ, կես ժամից ոչ պակաս տևողությամբ լրացուցիչ ընդմիջում է տրամադրվում մինչև երկու տարեկան երեխա ունեցող կնոջը՝ այդ ընդմիջումների տևողությունը պայմանավորելով միայն երեխայի տարիքով, այլ ոչ թե նաև երեխային կերակրելու հանգամանքով։ Միաժամանակ հարկ է նկատել, որ նշված կարգավորումը նախատեսող դրույթում մեծացվել է նաև երեխայի տարիքային շեմը մեկուկես տարեկանի փոխարեն՝ երկու տարեկան։
• նախատեսվում են կարգավորումներ՝ կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունների, աշխատավարձից պահումների և գանձումների դեպքերի, աշխատանքային պայմանագրի լուծման դեպքերի, աշխատանքային հարաբերություններում բռնության կամ ոտնձգության հասկացության սահմանման, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայից բխող մի շարք խնդիրների վերաբերյալ։