ԱՄՆ-ը չի բացառում Ուկրաինային F-16 կործանիչների մատակարարումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ը չի բացառում «Ուկրաինային սպառազինությունների որևէ կոնկրետ համակարգերի մատակարարումները», հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի՝ անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ջոն Ֆայները՝ պատասխանելով MSNBC հեռուստաալիքի այն հարցին` արդյոք Վաշինգտոնը դիտարկում է Կիևին կործանիչներ մատակարարելու հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։ Ֆայներն ընդգծել Է, որ Ուկրաինային օգնությունը կցուցաբերվի՝ այդ երկրի պահանջներին համապատասխան։ «Մենք շատ հանգամանորեն դա կքննարկենք», – հավելել Է Բայդենի խորհրդականը՝ մեկնաբանելով Կիևին մարտական ինքնաթիռներ փոխանցելու ուկրաինական կողմի կոչերը։

Ուկրաինա ամերիկյան կործանիչներ ուղարկելը հնարավոր են համարել նաև ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունում: «Մենք, անշուշտ, ոչինչ չենք պատրաստվում հանել օրակարգից», – հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Սաբրինա Սինգհը հունվարի 26-ին կայացած ճեպազրույցում՝ պատասխանելով Ուկրաինային F-16 կործանիչների հնարավոր փոխանցման վերաբերյալ հարցին։

Միևնույն ժամանակ Սինգհն ընդգծել Է, որ F-16-ը սպառազինությունների բարդ համակարգ Է, որը պահանջում Է երկարատև ուսուցում: «Մենք տալիս ենք ՀՕՊ համակարգեր, ուկրաինացիներին սովորեցնում ենք Patriot (խմբ.՝ զենիթահրթիռային համալիրների) հետ աշխատել։ Մենք տեսել ենք, թե նրանք ինչ անհավանական ձևով են օգտագործել մի շարք օդային հնարավորություններ, որոնք տրամադրում ենք ոչ միայն մենք, այլև ուրիշ երկրներ։ Ինչ վերաբերում է հետագա քայլերին, ապա ես չեմ պատրաստվում առաջ ընկնել օգնության որևէ փաթեթից, որի մասին դեռ չի հայտարարվել, կամ նախագահի ու պաշտպանության նախարարի որոշումներից»,- հավելել Է Սաբրինա Սինգհը:

Ավելի վաղ Ուկրաինայի փոխարտգործնախարար, Գերմանիայում նախկին դեսպան Անդրեյ Մելնիկը հայտարարել էր, որ տանկերից բացի՝ Կիևին անհրաժեշտ կլինեն կործանիչներ, ռազմանավեր և սուզանավեր՝ ռուսական ուժերին հետ մղելու համար։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրեսե-ը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Արևմուտքից ինքնաթիռներ և հրթիռներ է խնդրել:

Politico հրատարակության տվյալներով՝ Ուկրաինա գերմանական և ամերիկյան տանկեր ուղարկելու որոշումից հետո ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են Կիևին մարտական ​​ինքնաթիռներ մատակարարելու հնարավորությունը՝ չնայած հետագա էսկալացիայի մտավախություններին։

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել Ուկրաինային կործանիչներ մատակարարելու հարցում, եթե համատեղ նման որոշում ընդունեն ՆԱՏՕ-ի երկրները։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բացառել է Ուկրաինային կործանիչ ինքնաթիռներ մատակարարելու հարցը՝ նշելով, որ հարկավոր է խուսափել հետագա ռազմական էսկալացիայից:




Լրահոս