ՓԱՇԻՆՅԱՆԻ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԸ ԽԱԲԵԼ ԵՆ. ՄԱՍ 10

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ իշխանության ներկայացուցիչներն իրարից անկախ հայտարարություններ են անում,  ապա հերքում կամ այլ անկյունից ներկայացնում իրենց: Այդպես եղավ նաեւ միութենական պետության կազմի մեջ մտնելու համար ՀՀ-ի վրա գործադրվող ճնշումների հարցով: Մասնավորապես, հունվարի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ՌԴ-ի հետ միութենական պետության կազմ մտնելու պաշտոնական առաջարկ Հայաստանին չի եղել, բայց, միեւնույն ժամանակ, հավելեց, որ իրականությունն այդքան պարզ չէ, ինչքան թվում է: «Մեզ համար ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը, պետականությունը բացարձակ արժեքներ են, եւ մեր պարտքն ու առաքելությունն ենք համարում ամեն ինչ անել մեր հայրենիքի պետականության հարատեւությունն ապահովելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Լրագրողի հարցին՝ իսկ ոչ պաշտոնական խողովակներով միութենական պետության կազմ մտնելու ճնշումներ եղել են արդյոք, Փաշինյանը պատասխանեց. «Ոչ պաշտոնական խողովակներ ասելով՝ ի՞նչ նկատի ունենանք, օրինակ՝ փորձագետների կողմից շարունակ զարգացվող խոսույթն էլ կարելի է ոչ պաշտոնական համարել, ոչ պաշտոնական շփումներն էլ»: Հարցին՝ Արմեն Գրիգորյանն արդյոք դրանք նկատի ուներ, երբ խոսում էր ճնշումների մասին, վարչապետը պատասխանեց. «Ենթադրում եմ՝ այդ թվում դրանք է նկատի ունեցել, այո՛»: Ըստ էության, նա հերքեց Արմեն Գրիգորյանի դիտարկմանը,  որ այդպիսի պաշտոնական առաջարկ կամ ճնշումներ չեն եղել:

 

 

 

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ՝ հունվարի 24-ին, հանդիպել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Հանդիպման առիթը Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգական միջադեպն էր, ինչի հետեւանքով 15 ժամկետային զինծառայող հրդեհի զոհ դարձավ։ «ժողովուրդ» օրաթերթին Պապիկյան-ՔՊ դռնփակ հանդիպումից մանրամասներ հայտնի դարձան։ Այսպես, ՔՊ-ամերձ մեր աղբյուրների փոխնացմամբ՝ հանդիպման ժամանակ թեեւ ամենասուր հարցերն են ուղղվել պաշտպանական գերատեսչության ղեկավարին, բայց հանդիպումը, ընդհանուր առմամբ, անցել է բավականին հանգիստ, ոչ լարված մթնոլորտում։ «Խոսել ենք այն բոլոր խնդիրների, մտահոգիչ երեւույթների մասին, որ կա ոչ միայն բանակի, այլ նաեւ հասարակության ներսում առհասարակ։ Բոլորս էլ հասկանում ենք, որ դեպքի պատասխանատուն (գոնե քաղաքական մակարդակում) բոլորս ենք, թիմն է, հետեւաբար իրավիճակը լարելու կամ լարվածություն ստեղծելու կարիք ընդհանրապես չկար»,- ասաց մեր աղբյուրն ու ավելացրեց, որ հանդիպման ժամանակ Պապիկյանի հրաժարականի հարցը չեն քննարկել. այդ մասին անգամ հարց-տեսակետ չի հնչել։ Ավելին՝ ներկաները Պապիկյանին քաջալերել են, որ օրհասական այս պահին, երբ բանակն իսկապես մեջքն ուղղելու կարիք ունի, չպետք է թույլ տալ, որ նա հանկարծ որոշի թողնել հեռանալ։ Տեղեկացանք նաեւ, որ պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը շատ թվով պատգամավորներ են բացակայել. մի մասը՝ գործուղումների մեջ գտնվելու, մի մասը՝ այս օրերին տարածված վիրուսային հիվանդությունների, մի մասն էլ պարզապես նպատակահարմար չգտնելու պատճառաբանությամբ է բացակայել։

 

 

 

ՀՀ պաշտպանության նախարարությունը Ազատ գյուղի ողբերգական հրդեհի հենց հաջորդ օրն իր կարիքների համար մարդատար ավտոմեքենաներ է գնել: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՊՆ-ն թվով 15 ավտոմեքենա է ձեռք բերել, իսկ պայմանագիրը կնքվել է հունվարի 20-ին՝ 15 զինծառայողի կյանք խլած հրդեհից 1 օր հետո: Մեզ հայտնի դարձավ, որ Պաշտպանության նախարարությունը գնել է 2023 թվականի արտադրության, սպիտակ երանգի, «Հունդաի Էլանտրա» մակնիշի մեքենաներ: Պայմանագիրը կնքվել է «Կապիտալ մոթորս» ընկերության հետ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեքենաների գնման գումարը, առանց ԱԱՀ-ի, կազմել է 165 մլն դրամ. լրացուցիչ ԱԱՀ-ն կազմել է 33 մլն դրամ: 15 մեքենան պետական բյուջեի վրա արժեցել է 198 մլն դրամ կամ մոտ 489 հազար ԱՄՆ դոլար: ՊՆ կարիքների համար նախատեսված մեկ ավտոմեքենայի համար ծախսվել է 13 մլն 200 հազար դրամ կամ 32 հազար 592 դոլար (ներառյալ ԱԱՀ-ն): Դե, իհարկե, բնական է, որ ՊՆ-ն ավտոմեքենա է գնում իր կարիքների համար, բայց բանակն այս պայմաններում պահելու, անփութության հետեւանքով 15 զոհ տալու ֆոնին նման պահվածքն առնվազն անազնիվ է: Ստացվում է, որ, մի կողմից, առաջնագծի զինվորները զրկված են տաքանալու տարրական պայմաններից, մյուս կողմից՝  ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները պետք է երթեւեկեն 2023 թվականի արտադրության, չօգտագործված ավտոմեքենաներով: Ինչ խոսք, հայրենիքը պաշտպանելու յուրովի մոտեցում է։

 

 

 

 

 

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս օրերին ակտիվ քննարկումների մեջ է: Մինչ այս իշխանականները, երկրի առաջ ծառացած մարտահրավերները թողած, քննարկում էին ընդդիմադիրներին մանդատից զրկել-չզրկելու հարցը, հիմա էլ անցել են արդեն «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանին եւ Արմեն Չարչյանին անձեռնմխելությունից զրկելուն համաձայնություն տալու հարցին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող ֆրակցիային առնչվող այս եւ մյուս բոլոր կարեւոր որոշումները կայացնում է ՔՊ «վերնախավը»՝ ի դեմս խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի, Ալեն Սիմոնյանի եւ, իհարկե, Նիկոլ Փաշինյանի: Տեղեկացանք, որ վերջիններս որոշումներ կայացնում են առանց թիմակիցների հետ քննարկման, առանց նրանց կարծիքը հարցնելու: Ավելին՝ խմբակցության որոշ պատգամավորների (որոնք համեմատաբար հաճախ են շփվում մամուլի հետ) միայն վերջին պահին են տեղեկացնում որոշումների մասին, որպեսզի հանկարծ արտահոսք չլինի: Պատգամավորներին ասված է, որ բոլոր կարեւոր իրադարձությունների շուրջ իրավասու են խոսել միայն խմբակցության ղեկավարը եւ քարտուղարը: Իհարկե, իշխող ֆրակցիայում կան չեզոք պատգամավորներ, որոնց համար միեւնույնն է՝ ինչ է կատարվում խմբակցության ներսում, ինչ որոշումներ կկայացվեն, իրենք միայն «դիտորդի», կոճակ սեղմողի դերում են:




Լրահոս