ԶՈՐԱՄԱՍԻ ԿՐԱԿԸ ԱՐԱԳ Է ՏԱՐԱԾՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023թ. hունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի, դրա հետեւանքով նույն վաշտի զինծառայողների մահվան, մի քանի զինծառայողների տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։

 

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել են ողբերգության հանգամանքները, մասնավորապես՝ հրդեհի առաջացման, զինծառայողների մահվան պատճառները, կացարանում հակահրդեհային կանոնները պահպանված լինելու վիճակը, պատասխանատու պաշտոնատար անձանց շրջանակը պարզելու, նրանց գործողություններին եւ հնարավոր անգործությանն իրավական գնահատական տալուն ուղղված գործողություններ։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչությունում ձեւավորվել է քննչական խումբ։

Հունվարի 19-ի գիշերը՝ դեպքից կարճ ժամանակ անց, քննիչների եւ փորձագետի կողմից սկսվել եւ մինչեւ օրվա առաջին կեսը շարունակվել են դեպքի վայրի զննության աշխատանքները։ Դրանց ընթացքում հայտնաբերվել եւ վերցվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող բազմաթիվ առարկաներ։ Հարցաքննվել են մի շարք ականատես վկաներ։

Քրեական վարույթի շրջանակներում այս պահի դրությամբ կատարված քննչական, վարութային գործողություններով, այդ թվում նաեւ՝ հարցաքննված ականատես-վկաների ցուցմունքներով պարզվել են դեպքի վերաբերյալ էական մի շարք հանգամանքներ։

Մասնավորապես, ըստ ստացված նախնական տվյալների՝ ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտը 2021 թվականի մայիսի 13-ից տեղակայվել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տներից մեկում։ Տունը բաղկացած է եղել նախասրահից եւ երկու սենյակներից, որոնցից մեկը ծառայել է որպես զինանոց, իսկ մյուսը՝ զորանոց, որտեղ տեղադրված են եղել երկհարկանի զինվորական մահճակալներ։ Տան ջեռուցումն իրականացվել է փայտի վառարանի միջոցով, որը տեղադրված է եղել նախասրահում։

2023 թվականի հունվարի 18-ին զորամասի ինժեներական ծառայության սպա կապիտանը նշանակվել է ինժեներասակրավորային վաշտի պատասխանատու եւ իր ծառայությունը կատարել է նշված կացարանում։ 18.01.2023 թվականին՝ ժամը 18։00-ի սահմաններում, ինժեներասակրավորային վաշտի անձնակազմը, ավարտելով իրեն հանձնարարված աշատանքները, վերադարձել է հիշյալ կացարան եւ ժամը 21։30-ից սկսած՝ պառկել է քնելու։ 19.01.2023 թվականին՝ ժամը 00։40-ի սահմաններում, անձնակազմի հիմնական մասը գտնվել է զորանոցում՝ քնած, իսկ 2 ժամկետային զինծառայող վարորդները գնացել են աղբյուրից ջուր բերելու։ Օրվա հերթապահը գտնվել է կացարանից քիչ հեռու գտնվող խոհանոցում եւ խոսել է բջջային հեռախոսով։ Այդ ընթացքում վաշտի պատասխանատու կապիտանը հերթապահ ժամկետային զինծառայողից հարցրել եւ տեղեկացել է վառարանը վառելու նպատակով ավտոկայանատեղիում ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի գործարկման սարքավորումը (մեկնարկիչը) լիցքավորելու համար նախատեսված ավտոբենզինի առկայության մասին։ Այնուհետեւ 5 լիտր տարողությամբ պլաստամասե տարայում գտնվող ավտոբենզինով փորձել է վառել վառարանը։

Այս հանգամանքը փաստվում է նաեւ վկաների տված ցուցմունքով առ այն, որ այդ հատվածում եղել է բենզինով լցված 5-լիտրանոց 10 տարա, մինչդեռ դեպքի վայրի զննությամբ այնտեղ հայտնաբերվել է 9-ը։

Վառարանն ավտոբենզին լցնելուց հետո բոց է բռնկվել, որի հետեւանքով պատասխանատու կապիտանը, այրվածքներ ստանալով, մեխանիկորեն իր ձեռքի ավտոբենզինով լի տարան նետել է մի կողմ, որն ընկել է կացարանի մեջ, ապա տվյալ օրվա վերակարգում գտնվող մեկ այլ ժամկետային զինծառայողի հետ, որը նույնպես ստացել է այրվածքներ, մի կերպ կարողացել են դուրս գալ կացարանից։

Կացարանի ողջ տարածքով կրակի արագ տարածման հետեւանքով զինծառայողները չեն կարողացել կացարանի մուտքով դուրս գալ, սակայն դրսում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողները կարողացել են 2 ժամկետային զինծառայողի օգնել դուրս գալ զորանոցից։

Դրսում գտնվող ժամկետային զինծառայող վարորդներից մեկը «Ուրալ» մակնիշի ավոտմեքենայով երկու անգամ հարվածել է կացարանի պատին անցք բացելու եւ համածառայակիցներին այնտեղից դուրս բերելու նպատակով, որի արդյունքում պատի որոշակի հատված քանդվել է։ Կրակի արագ տարածման պատճառով կացարանում գտնվող մյուս զինծառայողներին չեն կարողացել դուրս բերել, որի հետեւանքով թվով 15 ժամկետային զինծառայողներ մահացել են։ Նրանց դիերը դուրս են բերվել հրդեհը մարվելուց հետո։

Նախաձեռնված քրեական վարույթով որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու եւ նմուշ ստանալու մասին, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվելու են բոլոր միջոցները նաեւ հանրությանը հետաքրքրող հարցերի պատասխանները վարույթի շրջանակում լիարժեք ստանալու համար։ Այդ նպատակով մամուլում տեղ գտնող՝ դեպքին առնչվող, իրենց մեջ կոնկրետություն պարունակող հրապարակումները եւս դարձվելու են ստուգման առարկա։

 

 

ԾԽԱԽՈՏ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ ԿՎԵՐԱՀՍԿՎԵՆ

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն մտադիր է վերահսկել ծխախոտային արտադրատեսակների շարժը շրջանառության մեջ մտնելուց մինչեւ վաճառք:

 

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանում այս տարվա մարտի 1-ից ծխախոտային արտադրատեսակները նույնականացման միջոցներով կդրոշմավորվեն: Սա թույլ կտա վերահսկել յուրաքանչյուր միավոր ապրանքի շարժը շրջանառության մեջ մտնելուց մինչեւ սպառում, իսկ տեղեկությունը կփոխանցվի ՀՀ պետական եկամուտների կոմիտե։ Ակցիզային դրոշմավորման դեպքում ապրանքի վերաբերյալ տեղեկությունը ամբողջական չի փոխանցվում ՀՀ պետական եկամուտների կոմիտե։

Նշենք, որ այս մասին որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն: Պետական այս կառույցում հույս ունեն, որ կկրճատվի ստվերը, եւ կեղծ ապրանքների շրջանառությանը վերջ կդրվի։

Արդյոք տնտեսվարողները կողմ կլինեն այս որոշմանը՝ ցույց կտա ժամանակը, բայց չի բացառվում, որ այս ամենի արդյունքում լրացուցիչ ծախսեր առաջանան:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԶՈՀՎԱԾՆԵՐԻՑ ԵՐԿՈՒՍԸ՝ ՏԱՎՈՒՇԻՑ

Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող ինժեներասակրավորային վաշտի կացարանում բտկված հրդեհի հետեւանքով զոհված 15 ժամկետային զնծառայողներից  2-ը Տավուշի մարզի բնակիչ էին։ Դիլիջան քաղաքի Գետափնյա 88 շենքի բնակիչ, 2003թ. ծնված Գոռ Մարտիրոսյանը  մեկ տարվա զինծառայող էր։ Նա սովորել է  Դիլիջանի թիվ 2 դպրոցում. Դիլիջանի բնակիչները  հայտնում են, որ Գոռը հիանալի, օրինակելի անձնավորություն էր, բարի, համեստ, լավ սովորող, դաստիարակված, հարգված ու սիրված էր։ Նա գեղեցիկ նկարներ էր արարում, սովորում էր Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանում, Գոռի հայրը արհեստավոր- շինարար է, մայրն աշխատում է թխվածքի արտադրամասում։ Գոռը ընտանիքի միակ որդին էր, Մարտիրոսյանների ընտանիքն աղջիկ ունի։ Հրդեհից զոհված Պավլիկ Աբազյանը Իջեւան խոշոր համայնքի սահմանամերձ Աչաջուր գյուղից էր։ Նա եւս ընտանիքի միակ տղան էր, Պավլիկի քույրը՝ Մարիանան, 2022թ. դեկտեմբերի 25-ին է ամուսնացել, հարս գնացել Իջեւան քաղաք, այդ ժամանակ Պավլիկն արձակուրդ է գնացել Աչաջուր, մասնակցել քրոջ հարսանիքին։ Պավլիկը 19 տարեկան էր, կյոկուշինկայ կարատեի Հայաստանի եռակի չեմպիոն էր, նրա ֆեյսբուքյան էջում  բազմաթիվ լուսանկարներ կան իր մարզումներից եւ մրցումներից։ Պ. Աբազյանը զորակոչվել էր 2021 թվականի ամռանը,  ծառայել էր տարիուկես, 2023-ի ամռանը պետք է զորացրվեր։ Պ. Աբազյանի ծնողները գնացել են հրդեհի վայր, սակայն չեն կարողացել ճանաչել իրեն որդու մարմինը. դիակը նույնականացնելու համար նշանակվել է ԴՆԹ փորձաքննություն։

 

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Ստեփան Խոսրովի Օհանյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ Ն զորամասի ժամկետային զինծառայող, պարտավոր լինելով զորամասի հրամանատարի 2022թ.  հուլիսի 21-ի թիվ 697 հրամանի համաձայն մեկնել կարգապահական վաշտ եւ կրել սահմանված տույժ, բացահայտ ձեւով հրաժարվել է զինվորական ծառայության առանձին պարտականության կատարումից՝ տույժ կրելու համար կարգապահական վաշտ մեկնելուց։ Ս. Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 529 հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել զինվորական հսկողության հանձնելը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս