Արտերկրից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալները բավականին ավելացել են:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ անցյալ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին որպես մարդասիրական օգնություն Հայաստան է ուղարկվել 85 մլն 914 հազար 800 դոլար: 2021 թվականին Հայաստան ստացվել է 35 մլն 687 հազար 400 դոլարի չափով մարդասիրական օգնություն: Հայտնի է, թե որ երկրներն են մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստանին:
Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանին մարդասիրական օգնություն ուղարկածների թվում են նաեւ Եվրամիության անդամ շատ երկրներ:
Գերմանիայից, օրինակ, Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալները նվազել են. նախորդ տարվա 11 ամիսներին ստացվել է 2 մլն 520 հազար դոլարի չափով օգնություն, մինչդեռ 2021 թվականին նույն երկրից մեր հանրապետություն եկել է 3 մլն 195 հազար 300 դոլարի չափով մարդասիրական օգնություն: Մեր բարեկամ Ֆրանսիայից մարդասիրական օգնություն ՀՀ եկել է 2 մլն 19 հազար 300 դոլարի չափով: Ֆրանսիայից 2021 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստան եկել էր 1 մլն 566 հազար 600 դոլարի մարդասիրական օգնություն: Անցյալ տարվա հունվար-նոյեմբերին Հայաստանը Շվեցարիայից 4 մլն 222 հազար 500 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱՊՀ երկրներից Հայաստանը 287 հազար 300 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել, հիմնական հատվածը՝ Ռուսաստանից: Ուկրաինայից անցյալ տարվա 11 ամիսների ընթացքում Հայաստան ստացվել է 28 հազար 200 դոլարի չափով մարդասիրական օգնություն: Ռուսաստանից Հայաստան եկել է 259 հազար դոլարի չափով մարդասիրական օգնություն: Մեկ տարվա ընթացքում Ռուսաստանից եկող մարդասիրական օգնության ծավալը ավելացել է: Բացի այս, պաշտոնական փաստաթղթերից տեղեկացանք, որ Հնդկաստանից ստացվող մարդասիրական օգնության ծավալներն են զգալի ավելացել. 2021 թվականին Հնդկաստանից ՀՀ մտել է 1 մլն 975 հազար դոլարի չափով մարդասիրական օգնություն, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 7 մլն 329 հազար 800 դոլար:
Չինաստանից ստացվող մարդասիրական օգնության ծավալներն են պակասել. 2021 թվականի հունվար-նոյեմբերին Չինաստանից որպես մարդասիրական օգնություն ՀՀ ստացվել է 5 մլն 749 հազար 500 դոլար, իսկ 2022 նույն ժամանակահատվածում՝ 3 մլն 568 հազար 500 դոլար:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
6 ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԿՕՏԱՐՎԵՆ
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն դիմել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն։
Armlur.am-ը տեղեկացավ, որ քրեակատարողական ծառայության հաշվեկշռում հաշվառված 6 միավոր տրանսպորտային միջոցները պետք է հանձնվեն ՀՀ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։
Կոմիտեն նաեւ գրությամբ միաժամանակ տեղեկացրել է, որ նշված տրանսպորտային միջոցները գրավի կամ արգելանքի առարկա չեն հանդիսանում։
Կոմիտեի կողմից մաշակվել է «Գույք հետ վերցնելու եւ ամրացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, համաձայն որի՝ նախատեսվում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հաշվեկշռում հաշվառված, պետական սեփականություն հանդիսացող 6 միավոր տրանսպորտային միջոցները հետ վերցնել եւ ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին հետագայում օտարելու նպատակով։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՋՈՒՐԸ ՉԿՏՐԵՑ
2017թ.-ին նախատեսվում էր Տավուշի մարզի սահմանամերձ գոտում կառուցել Հախումի եւ Կողբի ոռոգման ջրամբարները եւ այդ ջրամբարներում կուտակել ընդհանուր առմամբ 2 միլիոն խորանարդ մետր ջուր, սակայն այդ ջրամբարների կառուցման ծրագրերը մնացին թղթի վրա: Նիկոլ Փաշինյանի իշխանության չորսուկես տարիների ընացքում Տավուշի մարզում ոչ մի ջրամբար չի կառուցվել: Տավուշի մարզի Աղստեւ, Ոսկեպար, Հախում, Քարահան եւ այլ գետերի քաղցրահամ ջրերը շարունակում են հոսել Ադրբեջան, որտեղ կուտակվում են ջրամաբարներում եւ ոռոգում են Ադրբեջանի շրջանների դաշտերն ու այգիները: Վերջին տարիներին ամռանը Ադրբեջանում միշտ երաշտ է լինում, Տավուշի սահմանագոտում ոռոգման ջրամբարների կառուցումից, դրանք ջրով լցնելուց հետո Ադրբեջանը ոռոգման ջրի առումով որոշակի կախվածություն կունենար Հայաստանից:
ՍՊԱՆԵԼ Է ՈՒՐԻՇԻ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻՆ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Իջեւան քաղաքի բնակիչ, ոչ մի տեղ չաշխատող, 1959թ. ծնված Վարազդատ Խեչյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, Իջեւանի բնակիչ Սերժիկ Ավետիսյանի հետ գտնվելով ոչ բարիդրացիական հարաբերությոան մեջ, վերջինիս երկու գլուխ խոշոր եղջերավոր անասունը սպանելու նպատակով 2021թ. հուլիսի 19-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, իրեն պատկանող ՄՌ-27 ԵՄ տրամաչափի որսորդական հրազենով սպանել է Իջեւան քաղաքի Աղսու տարածքում գտնվող իր այգու տարածք մտած երկու գլուխ խոշոր եղջերավոր անասունի, որոնք, իր պատկերացմամբ, պատկանել են Ս. Ավետիսյանին, սակայն հետագայում պարզվել է, որ դրանք պատկանում են Իջեւանի բնակչուհի Կարինե Բեգլարյանին։
Վ. Խեչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
ՄՈՎՍԵՍՈՒՄ ԱՆՀԱՆԳԻՍՏ Է
Վերջին օրերին Բերդ խոշոր համայնքի սահմանամերձ Մովսես գյուղի բնակիչները խիստ անհանգիստ են։ Մովսես բնակավայրի վարչական ղեկավար Զավեն Պապյանը հայտնեց, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Մովսեսի բնակիչները գյուղում նկատել են անծանոթ 3-4 հոգու. այդ գիշեր Մովսես գյուղի աջ մասում գտնվող Հյունուտ թաղամասում անհայտ անձինք ծակել են կայանած 7 ավտոմեքենաների անվադողերը։ Մովսեսում կայանած, գյուղին պատկանող հացահատիկահավաք կոմբայնի փոքր անվադողը եւս նստած է. վարչական ղեկավարը չգիտի, թե այդ անվադողը նույնպես չարագործներն են ծակել, թե կոմբայնի անվադողն այլ պատճառով է նստել: Հունվարի լույս 20-ի գիշերը նույն՝ Հյոնուտ թաղամասում անհայտ անձը կամ անձինք հրկիզել են Մովսեսի բնակչին պատկանող, ավտոմեքենայի քարշակում դարսված 30 հակ անասնակեր խոտը։ Հաջորդ օրը՝ հունվարի լույս 21-ի գիշերը, Հյոնուտ թաղամասում Մովսեսի բնակիչներից մեկը, իր տան երկրորդ հարկից իջնելով, նկատել է անծանոթ մի տղամարդու եւ ձայն է տվել՝ ո՞վ ես. անծանոթն առանց պատասխանելու փախուստի է դիմել։ Այս ամենը սահմանամերձ գյուղի բնակիչների մեջ անհանգստություն է առաջացրել: Մովսեսը Ադրբեջանի հետ 18 կիլոմետր սահման ունի, Հյոնուտ թաղամասը հայ-ադրբեջանական սահմանից հեռու է ընդամենը 500 մետր։ Մովսեսի վարչական ղեկավարն ասաց, որ Մովսեսի բնակիչներն անհանգստացած են, դիմել են ոստիկանություն: Ոստիկանության, փրկարար ծառայության աշխատողների եւ մովսեսցիների համատեղ ուժերով գյուղում գիշերային հերթապահություն, շրջագայություն է իրականացվում։ Զ. Պապյանը հայտնեց, որ հունվարի լույս 23-ի գիշերը Մովսեսում արտառոց դեպքեր չեն կատարվել։
ՊԱՐԵԿՆԵՐԻՑ ՎԱԽԵՑԵԼ ԵՆ
Հունվարի 21-ին Տավուշի մարզում ծառայությունը սկսեց պարեկային ծառայության ստորաբաժանումը։ Այդ օրը՝ կեսօրից հետո, Նոյեմբերյան քաղաքում արտառոց վիճակ էր։ Քաղաքի փողոցները դատարկվել էին, միջպետական ավտոճանապարհին նոյեմբերյանցիների շատ քիչ ավտոմեքենաներ էին երթեւեկում։ Նոյեմբերյանցի վարորդների մի մասը վարորդական իրավունքի վկայական չունի, ոմանք էլ ավտոմեքենաների տեխնիկական զննություն, պարտադիր պետական ապահովագրություն չեն կատարել, վարորդներ կան, որոնք սովոր են ավտոմեքենան վարել առանց ամրագոտին կապելու։ Նոյեմբերյանում պարեկային ծառայության հայտնվելը այդ վարորդներին ստիպել է շառից հեռու մնալու մտայնությամբ ավտոյով փողոց դուրս չգալ։ Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչները հայտնում են, որ նախկինում պետավտոտեսչության ավտոմեքենաները հազվադեպ էին շեղվում Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհից, Նոյեմբերյան համայնքի գյուղերը մտնում, իսկ պարեկները նման խնդիր չունեն, գյուղերն են մտնում։ Նոյեմբերյանի բնակիչները պատմեցին, որ հունվարի 21-ին պարեկները ծառայողական ավտոմեքենայով հետապնդել են դեպի սահմանամերձ Դովեղ գյուղ ընթացող ավտոմեքենային։
Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ