Հունվարի 19-ին Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված շինության ներսում վառարանն ավտոբենզինով վառելու ընթացքում հրդեհ էր բռնկվել: Հրդեհի հետեւանքով անձնակազմից 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ են մահացել: Նույն զորամասի վեց պարտադիր ժամկետային զինծառայողներ եւ մեկ սպա տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել:
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջի Stories բաժնում գրառումներ է կատարել՝ անդրադառնալով բոթերի ու գույժերի անվերջանալի երթին:
«Անտանելի էր էս օրը…, բոթերի անվերջանալի երթը, բայց սարսափելին այն է, որ «այս օրն» արդեն անվերջանալի 5 տարի է, ու հույս չկա, թե ողբերի էս փակ շրջանից է՛լ երբեւէ դուրս կգանք… մրոտ ու քրքրված մի ժող ջան՝ խաղալիք դարձած կիսագրագետ մի մարիոնետի կողմից, որին թշնամի բոլոր երկրները ոնց ուզում, խաղացնում են, ինքն էլ շնորհակալությամբ խաղում է՝ իրական կյանքեր տալով իր պարտքի դիմաց»:
«Մտքերը գոռում են վրաս: Իմ սիրած լռությունը դարձել է գերեզման ինձ համար… Հայ ժողովուրդը՝ խեղճ ու անդեմ, որ արդեն 4 երկար տարի է ապրում է գերեզմանում, բայց դե երկնքում հրավառություն է, ու իրենց ուտող որդերին ու փտող մարմինն ու փտած հոգիները չեն նկատում: Կարեւորը մարդակեր դեւերը երջանիկ են, պարգեւավճար-բիզնես տեղում ու վերջում էլի.. Թումանյանի քառյակը հիշեցի՝ Աստված պահի քեզ որդի, ո՞նց էր համը իմ ձագի: Անմեղ զոհերի երկիր», – գրել է Նազենի Հովհաննիսյանը: Նշենք, որ ինժեներասակրավորային վաշտի կացարանում ամսի 19-ին բռնկված հրդեհից հետո Պաշտպանության նախարարությունում մի շարք պաշտոնանկություններ են եղել: Աշխատանքից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Ֆրունզի Գրիգորյանը, կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Միհրան Սերգեյի Մախսուդյանը, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ թիկունքի եւ ԿՇԾ գծով, թիկունքի պետ, գնդապետ Շիրազ Գեւորգի Խաչատրյանը, հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ, գնդապետ Արթուր Սերժիկի Օհանյանը, ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետ, գնդապետ Սարգիս Ռոբերտի Մազմանյանը:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
Երգահան եւ պրոդյուսեր Զառա Պետրոսյանի «Խաղ ու պար» մանկապատանեկան երգերի ժողովածուում ընդգրկվել են 24 երգի նոտագրումներ, բառեր, ինչպես նաեւ դրանց գործիքավորումներ, որոնք հասանելի են QR կոդերի միջոցով:
Գրքի շնորհանդեսը տեղի կունենա հունվարի 21-ին Գեղագիտության ազգային կենտրոնում:
Ժողովածուն պատրաստվել է «երեխաների կողմից, երեխաների համար» սկզբունքով. այն ամբողջությամբ նկարազարդել են Հովհաննես Գասպարյանի, Քրիստինա Ավետիսյանի եւ Մարինա Շահումյանի գեղարվեստական ստուդիաների սաները:
«Երեխաների հետ աշխատանքը, նրանց տաղանդների բացահայտումն ինձ ոչ միայն տալիս է ապրելու ու արարելու կորով, այլեւ նրանց դարձնում է իմ ստեղծագործությունների համահեղինակ. ես ոգեշնչվում եմ հենց մեր հրաշք բալիկների հետ աշխատանքով: Այս գիրքը տարբեր տարիներին գրված ստեղծագործություններիս ընտրանին է: Սրանով ցանկանում եմ երգերն առավել մատչելի դարձնել մեր երկրում բնակվող, երաժշտական ներուժ ու ձիրք ունեցող բոլոր երեխաների համար: Դա է պատճառը, որ նախատեսում ենք այն տարածել հայաստանյան դպրոցներով՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ժողովածուն երաշխավորված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից՝ որպես ուսումնական նյութ»,- նշում է Զառա Պետրոսյանը:
Դաշնամուրային նվագակցության հեղինակը Լիանա Փիրումյանն է, գրքի ձեւավորումն իրականացրել է Հասմիկ Մովսիսյանը:
Երեւանյան շնորհանդեսը տեղի կունենա Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ: Հաջորդ շնորհանդեսները նախատեսվում են Շիրակի մարզում, Սյունիքում եւ այլ մարզերում: Ժողովածուն լույս է տեսել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կրթական նախաձեռնությունների աջակցության ծրագրերի շրջանակում:
ՈՉ ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Նյու Մեքսիկոյի շրջանի դատախազ Մերի Քարմակ-Ալթվեյսը հայտարարել է, որ որոշել է մեղադրանք առաջադրել դերասան Ալեք Բոլդուինի եւ նկարահանող խմբի զինագործին «Ժանգը» ֆիլմի նկարահանման հրապարակում կին օպերատորի սպանության համար:
««Ժանգը» ֆիլմի դերասան եւ պրոդյուսեր Ալեք Բոլդուինն ու զինագործ Հաննա Գուտերեշ-Ռիդին մեղադրանք կառաջադրվի 2021 թվականին Սանտա Ֆե կոմսությունում նկարահանումների ժամանակ Գալինա Հաթչինսի ոչ կանխամտածված սպանության երկու գործով», – ասվում է Քարմակ-Ալթվեյսի հայտարարության մեջ:
Նա հավելել է, որ մեղադրանքը կներկայացվի մինչեւ ամսվա վերջ, իսկ դատապարտման դեպքում պատիժը կարող է լինել մինչեւ մեկուկես տարվա ազատազրկում եւ 5000 դոլար տուգանք: Հիշեցնենք, որ «Ժանգը» ֆիլմի նկարահանումների ընթացքում զենքը, որը պետք է լիցքավորված լիներ ոչ մարտական փամփուշտներով, կրակել է՝ վիրավորելով օպերատորի եւ ռեժիսորի: Օպերատորը մահացել է, ռեժիսորը ծայրահեղ վիճակում էր:
ԱՆՃԱՆԱՉԵԼԻ ԹԻՄ
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկբանել է 4:2 հաշվով կամային հաղթանակը Լոնդոնի «Տոտենհեմի» նկատմամբ Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից տեղափոխված խաղում:
«Մենք հեռու ենք այն թիմից, որն ունեինք նախորդ մրցաշրջաններում: Այսպիսի սխրանքներն ամեն խաղում չեն լինում: Անճանաչելի է դարձել իմ թիմը:
Նախկինում ունեինք կիրք եւ վազելու ցանկություն: Մենք հեռու ենք առաջին տեղի համար մրցակցությանը մասնակից լինելուց: Այս անգամ հաջողությունը ժպտաց մեզ»,- ասել է Գվարդիոլան:
19 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 42 միավորով երկրորդն է եւ 5 միավոր հետ է առաջատար «Արսենալից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել: «Տոտենհեմը» 20 խաղից հետո ունի 33 միավոր եւ 5-րդն է:
«ԲՐԱՅԹՈՆԸ» ՀՐԱԺԱՐՎԵԼ Է
Լոնդոնի «Չելսին» փորձում է ձեռք բերել «Բրայթոնի» 21-ամյա էկվադորցի կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյին:
«Չելսին» առաջարկել է 62 միլիոն եվրո, սակայն մերժում է ստացել: «Բրայթոնը» Կայսեդոյի վաճառքը հնարավոր է համարում ամռանը ավելի բարձր գնով:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Կայսեդոն մասնակցել է 17 հանդիպման, խփել է 1 գոլ:
«Բրայթոնը» Պրեմիեր լիգայի նախորդ խաղում 3:0 հաշվով հաղթել էր «Լիվերպուլին» եւ 30 միավորով 7-րդ տեղում է: «Չելսին» 10-րդն է՝ 28 միավոր: