Քաղաքական իշխանությունները հանրությանը շեղում են բուն օրակարգից: Բանն այն է, որ երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եւս մեկ միջնորդություն է ներկայացրել Ազգային ժողովի նախագահին: Այս անգամ դատախազը միջնորդել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին հարցին համաձայնություն տալու վերաբերյալ: Հունվարի 20-ին նման միջնորդություն երեք դրվագով ներկայացվել էր նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի մասով: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միջնորդություններ կլինեն նաեւ նույն խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի եւ Գեղամ Մանուկյանի մասով: Իսկ ո՞րն է իշխանությունների նպատակը: Ակնհայտ է, որ քաղաքական իշխանությունը նպատակ ունի շեղել հանրության ուշադրությունը երկրում կատարվող իրադարձությունների հանդեպ: Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 12-ից փակ է Լաչինի միջանցքը, իսկ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ համայնքում տեղի ունեցած ողբերգական միջադեպով դեռ շատ հարցեր մնում են անպատասխան, եւ այսպես, կարծես թե, իշխանությունը շեղում է ուշադրությունը: Ինչպես հայտնի է, բոլոր միջնորդությունները պետք է քննարկվեն հերթական նստաշրջանի առաջին նիստի օրը, այս դեպքում՝ փետրվարի 7-ին: Հենց այդ նստաշրջանում մի քանի ժամ միայն այս քննարկումն է տեւելու՝ կարեւոր այլ օրակարգային հարցերը մի կողմ թողած: Նկատենք՝ Արմեն Չարչյանի գործը վերաբերում է հայտնի Հաց բերողին՝ Արթուր Սարգսյանին, եւ, ամենայն հավանականությամբ, այն վաղեմության ժամկետով կարճվելու է. Գեղամ Մանուկյանին իր հայտարարությունների համար կալանավորել չեն կարող, իսկ, ահա, Իշխան Սաղաթելյանին կալանավորելն էլ կդիտվի քաղաքական՝ հաշվի առնելով, որ նա ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ է, եւ լայն արձագանք կունենա քայլը: Սեյրան Օհանյանին կալանավորելու ցանկություն եւ որոշում եղել է, սակայն քաղաքական իշխանությունն այս հարցով էլ որոշել է նրան այս փուլում չկալանավորել, այլ միայն քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն ներկայացնել: Ֆիքսենք՝ նախորդ դեպքերում, երբ դատախազությունը կոնկրետ պատգամավորի մասով միջնորդություն է ներկայացրել ԱԺ, եղել է երկու մասից բաղկացած՝ մեկով միջնորդել են անձեռնմխելիությունից զրկել պատգամավորին՝ քրգործում որպես մեղադրյալ ներգրավելով, մյուսով ազատությունից զրկելու միջնորդություն է եղել: Այդպես է եղել թե՛ նախկին պատգամավորներ Մանվել Գրիգորյանի, թե՛ Գագիկ Ծառուկյանի մասով, իսկ այս դեպքում միջնորդությունները վերաբերում են միայն անձեռնմխելիությունից զրկելուն, ինչը ենթադրել է տալիս, որ պատգամավորները չեն կալանավորվի: Այս ամենը պարզապես շոու է՝ հասարակությանը զբաղեցնելու համար:
15 զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհից հետո ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականի մեծ պահանջ բարձրացավ հանրության ամենատարբեր շերտերի մոտ: Թեեւ հասարակության զայրույթը զսպելու համար իշխանությունները միջադեպից ժամեր անց, չսպասելով անգամ քննության ավարտին, բարձրաստիճան զինվորականներ աշխատանքից ազատեցին, բայց սա «չի փրկում» Պապիկյանին: Հասարակությունը ողբերգական միջադեպի առաջին պատասխանատու համարում է Պապիկյանին եւ պահանջում նախարարի հրաժարականը: Հասարակության զայրույթը թեժացավ հատկապես այն բանից հետո, երբ Պապիկյանը դեպքից միայն 2-3 օր անց գնաց Գեղարքունիք՝ իրավիճակին ծանոթանալու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ մի թեւն անհանգստացած է Պապիկյանի հրաժարականի պահանջից ու փորձում են հարցուփորձով հասկանալ՝ ով է կանգնած Պապիկյանի հրաժարականի թիկունքում, այսինքն՝ ում համար է ազատվում ՊՆ նախարարի աթոռը: Նկատենք, որ ՔՊ-ականները ջանք ու եռանդ չեն խնայում իրենց կուսակցին արդարացնելու եւ հանրային զայրույթը պարպելու համար: Միջադեպի հաջորդ օրը՝ առավոտյան, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, անդրադառնալով Պապիկյանի պահանջին, հայտարարեց, որ այդ հարցը տեղին չէ, չպետք է նախարարին «քավության նոխազ դարձնենք»: Արփի Դավոյանն էլ հրապարակում է Պապիկյանի լուսանկարը եւ ստատուս ձոնում նրան՝ ասելով, թե Պապիկյանի իրականացրած բարեփոխումների արդյունքում նման ցավալի դեպքեր չեն կրկնվի բանակում: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ երեկ լրագրողների հետ զրույցում փորձեց ապահովագրել Պապիկյանին՝ ասելով, թե նա որեւէ կերպ չի կարող այս ամենի հետ կապ ունենալ: Մեզ հասած տեղեկություններով՝ ՔՊ-ում այս պահին դեռեւս Սուրեն Պապիկյանին փոխարինող անձ չեն գտնում:
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող կացարանում 15 զինծառայողի մահվան գործով ՀՀ քննչական կոմիտեն Պաշտպանության նախարարությունից կոնկրետ փաստաթղթեր է առգրավել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Քննչական կոմիտեն վերցրել է այն հրամանը, որտեղ նշված է եղել զինծառայողների՝ կացարաններում հակահրդեհային անվտանգության կանոնները պահպանելու մասին: Հիմա ՔԿ-ն շղթայով գնում է առաջ՝ հասկանալու համար՝ եթե Պաշտպանության նախարարությունը համապատասխան հրահանգ է տվել, որից հետո զորամասի շտաբի պետը ՊՆ-ի համապատասխան հրահանգի մասին տեղյակ է պահել զորամասի ղեկավար կազմին, որպեսզի ապահովվեն հակահրդեհային կանոնները, ապա ովքե՞ր չեն կատարել համապատասխան հրահանգը: Նկատենք՝ դեպքից անցել է 4 օր, սակայն մինչ օրս դեռեւս գործով մեղադրյալ չկա, միայն հարցաքննվածներ են: Հիշեցնենք, որ 2023թ. hունվարի 19-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի, դրա հետեւանքով նույն վաշտի 15 զինծառայողների մահվան, մի քանի զինծառայողների՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Քաղհասարակությունը, ընդդիմությունը չեն հավատում իշխանության առաջադրած վարկածին, հատկապես՝ դեպքի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի տպավորիչ շարադրանքից հետո:
ՔՊ-ի «սրտի օլիգարխ» Նարեկ Նալբանդյանը երեկ եկել էր խորհրդարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օլիգարխը ԱԺ է եկել թիկնապահների ուղեկցությամբ, սակայն թիկնապահներին թույլ չի տրվել մտնել խորհրդարանի շենքից ներս: Վերջինիս այցի ժամանակ երթեւեկությունն է անգամ խաթարվել, քանի որ նրա ավտոշարասյունը ճանապարհներ է փակել՝ խցանումներ առաջացնելով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջինս խորհրդարանում հանդիպել է ՔՊ խմբակցության պատգամավոր, Եվրասիական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վաղարշակ Հակոբյանին, որը զբաղեցնում է հանձնաժողովի նախագահի թափուր սենյակը: Մեր աղբյուրները հայտնեցին, որ վերջինս Վաղարշակ Հակոբյանի մոտ է գնացել ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հորդորով: Ինչպես հայտնի է, Նարեկ Նալբանդյանը հենց գործող իշխանությունների աջակցությամբ է դարձել օլիգարխ: Իշխանությունների շնորհիվ նա ձեռք է բերել Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով «փակովի» տարբերակով: Նարեկ Նալբանդյանը նաեւ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կալանքի տակ գտնվող առանձնատան վաճառքի գնորդն էր. այդ գործարքը կատարվել էր կասկածելի ճանապարհով եւ պայմաններում։