«Լրատուն» մեդիա թանգարանի «Հակամարտության լրագրության դրվագներ» ցուցադրությանն այցելուները կարող են տեսնել լրատվականների, անհատ լուսանկարիչների աշխատանքներ, որոնք պատմում են այն արհավիրքների մասին, որոնց միջով անցել է հայ ժողովուրդը 1988 թվականից ի վեր: Ցուցասրահում տեղադրված հպէկրանների միջոցով էլ կարելի է գտնել արխիվային տեսանյութեր, տպագիր մամուլի օրինակներ, ռադիոհաղորդումներ, լուսանկարներ ու հոդվածներ, վերլուծություններ, վավերագրական ֆիլմեր ու մուլտիմեդիա նախագծեր, որոնք եւս լրագրողների աչքերով անդրադառնում են Ղարաբաղյան հակամարտությանը:
Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հունվարի 20-ին Հայաստանի նկարիչների միությունում: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչ, Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանի խոսքով՝ իրենց թիմն աշխատել է անկախության տարիներին հակամարտության թեմաներով նյութերը հավաքելու եւ լրագրողների աշխատանքները հանրությանը ներկայացնելու ուղղությամբ: «Դա թեմա է, որն ընդգրկուն է, եւ հնարավոր չէ ամբողջ ինֆորմացիան հավաքել, ինչի համար տարիներ են անհրաժեշտ, ուստի ցուցադրել ենք դրվագներ: Պատերին փակցված լուսանկարները ցուցադրության փոքր մասն են»,-նշեց նա եւ այցելուներին առաջարկեց մոտենալ հպէկրաններին՝ վստահեցնելով, որ ծանոթանալով դրանց բովանդակությանը՝ նրանք դժվարությամբ կհեռանան ցուցասրահից: Վարդանյանն ընդգծեց՝ ցուցադրության շրջանակում պատրաստվում են հյուրընկալել դպրոցականների, ուսանողների, կազմակերպելու են հանդիպումներ լուսանկարիչների հետ: «Սա միայն ցուցադրություն չէ եւ կարող է մեդիայի, լրագրության, հակամարտությունների քննարկման վայր դառնալ»,-շեշտեց Գեղամ Վարդանյանը: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանն էլ հավաստիացրեց, որ լրագրողների աշխատանքն օդ ու ջրի պես կարեւորվում է հատկապես ճգնաժամային իրավիճակներում, իսկ ցուցադրությունը մտադիր են ներկայացնել նաեւ մարզերում:
«Լրատուն» մեդիա թանգարանի պրոդյուսեր Վահրամ Մարտիրոսյանն օգոստոսին եղել է Արցախի Սոս սահմանամերձ գյուղում, որտեղ մի շաբաթ է անցկացրել ու «Սահմանամերձ երկիր» խորագրով հոդվածաշար է հրապարակել: Տարօրինակ է համարում այն, որ այն լայն արձագանք չի գտել: Ասում է՝ անտարբերություն, մեր հայրենակիցների խնդիրները ներսից տեսնելու ծուլության կա: «Նոր եմ վերադարձել Ուկրաինայից: Հայաստանի աչքերով նայեցի այդ երկրին, նորովի բացահայտեցի այն եւ ռուս-ուկրաինական պատերազմը»,-շեշտեց Մարտիրոսյանն ու հավելեց՝ լրագրողը հակամարտություն լուսաբանելիս չի կարող կողմ կամ դեմ չլինել, քանի որ հակամարտության ընթացքում հազարավոր մարդկանց արյուն է թափվում, միլիոնավորները տնանկ են դառնում: «Լրագրողը պետք է կողմ լինի, որ արդարությունը հաղթի»,-եզրափակեց նա: Լուսանկարիչ Վաղինակ Ղազարյանը ցուցադրությանը երեք լուսանկար է ներկայացրել, որոնցից մեկը՝ «Հանգստացող զինվոր»-ը, World Press Photo-ի «Իրադարձություն» անվանակարգում մրցանակի է արժանացել: 2016-ին նա լուսաբանել է ապրիլյան քառօրյա պատերազմը, 2020-ին՝ արցախյան 44-օրյա պատերազմը: «Իմ ներքին կանչով եմ մեկնել պատերազմ լուսաբանելու: Գնացել եմ անձնական տեխնիկայով ու մեքենայով: Ուզում էի անպայման լինել հակամարտության գոտում, լինել դիրքերում՝ որպես իրականությունը տեսնող ու պատմող եւ, եթե հնարավոր է, լուսանկարներով հարցեր բարձրացնել»,-նշեց Ղազարյանը: Կարծում է՝ շատ կարեւոր պահեր է բաց թողել, քանի որ կան տեղեր, որտեղ հասնելու խոչընդոտներ կան, կան էթիկական խնդիրներ, պետական գաղտնիք համարվող տեղեկություններ, որոնք չի կարելի ներկայացնել:
«Պետք են հատուկ հմտություններ, արհեստավարժություն կարեւորը լուսաբանելու համար, քանի որ այն, ինչ լուսանկարում ես, պատմություն է դառնում»,-ասաց լուսանկարիչը, որը նաեւ զոհված զինվորներին, նրանց մայրերին նվիրված նախագծեր է իրականացրել: «Լրատուն» մեդիա թանգարան նախագիծն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը։ Այն հանրությանն է ներկայացնում լրագրողների աշխատանքը վերջին տասնամյակների նշանակալի իրադարձություններն ու երեւույթներ լուսաբանելիս։ «Հակամարտության լրագրության դրվագներ» ցուցադրությունը կյանքի է կոչում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը շվեյցարական HEKS/EPER եւ գերմանական Brot fuer die Welt բարեգործական հիմնադրամների աջակցությամբ իրականացվող «Հակամարտությունների լուսաբանում լրագրողների գիտելիքների եւ հմտությունների ամրապնդում» ծրագրի շրջանակում: Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ հունվարի 29-ը։
Ի՞ՆՉ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ ԱՅՐՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ
Վերակենդանացման բաժանմունքում գտնվող երկու վիրավոր զինծառայողների մոտ նկատվում է դրական դինամիկա. նրանց մոտ դեռ շոկային վիճակ է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեցին Այրվածքաբանության ազգային կենտրոնից:
Հիշեցնենք՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Հրդեհի հետեւանքով զոհվել է 15, վիրավորում ստացել՝ 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3-ը՝ տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։
Հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ)։
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
37 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը «Երաժշտական եւ արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրի շրջանակում մարզերի երաժշտական եւ արվեստի դպրոցների համար 2023 թ. նախատեսում է ձեռք բերել 9 անուն 37 երաժշտական գործիք՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ, կլարնետ, ֆլեյտա, սաքսոֆոն, քսիլոֆոն, քանոն, թառ:
Ծրագիրն իրականացվում է գեղարվեստական կրթության համակարգի բնականոն գործունեության, արտադպրոցական կրթության եւ գեղագիտական դաստիարակության շարունակական զարգացման, օժտված եւ շնորհալի երեխաների բացահայտման ու նրանց մասնագիտական ունակությունների զարգացման նպատակով: Բազմաթիվ օժտված երեխաներ գեղարվեստական կրթության համակարգից դուրս են մնում գործիք չունենալու կամ ձեռք բերել չկարողանալու պատճառով: Այս ծրագիրը միտված է արտադպրոցական կրթության հասանելիության, մատչելիության ապահովմանը եւ կարեւոր նշանակություն ունի ոլորտի շահառուների սոցիալական բեռի թեթեւացման հարցում:
Ընդհանուր առմամբ «Երաժշտական եւ արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրի շրջանակում տարբեր տարիներին ձեռք է բերվել 659 երաժշտական գործիք, որոնք տրամադրվել են երաժշտական եւ արվեստի դպրոցներին նյութատեխնիկական բազայի համալրման նպատակով:
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ
Հունվարի 22-ը հայ մեծանուն կոմպոզիտոր եւ դաշնակահար, Խորհրդային Միության եւ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է։ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ մշակույթի ոլորտի մի շարք ներկայացուցիչներ ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի հուշարձանին։
Արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը, Երեւանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի տնօրեն Արմեն Հարությունյանը եւ քոլեջի երգչախումբը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոսներ, Բաբաջանյանի արվեստի երկրպագուներ։ Ի հիշատակ հայ քաջարի զինվորների՝ քոլեջի երգչախումբը հանդես է եկել «Տղերքը, որոնք չկան» կատարմամբ։