ԳՈՒՑԵ ԱՎԵԼԻ ՎԱՏ ՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գեղարքունի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգական միջադեպի բոլոր հանգամանքներն ու դեպքի մանրամասները ներկայացնելուց առաջ նախ պետք էր լսել դեպքի մասնակից զինվորականներին, ապա նոր միայն կառավարության նիստի ժամանակ, առաջինը հայտնողի մոլուցքով տարված, շտապել ասել, թե ինչ ու ինչպես է կատարվել». տեսակետը ռազմական փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանինն է, որ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասում է՝ շտապողականություն դրսեւորելուց առաջ պետք էր հանգիստ պայմաններում լսել ողջ մնացած ժամկետային զինվորականների տեսակետը:

 

Մանգասարյանի համոզմամբ՝ կառավարության նիստի ժամանակ Փաշինյանի նկարագրածն ու դեպքի վերաբերյալ նախնական վարկածի տրամադրումը պարզապես սարսափ է, քանի որ, առանց հանգամանքերի շղթան պարզելու, ամբողջ մեղքն ու պատասխանատվությունը սպայական կազմի վրա դրվեց:

Իսկ ամենասարսափելին այն է, ասում է մեր զրուցակիցը, որ հրապարակային կերպով հայտարարվում է, թե սպան, հնարավոր է, բենզինով լի տարան միտումնավոր է զինվորների ուղղությամբ նետել: Միեւնույն պահին Մանգասարյանը նաեւ հարց է բարձրացնում՝ արդյոք կարող ենք մեզ նման շռայլություն թույլ տալ ու սպայական անձնակազմի նկատմամբ (որոնց պատրաստման համար, ի դեպ, պետութունը 10-15 տարի ժամանակ է ծախսում) նման տեսակ նվաստացուցիչ վերաբերմունք ցուցաբերել:

Նորմալ երկրում, շարունակում է, պաշտպանության նախարարը վաղուց արդեն հրաժարականի դիմում գրած կլիներ, բայց Հայաստանում կառավարման ու կադրերի նշանակման այնպիսի ճգնաժամ է, որ հստակ չէ՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականից հետո ով կարող է զբաղեցնել երկրի համար առաջնային նշանակության կարեւորագույն այդ պաշտոնը:

Հետեւելով իշխող «Քաղաքացիական պայմանագրի» կադրային քաղաքականությանն ու անտրամաբանական նշանակումների քրոնիկոնին, ասում է փորձագետը, հանգում ենք ժողովրդական հայտնի խոսքին՝ մինչեւ չգա հետինը, չի հիշվի առաջինը:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է վերլուծական կենտրոնի ղեկավարի հետ:

-Պարո՛ն Մանգասարյան,  Գեղարքունիքի մարզի Ազատ համայնքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո բազմաթիվ հարցեր են մնացել անպատասխան: Ի՞նչ գնահատական կտաք, ի՞նչ էր տեղի ունեցածը:

-Նախ ցավակցում եմ բոլոր մեր զոհված զինվորների հարազատներին,  բարեկամներին եւ մեզ բոլորիս: Իրոք, տեղի է ունեցել ողբերգական դեպք, որի մասին դժվար է առանց էմոցիաների խոսել, սակայն փորձենք հնարավորինս սառնասիրտ եւ տրամաբանական վերլուծել,  թե ինչ տեղի ունեցավ, եւ այդ դեպքից հետո ինչ քայլեր տեղի ունեցան:Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝  դեպքը տեղի է ունեցել գիշերը: ԱԻՆ-ի փոխանցած տեղեկատվության համաձայն՝ լուսադեմ 6:00-7:00-ի հատվածում է կրակը մարվել, եւ, պաշտոնական տեղեկատվության համաձայն, մենք ունենք 15 զոհ եւ առնվազն 3-4 վիրավոր,  որոնք տարբեր վնասվածքներ ունեն: Պաշտոնական տեղեկատվությունը,  որը Փաշինյանը փոխանցեց դեպքից 1-2 ժամ հետո,  պետք է առնվազն հիմնված լիներ ողջ մնացած մարդկանց ցուցմունքի վրա: Մենք շատ լավ հասկանում ենք, որ շոկային իրավիճակում, պանիկայի իրավիճակում գտնվող զինծառայողները սկզբնական փուլում ադեկվատ ցուցմունք չէին կարող տալ, եւ սա շատ լավ պետք է հասկանար նաեւ ռազմաքաղաքական ղեկավարությունը: Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը, եւ բոլոր սլաքներն ուղղվեցին դեպի սպայակազմ: Մենք հիշում ենք, թե նա ինչպես է նկարագրում այդ դեպքը. նա ասում էր, որ սպան փորձել է վառել վառարանը,  այն բռնկվել է, եւ գուցե ոչ միտումնավոր նա այդ տարան նետել է մեր զինվորների ուղղությամբ: Մենք այստեղ սարսափելի երեւույթի ենք հանգում. երկրի ղեկավարը, փաստորեն, միանգամից սլաքներ է ուղղում սպայական կազմի վրա, եւ նիստի ժամանակ այդ սպան դառնում է տեռորիստին հավասար մի մարդ: Նույնիսկ հրապարակային ասվում է այն մասին, որ նա միգուցե միտումնավոր է այդ տարան նետել դեպի իր անձնակազմը. սա շատ վատ տեղ տանող ճանապարհ է:

-Ի՞նչ պետք է հաջորդեր այս դեպքին:

-Նորմալ երկրներում պաշտպանության նախարարը հենց առաջին օրը պետք է դիմում գրեր եւ հրաժարական տար: Մենք ունենք սարսափելի իրավիճակ եւ չգիտենք, թե ինչպես են այդ կարեւոր պաշտոններին նշանակվում մարդիկ: Լավ,  ասենք Սուրեն Պապիկյանը, իր մեղքի բաժինը գնահատելով, մտածում ենք՝ գնա, ո՞ւմ են այս իշխանությունները նշանակելու պաշտոնին: Գալիս ենք այն եզրակացության,  որ միգուցե ավելի սարսափելի վիճակում հայտնվենք:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Նա հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը:

 

Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունից հայտնում են՝ Բլինքենն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում հումանիտար ճգնաժամի վտանգը խաթարում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի հեռանկարները։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկնել է պաշտոնական Բաքվի դիրքորոշումը եւ հերքել, թե Լաչինի միջանցքի փակ է:

Իլհամ Ալիեւը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ընդգծել է, որ պետք է դադարեցնել հանքավայրերի անօրինական շահագործումը Ադրբեջանի այն տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները։ Միեւնույն ժամանակ, ըստ նրա, այնտեղ պետք է ապահովվեն Ադրբեջանի կողմից մշտական մոնիտորինգ եւ ստուգումներ։

Ադրբեջանի նախագահը նաեւ նշել է, որ Բաքուն հավատարիմ է խաղաղության գործընթացին եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, որը պետք է պարունակի միայն երկկողմ հարաբերությունների կարգավորում՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների եւ Ադրբեջանի կողմից ներկայացված հինգ սկզբունքների վրա։ Նկատենք՝ Բլինքենը նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ էր հեռախոսազրույց ունեցել մի քանի օր առաջ: Դրանից հետո ԱՄՆ պետքարտուղարը թվիթերյան գրառում արեց, թե Փաշինյանի հետ խոսել է Ադրբեջանի հետ երկկողմ խաղաղ քննարկումները վերսկսելու քայլերի մասին:

Վարչապետը նշել էր, որ Լաչինի միջանցքի արգելափակմամբ Ադրբեջանը հերթական անգամ դիմում է սադրիչ գործողության եւ փաստացի խախտում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը: Հավելենք, որ Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ արդեն 45 օր:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՄԻՐԶՈՅԱՆԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրեն ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով հարցաքննվել է: Իսկ ի՞նչ է նա պատմել քննիչին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ վերջինս նշել է, թե որեւէ բան չի հիշում եւ այդ պահին միայն մտածել է՝ ինչպես պաշտպանվի եւ փրկի իր կյանքը: Հիշեցնենք, որ օրերս «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ էին հայտնի դարձել, թե Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով կալանավորված անձն ինչ է հայտնել Ազգային անվտանգության ծառայությունում: Նա, մասնավորապես, նշել էր, որ ցանկացել է հարվածել Միրզոյանին, սակայն կարծում է, որ իր հարվածը Արարատ Միրզոյանին չի հասել: Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ քաղաքացի Ա.Բ-ն, 2020 թվականի նոյեմբերի 9-ին տեղեկանալով, որ մայրաքաղաք Երեւանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի, դրանց ներսում եւ ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ կատարվում են զանգվածային անկարգություններ, միացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը՝ մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին եւ ոտքով հարվածել է վերջինիս, որ սիրտը հովանա. 44 օր խաբվելուց հետո պարտվեցինք:

 

 

 

ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացանք, որ նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան ժամանել է Ռուսաստանի Դաշնության 1 մլն 16 հազար 223 քաղաքացի: Ի դեպ, նույն ժամանակահատվածում ՀՀ-ից դուրս է եկել 967 հազար 696 ռուս:

Նշենք, որ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ նախորդ տարվա մարտի սկզբից Ռուսաստանից Հայաստան են ժամանել մեծ թվով Ռուսաստանի, նաեւ ՌԴ-ում բնակվող Ուկրաինայի քաղաքացիներ։ Բացի այս, տեղեկացնենք, որ հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան ժամանել է Ուկրաինայի 27 հազար 361 քաղաքացի, դուրս եկել՝ 27 հազար 310 ուկրաինացի:

Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան նախորդ տարվա 11 ամիսներին ժամանել է 124 հազար 467 իրանցի, դուրս եկել՝ 125 հազար 695-ը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ ժամանել է 19 հազար 887, դուրս է եկել 18 հազար 293 հնդիկ: Նշենք, որ Հայաստանը Հնդկաստանի քաղաքացիների համար աշխատանք գտնելու ամենահարմար վայրերից մեկն է համարվում: Հնդիկները մեր երկրում աշխատանք գտնում են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսական, շինարարական:




Լրահոս