ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶԻՆՎՈՒՄ Է, ՄԵՆՔ՝ ՈՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասում է, որ ՀԱՊԿ-ի զորավարժությունները Հայաստանում չանցկացնելու ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Հայաստանի զինված ուժերը չվերազինելու մասին հոխորտանքներն ուղիղ կապ ունեն իրար հետ:

 

Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ՌԴ ցամաքային զորքերի ստորաբաժանումները մասնակցելու են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ զորավարժություններին, որոնք կանցկացվեն Հայաստանում։

«Ռուսաստանի Դաշնությունից դուրս՝ Հայաստանի տարածքում, կանցկացվի ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորումների «Անխորտակելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունը»,- ասվում էր հաղորդման մեջ։ Արցախի շրջափակումից հետո Հայաստանի Հանրապետությունը մերժել էր զորավարժություններ անցկացնելու առաջարկը։

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ։

-Պարո՛ն Աբրահամյան,  վերջերս մտահոգություն էիք հայտնել, թե 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմը բավականին մեծացրել է իր զենքերի արսենալը,  մեծ գումարներ է ծախսել դրա վրա։ Այդ նույն օրն էլ հայտարարություն եղավ ՀՀ վարչապետի կողմից,  թե ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում տեղի չեն ունենա։ Սրանք երկուսը մեկը մյուսի հետ որքանո՞վ են կապված այն դեպքում,  երբ Ադրբեջանը զբաղված է այլ հարցերով, իսկ մենք ոչ այդքան առաջին պլանում ենք դա դիտարկում։

-Իշխանությունները շատ վատ դիրք են բռնել՝ հայտարարելով, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները՝ կլինեն զորավարժությունների կամ այլ տեսքով, Ադրբեջանին դրդում են դիմելու մարտական գործողությունների կամ ագրեսիայի։ Եթե Հայաստանի իշխանությունը (եւ կապ չունի, թե որ իշխանությունը)  առաջնորդվի այս սկզբունքով եւ նայի, որ իր ցանկացած քայլը, որն ուղղված է ռազմական զինուժի ու պոտենցիալի մեծացմանը, չպետք է անի,  քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան այլ տեսակետ կարտահայտեն եւ վատ կվերաբերվեն, ապա այդ երկիրը ուղղակի գոյատեւելու հնարավորություն չի ունենա։ Ադրբեջանը հայտարարում է իր զինված ուժերը մինչեւ 2025 թվականը Թուրքիայի բանակի հետ ինտեգրելու, միասնական բանակ ունենալու, կառավարման համակարգ ունենալու եւ մարտունակության չափանիշները եւս նրան հասցնելու մասին։  Իսկ թե Հայաստանը ինչ կանի՝ ելնելով Թուրքիային եւ Ադրբեջանին սիրաշահելուց,  չի անի ՀԱՊԿ զորավարժություններ,  թե կանի, Ադրբեջանը իր առջեւ դրել է նպատակ եւ գնում է այդ նպատակի հետեւից։

-ՀԱՊԿ-ում զորավարժություն տեղի չունենալու մասին հայտարարությունը կապվա՞ծ է արդյոք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն բարձրագոչ հայտարարությունների հետ,  թե Հայաստանը քիչ քանակությամբ տեխնիկա, զինանոց եւ զինուժ պետք է ունենա։

-Իհարկե, կապված է, եւ Հայաստանը փորձում է ցույց տալ, որ ինքը ռեւանշի գնալու ցանկություն չունի։ Սակայն այստեղ ոչ թե ռեւանշի հարցն է, այլ քո երկրի քաղաքացիներին,  քո ժողովրդին  պաշտպանելու մասին է: Երբ Հայաստանի կողմից հայտարարություն է արվում Արցախի մասին, այնպիսի տպավորություն է, թե խոսք է գնում մի երկրի մասին, որի հետ առհասարակ կապ առկա չէ, եւ Հայաստանն այդ երկրին նայում է ափսոսանքով,  բայց ազդելու որեւէ ազդեցություն չունի։ Եթե Հայաստանն ասում է, որ Արցախին կարող է միայն սոցիալապես օգնել, իսկ անվտանգային հարցերը վերագրում է բոլորին, բացի իրենից, նշանակում է, որ հետագայում էլ Հայաստանի Հանրապետության ցանկացած մարզում՝ սկսած Գեղարքունիքից, վերջացրած Սյունիքով, նոր հարձակումներ կարող են լինել։ Այդպիսիք եղել են 44-օրյա պատերազմից հետո.  գիտեք՝ երեք խոշոր հարձակումներ են եղել, ինչի ժամանակ, ցավոք, թե՛ զոհեր, թե՛ տարածքային կորուստներ են եղել։

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

ԵՄ-Ն ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՂԱՐԿԻ ՀԱՅԱՍՏԱՆ 

ԵՄ ԱԳ նախարարները հավանություն են տվել Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը Կովկասում կարգավորմանը նպաստելու համար: Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի՝ երկուշաբթի տարածած հայտարարության մեջ։

 

«Եվրամիության խորհուրդը (արտգործնախարարների մակարդակով) այսօր համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) ստեղծման մասին, որի նպատակն է լինելու բարձրացնել վստահությունը Հայաստանի սահմանամերձ շրջաններում եւ ստեղծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը նպաստող պայմաններ»,- ասված է հայտարարությունում։

 

ԵՄ արտաքին ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքով՝ ԵՄ առաքելության ստեղծումը «նոր փուլ է բացում Հարավային Կովկասում ԵՄ ջանքերում»։

«Առաքելության մանդատն է իրականացնել մշտական պարեկություն եւ (Բրյուսելին) զեկուցել իրավիճակի վերաբերյալ, ինչը կբարձրացնի ԵՄ-ի կողմից տեղում իրավիճակի ըմբռնումը: Առաքելությունը կնպաստի Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդական ջանքերին»,- ասված է հայտարարության մեջ։

Առաքելության մանդատը նախատեսված է երկու տարով, նրա ղեկավարը կնշանակվի մոտ ապագայում։ Բաքուն, ի տարբերություն նախորդ երկամսյա առաքելության, այս մեկին հավանություն չի տվել, ավելին՝ Ադրբեջանի նախագահը օրեր առաջ քննադատել էր նախաձեռնությունն ու պնդել, թե եվրոպացիներն իրենց խաբել են:

«Մենք Պրահայում քննարկել ու համաձայնել էինք, որ այդ առաքելությունը լինելու է կարճաժամկետ, քառասուն մարդուց բաղկացած եւ շարունակվելու է միայն երկու ամիս, բայց հետո ինչ?-ինչ պատճառներով այս համաձայնությունը խախտվեց, ինչը, անշուշտ, խիստ հիասթափեցնող է: Մենք լուրջ մարդիկ ենք, եւ եթե պայմանավորվել ենք, թեկուզ` բանավոր, պետք է խոսքը պահել: Ի՞նչ է նշանակում երկարաձգել առաքելությունը առանց մեզ հետ համաձայեցնելու. չէ՞ որ դա մեր սահմանների մոտ է լինելու», – ասել էր Իլհամ Ալիեւը։

Ալիեւը նաեւ պնդել էր, թե այդ քայլով Եվրամիությունը անվտանգությանը չի նպաստում, փոխարենը կասկածի տակ է դնում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ սկսված բանակցությունները Հայաստանի հետ: Դրանք, ի դեպ, դադարել են դեռ անցած ամիս, երբ Բաքուն չեղարկեց դեկտեմբերի յոթին նախատեսված հանդիպումն ու հրաժարվեց մեկ սեղանի շուրջ նստել Ֆրանսիայի նախագահի հետ: Հիմա Ալիեւը սպառնում է նույնը անել նաեւ Եվրամիության դեպքում:

Ակնկալվում է, որ Եվրամիության դիտորդները Հայաստան կժամանեն հաջորդ ամիս, առաքելությունը կսկսվի փետրվարի 20-ից:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԵՐԿՈՒ ԴԱՏԱՎՈՐ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս տարվա առաջին կեսին ՀՀ բարձրագույն դատական խորհրդի երկու դատավոր անդամները կլքեն իրենց պաշտոնները: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ 2023 թվականի ապրիլին լրանում է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներ Սերգեյ Չիչոյանի եւ Անի Մխիթարյանի պաշտոնավարման ժամկետները, ուստի նրանք կհեռանան ԲԴԽ-ից: Նկատենք, որ Ստեփան Միքայելյանի պաշտոնավարման ժամկետը եւս լրանում է ապրիլին, սակայն նա նախընտրեց ավելի շուտ դիմում գրել եւ հեռանալ պաշտոնից: Այսպիսով, ԲԴԽ գիտնական անդամների բոլոր թափուր տեղերն այսօրվա դրությամբ լրացված են, իսկ դատավորների համար նոր պայքարի դաշտ է բացվում:

 

 

 

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կնքահայրությամբ, այս տարվա մարտի 26-ին կրկին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կացկացվեն: Նախորդ տարվա սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ընտրություններից հետո ավագանու մանդատներ ստացած քաղաքական երեք ուժերն այդպես էլ իրար հետ լեզու չէին գտել, ու Անիում իշխանություն չէր ձեւավորվել: Շիրակի մարզի 19 բնակավայրեր ներառող Անի խոշորացված համայնքում ՔՊ-ն, որ ավագանու ութ մանդատ էր ստացել ու զիջում էր 10 մանդատ ստացած «Ազգ-համայնք» դաշինքին, ըստ երեւույթին, ցանկանում է նույն սցենարն իրագործել, ինչ որ Թալինում արեց։ ՔՊ-ն Թալինում հնարավոր բոլոր մեթոդներով նախ տապալեց ընդդիմադիրների հավանական կոալիցիան, ապա իր թեկնածուին համայնքի պաշտոնակատար նշանակեց, ու արդեն թալինյան երկրորդ ընտրությունների ժամանակ վերջինս համայնքապետ ընտրվեց։ ՔՊ-ի՝ Անիի ընտրություններում հաղթանակ չտարած թեկնածուն՝ Արամ Սարիբեկյանը, վարչապետի՝ 2022-ի դեկտեմբերի 8-ի որոշմամբ՝ Անիի համայնքապետի պարտականությունները կատարող պաշտոնակատար է նշանակվել։ Համաձայն ՔՊ-ի կողմից գործի դրվող սցենարի՝ ենթադրելի է, որ Սարիբեկյանը մինչեւ մարտ ամիս տեղը տեղին կուսումնասիրի համայնքային ենթակառուցվածքները, համայնքապետի լիազորություններն ի շահ իրեն ու առաջիկա ընտրությունների գործի կդնի ու արդեն երկրորդ փորձից համայնքապետ կընտրվի։ Այսինքն՝ հավանական է, որ այստեղ նույնպես քաղաքական իշխանությունն անելու է հնարավորը կառավարման ղեկն իր ձեռքը վերցնելու համար։ Իհարկե, հնարավոր է, որ Սարիբեկյանը, արդար մղումներ ունենալով, համայնքապետի որեւէ լծակ էլ հանուն իրեն կամ ՔՊ-ի չօգտագործի, բայց դա պարզելու համար նախեւառաջ լրագրողների հետ պետք է շփվի։




Լրահոս