ԿԳՄՍՆ-Ն ՓՈՐՁՈՒՄ Է ԹԱՔՑՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի՝ դեռեւս 2022-ի դեկտեմբերի 16-ին տեղի ունեցած ռեկտորի ընտրություններն անվավեր են ճանաչվել: ArmLur.am-ն այս մասին տեղեկացավ Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունից:

 

«Նիստում քննարկվել եւ անվավեր է ճանաչվել ՀԳՊԱ հոգաբարձուների խորհրդի՝ 2022թ. դեկտեմբերի 16-ին կայացած ռեկտորի ընտրությունը»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Գեղարվեստի ակադեմիայում տեղի ունեցած անհասկանալի ընտրությունների մասին, ինչի ժամանակ ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանի նախագահությամբ (ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահն է) օրենքի խախտմամբ ռեկտոր էր ընտրվել, առաջինը «Ժողովուրդ» օրաթերթն էր ահազանգել՝ գրելով, որ «ԿԳՄՍ փոխնախարարի հովանու ներքո Գեղարվեստի ակադեմիայում պաշտոնեական կեղծիքով ընտրություն է եղել»:

Թեեւ նախարարությունն ու ակադեմիան այժմ փորձում են բուհում նախորդ տարի տեղի ունեցած հոգաբարձուների նիստի ժամանակ տեղի ունեցած ընտրություններն անվավեր ճանաչելով թեման փակել ու առաջ անցնել, բայց փաստն այն է, որ, ըստ օրաթերթի հրապարակած տեղեկությունների, հոգաբարձուների խորհրդի բոլոր 16 անդամները կողմ էին քվեարկել նախկին ռեկտոր Արամ Իսաբեկյանի թեկնածությանը: Իսաբեկյանն անգամ առաջադրվել չէր կարող, քանի որ, օրենքի պահանջների համաձայն, գիտական աստիճան չունի:

Եվ եթե քաղաքական իշխանությունն ու լիազոր մարմինը՝ ԿԳՄՍՆ-ն, բավարարվելու են՝ հարցը զուտ միայն հոգավարձուների խորհրդի նիստը չեղյալ համարելով ու պատասխանատու պաշտոնյաներին սուր հարցեր չուղելով, ապա չբացառենք, որ ԿԳՄՍՆ պաշտոնյաների հովանու ներքո առաջիկայում նոր պաշտոնեական կեղծիքներ կարող են տեղի ունենալ:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 

 

ԱՄՆ-Ն՝ ԵՐԱՇՏԻ ԱՌՋԵՎ

Ամերիկայի Միացյալ Նահանգների արեւմտյան հատվածը, հնարավոր է, երկարատեւ երաշտի փաստի առջեւ կանգնի, ինչը ջրային ռեսուրսների վրա բավական լուրջ ազդեցություն կթողնի։ Այս մասին գրում է Newsweek լրատվականը։

Մասնագետների կարծիքով՝ եթե առաջիկա տասնամյակների ընթացքում իրավիճակը չփոխվի, ու համընդհանուր անապատացման դեմ քայլեր չձեռնարկվեն, ապա այս իրավիճակն աղետի կհանգեցնի։

«Եվս մեկ կամ երկու տասնամյակ, ու երաշտը ոչ միայն գրունտային ջրերի պակասի, այլ նաեւ հողերի անապատացման կհանգեցնի, ինչն էլ իր հերթին մեծ ազդեցություն կունենա հասարակական ենթակառուցվածքների աշխատանքի վրա»,- լրատվականի հետ զրույցում ասել է ԱՄՆ Էկոլոգիայի ու էներգիայի մենեջմենթի ինստիտուտի տնօրեններից մեկը՝ Ջոնոթան Դիսոնը։

Համաձայն U.S. Drought Monitor-ի (Հյուսիսային Ամերիկա երկրագնդում գրանցվող երաշտի մասին հարթակ է- Ս.Վ.) հրապարակած տվյալների՝ Ամերիկայի ցամաքային հատվածի 65 տոկոսն այս պահին արդեն ինչ-որ չափով երաշտի վտանգի առաջ է կանգնած։

Պարբերականը գրում է, որ երաշտից ամենից շատ տուժած նահանգները Յուտան, Օրեգոնը, Նեբրասկան, Կանզասն ու Օկլահոման են։

Ս. ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 

 

ՆՈՐ ՏԱՐԱԾՔ 

Armlur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ Երեւան քաղաքի Արաբկիր, Զարյան փողոց 22 հասցեում գտնվող շենքի 4-րդ հարկից 425 հազար 323 դրամ սկզբնական արժեքով, 142.9 քառ. մետր մակերեսով տարածքը կամրացվի ՀՀ վիճակագրական կոմիտեին։

Այդ տարածքը հետ կվերցվի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից։

Մեկ այլ որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, համայնք Նոյակերտ, Նոյի փողոց 29 հասցեում գտնվող, 1340.89 քառ. մետր մակերեսով շենքը եւ դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.16597 հա հողատարածքը հետ կվերցվի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նոյակերտի միջնակարգ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպությունից եւ անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով կամրացվի «Նոյակերտի մանկապարտեզ» համայնքային ոչ առեւտրային կազմակերպությանը։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 




Լրահոս