ԿԱՐԵՎՈՐ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՏԵՂԻ ՉՈՒՆԵՑԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը երեկ խորհրդարանում քննարկում էր կազմակերպել՝ «ՀՀ Զինված ուժերի ներկա վիճակի, բանակում առկա խնդիրների, դրանց լուծման ընթացքի եւ ուղիների վերաբերյալ» թեմայով:

 

Քննարկմանը հրավիրված են եղել ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, սակայն ՊՆ ներկայացուցիչները չեն եկել նիստին, եւ, հետեւաբար, նիստը տեղի չունեցավ: Բացման խոսքով հանդես եկավ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը.

Երեկվա քննարկումը, որը տապալվեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ջանքերով, վկայությունն է այն պարզ իրողության, որ հայկական բանակը իրապես բարձիթողի վիճակում է։ Հունվարի 17-ին հրավեր է ուղարկվել ՀՀ ՊՆ-ին եւ ՀՀ Ֆիննախին՝ ակնկալելով կազմակերպել քննարկում, թե ինչու է Հայաստանում զինծառայությունը կորցնում իր գրավչությունը, եւ մարդիկ զանգվածաբար լքում են բանակը։ Նախնական հաստատում ունեինք երկու կառույցից էլ, բայց երեկ՝ նշանակված հանդիպումից 1 ժամ առաջ, Պապիկյանից ստանում եմ գրություն, թե նպատակահարմար չի գտնում այսօրվա (երեկվա-խմբ.)  քննարկմանը մասնակցելը կամ որեւէ ներկայացուցիչ ուղարկելը։ ՀՀ Ազգային ժողովը քաղաքացիների քվեով ձեւավորված մարմին է, որին հաշվետու է կառավարությունը, եւ այս պայմաններում ասել, որ խորհրդարանական երկիր Հայաստանում գոյություն ունի խորհրդարանական վերահսկողություն, նշանակում է ուղղակի ստել։ ՊՆ-ն աշխատում է միայն քպ-ական պատգամավորների հետ, դրա համար էլ ունենք առաջնագծի այնպիսի խայտառակ պատկեր, ինչպիսին տեսանք ողբերգական հրդեհի օրը՝ հունվարի 19-ին, Ազատ գյուղում։ Երբ մոտ երկու տարի առաջ երկրի թիվ մեկ պատասխանատուից հետաքրքրվեցի մեր առաջնագծի վիճակով, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, թե լավ կահավորված առաջնագիծը տեսանելի չէ։ Սա՞ էր ձեր լավ կահավորված առաջնագիծը.  զինվորները քնել էին ճաղավանդակներով մի խրճիթի մեջ, 21-րդ դարում տաքանում են փայտի վառարանով, այն միացնում են բենզինով, անմարդկային պայմաններում… Զինծառայողների իրավունքները պետք է քննարկեինք այսօր ՊՆ-ի հետ, բայց չեկան, խուսափեցին առերեսվել իրականության հետ, թեկուզ դռնփակ ձեւաչափով։ Բայց մի արձանագրում, այնուամենայնիվ, իրավունքների մասով պիտի անեմ հիմա. Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունն եմ հիշեցնում. «ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտը 2021 թվականի մայիսի 13-ից տեղակայվել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տներից մեկում: Տունը բաղկացած է եղել նախասրահից եւ երկու սենյակներից, որոնցից մեկը ծառայել է որպես զինանոց, իսկ մյուսը՝ զորանոց, որտեղ տեղադրված են եղել երկհարկանի զինվորական մահճակալներ։ Տան ջեռուցումն իրականացվել է փայտի վառարանի միջոցով, որը տեղադրված է եղել նախասրահում..»:

Հիմա ընթերցում եմ ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրից մի հատված, որը հստակ կարգավորում է զինծառայողներին զորանոցներում տեղավորելու եւ այլ հարցեր: Ըստ նշված կանոնագրքի, մասնավորապես՝

«1. ժամկետային ծառայության զինծառայողները տեղավորվում են զորանոցում,

  1. մահճակալները պետք է տեղադրվեն դրսի պատերից 50 սմ հեռու,
  2. արգելվում է որեւիցե մեկին բնակվել ճաշարաններում, հացի գործարաններում, բուժկետերում, կաթսայատներում, արտադրական եւ պահեստային շինություններում, ակումբներում, հավաքակայաններում եւ անգարներում, ինչպես նաեւ զորանոցի ուսումնական եւ ծառայողական շինություններում»:

Հիմա ով պետք է պատասխան տա այս իրավիճակի համար. ինչո՞ւ էին զինվորները բանտարկված ճաղավանդակներից այն կողմ։ Նիկոլ Փաշինյանը հիմա է՛լ չի կարող ասել, որ թիվ մեկ պատասխանատուն է, բայց մեղավորը չէ։ Թերեւս հենց այդ գիտակցումից խուսափելու համար էր Փաշինյանը հրապարակավ այնպիսի մանրամասնությամբ պատմում տեղի ունեցած հրդեհի ծագումը, որ թվում էր՝ այնտեղ է եղել։ Դա ոչ այլ ինչ էր, քան ուղղորդում ՀՀ քննչական մարմիններին։ Այս ուղղորդումից հետո Փաշինյանը հաջորդ օրը շտապեց տարբեր մարզեր՝ ողջունելու պարեկներին։ Սա նշանակում է, որ պետական մակարդակով առավել կարեւորվում են մեր երկրում պարեկները, որոնք պիտի պահեն Փաշինյանի իշխանությունը, քան զինծառայողները, որոնք մեր երկրի անվտանգության թիվ մեկ երաշխավորն են։ Վերջում եւս մեկ անգամ ցավով պիտի արձանագրեմ, որ ՊՆ-ի հրաժարումը այս քննարկումից ի ցույց է դնում Նիկոլ Փաշինյանի իշխանության անլրջությունը եւ կառավարման տկարությունը։ Ափսոս մեր զինվորները…

 

 

 

ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին:

Նշենք, որ արդեն տեւական ժամանակ է՝ շրջանառվում էին Գրիգորյանի հրաժարականի մասին տեղեկությունները: Arm.Lur.am-ի տեղեկություններով՝ ՄԻՊ-ը տարաձայնություններ է ունեցել Փաշինյանի հետ, ինչն էլ հրաժարականի պատճառ է դարձել:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Քրիստինե Գրիգորյանը կգնա ԲԴԽ. «Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ սույն թվականի հունվարի 23-ին օրենսդրությամբ սահմանված կարգով հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով։

Ըստ օրենսդրության՝ տվյալ դեպքում Պաշտպանի լիազորությունները դադարում են վերջինիս կողմից հրաժարականի դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում ներկայացվելու դեպքում»։

 

 

 

ՆՈՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ՝ ՓԾ-ԻՆ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Փրկարար ծառայությունը որպես նվիրատվություն ստացել է երկու միավոր Ford F250 (pickup) մակնիշի տրանսպորտային միջոցներ:

Բանն այն է, որ Փրկարար ծառայությունը հանդիսանում է Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության աջակցության ծրագիր  իրականացնող գործընկեր, որը ֆինանսավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության՝ քիմիական, կենսաբանական, ճառագայթային եւ միջուկային անվտանգության ոլորտում համագարծակցության ծրագրի կողմից։ Եվ հենց նշված ծրագրի շրջանակներում էլ Փրկարար ծառայությունը որպես նվիրատվություն ստացել է երկու միավոր Ford F250 (pickup) մակնիշի տրանսպորտային միջոց:

 

 

 

ԿԳՈՐԾՈՒՂՎԻ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը փետրվարի 1-2-ը կգործուղվի Ստրասբուրգ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ընդդիմադիր պատգամավորը Ստրասբուրգում մասնակցելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ժողովրդավարության եւ կառավարման կոմիտեի կառավարման հարցերով աշխատանքային խմբի նիստին:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գործուղման հետ կապված բոլոր ծխասերը՝ ճանապարհածախսը, գիշերավարձն ու օրապահիկը, ՀՀ պետբուջեի հաշվին են կատարվելու:

 

 

 

ԿՐԿԻՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ կառավարության մի շարք ներկայացուցիչներ այս օրերին գործուղումների են մեկնել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը փետրվարի 6-10-ը Ֆրանսիայի Հանրապետություն կգործուղվի: Նա Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ինքնարտահայտման ձեւերի բազմազանության պաշտպանության եւ խրախուսման միջկառավարական կոմիտեի 16-րդ նստաշրջանին կմասնակցի: Տեղեկացանք, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը ՀՀ բյուջեից է կատարվելու: Հունվարի 23-ին 5-օրյա այցով (մինչեւ հունվարի 27-ը) Գերմանիայի Դաշնային Հանրապետություն է մեկնել Արմավիրի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը: Նա, ըստ վարչապետի որոշման, Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ դաշնային երկրամասում «երկկողմ համագործակցության մի շարք հարցեր կքննարկի»: Այցի հետ կապված բոլոր ծախսերը հրավիրող կողմն է հոգում: Երեկ մեկշաբաթյա գործուղման նաեւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանն է մեկնել: Նա գրասենյակի աշխատակից Գրետա Մնացականյանի հետ հունվարի 23-30-ը Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում՝ Նիժնի Նովգորոդում, Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում, համայնքային կառույցների ու երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներ կունենա: Այցերի հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են ՀՀ պետբյուջեի միջոցներից:

 

 

 

ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ

Գեղարքունիքի մարզի Ազատ համայնքում զինվորների կացարանի հրդեհից մի քանի օր հետո միայն իշխանության ներկայացուցիչները շտապեցին այցելել այնտեղ: Նրանց թվում էր նաեւ ՀՀ Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, որն ընդամենը մեկ ամիս առաջ հպարտանում էր, թե դիրքերի այսպիսի կահավորում նախկինում չի եղել, եւ զինվորների կյանքեր կփրկվեն: Ունենք, սակայն, խայտառակ վատ կահավորված առաջնագիծ, որտեղ զինվորները բենզինով են վառարան թեժացնում: Ուշագրավ է, որ Անդրանիկ Քոչարյանը նախկինում հաճախ է այցելել Գեղարքունիքի մարզի դիրքեր, հանդիպել 2-րդ բանակային կորպուսի հրամանատարին, լուսանկարներ հրապարակել նրա հետ: Հետաքրքիր է՝ առաջնագիծ գնալիս նա չէր նկատել արդյոք, թե ինչ պայմաններում են ապրում մեր զինվորները, թե Քոչարյանի համար այդ պայմանները նորմալ են եղել: Հիշեցնենք, որ հրդեհի ողբերգական դեպքից ժամեր անց քավության նոխազ դարձավ հենց 2-րդ բանակային կորպուսի հրամանատարությունը՝ ի դեմս հրամանատար Վահրամ Գրիգորյանի: Նա Անդրանիկ Քոչարյանի մտերիմն էր, եւ Քոչարյանն ամենուր Գրիգորյանի գովքն էր անում: Հիմա հարց է առաջանում. եթե իրապես 2-րդ բանակային կորպուսի հրամանատարական անձնակազմն այդչափ պրոֆեսիոնալ էր, ինչո՞ւ է մեր առաջնագիծը այդքան տխուր վիճակում:




Լրահոս