ՓԱԿ Է ԳԱԶԱՏԱՐԻ ՓԱԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստեփանակերտում ու Արցախի շրջաններում երեկվանից դադարեցվել է գազալցակայանների աշխատանքը։ Խողովակներում մնացած կուտակված գազը տրամադրվելու է միայն հիվանդանոցներին ու կենսական նշանակության օբյեկտներին. տեղեկացնում է Արցախի օպերատիվ շտաբը: Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախ մտնող գազատարի փականը, թույլ չի տալիս վերականգնել էներգամատակարարումը։

 

Հայաստանից Արցախ մտնող միակ հոսանքի գիծը վթարվել է հունվարի 9-ին: Այն, ըստ «Արցախէներգո»-ի, ադրբեջանական վերահսկողության տակ անցած Աղավնո-Բերձոր հատվածում է։

38 օր է՝ Արցախ սննդամթերք, դեղ ու այլ անհրաժեշտ ապրանքներ չեն մատակարարվում։ Այսօրվանից կտորններ են բաժանվում քաղաքացիներին։ Արդեն շաբաթա վերջից մարդիկ այդ կտրոններով մեկ անձի համար մեկ լիտր ձեթ, մեկական կիլոգրամ բրինձ, մակարոն, հնդկաձավար ու շաքարավազ կարող են գնել մեկ ամսվա համար։

Անցած մեկ ամսվա ընթացքում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհով անցնում են միայն ռուս խաղաղապահների եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաները։ Երեկ կազմակերպության միջոցով Արցախից Հայաստան է տեղափոխվել եւս վեց հիվանդ։ Մինչ այսօր Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 36 հիվանդ, այդ թվում՝ երկու օտարերկրացի։

Արցախից նաեւ ռուս խաղաղապահների միջոցով են օտարերկրացիներ դուրս եկել, նախօրեին պետնախարարը հայտնեց, որ կազմակերպել են շրջափակված Արցախում մնացած օտարերկրացիների մի մասի վերադարձը հայրենիք։

«Ձմեռային շրջան է, եւ մանավանդ Ստեփանակերտն ադապտացված է գազային տաքացուցիչներով, որպեսզի տները տաքացվեն. ե՛ւ տները, ե՛ւ հիմնարկները, ե՛ւ դպրոցները, հիվանդանոցները գազից են կախված, եւ դա շատ ավելի ծանրացրել է ժողովրդի վիճակը», – ասում է Ստեփանակերտի 60-ամյա բնակիչ Գայանե Առուստամյանը:

Նա մտածում է փայտե վառարան տեղադրելու մասին, եւ որպեսզի հետագայում էլ իր բնակարանի ջերմաստիճանը Ադրբեջանի քմահաճույքից կախված չլինի, պիտի արեւային կայան տեղադրի ու, իր խոսքով, ապահովի իր էներգետիկ անվտանգությունը. «Լեռնային գոտի ենք մենք, տներում ցուրտ է լինում, մանավանդ եթե տանն ունես ծերեր, իհարկե, ոչ ծերերն էլ են մրսում: Ցուրտ է, այո»:

Հոսանքի հովհարային անջատումներ, գազի բացակայություն, կտրոնով տրամադրվող մի քանի տեսակի մթերք միայն. կյանքն այսպիսին է Արցախում շրջափակման 44-րդ օրը:

Մարթան երեք երեխաների հետ անցնում է սուպերմարկետների դատարկ ցուցափեղկերի միջով, խանութից դատարկ էլ դուրս կգա. «Երեխաների հետ շատ դժվար է, կարելի է ասել՝ գնում ենք այն ամենը, ինչ որ նախատեսված է տալոնների մեջ. ավելի բան չկա գնելու, երեխաներն անընդհատ ուզում են, բացատրում ենք, որ ժամանակի հարց է»:

Անպտուղ որոնումների մեջ է նաեւ Լուսավարդ Զաքարյանը, չգիտի՝ հաշմանդամությամբ ապրող որդուն ինչ տանի. մթերք չկա, հիգիենիկ պարագաներն էլ անհետացան:

Կտրոնային համակարգից արցախցիները հիմնականում չեն դժգոհում, բրինձ, մակարոն, հնդկաձավար, ձեթ երաշխավորված տալիս են, մնում է դիմանալ հերթերին։ Գայանե Առստամյանն ասում է՝ շատերի տներում պահածոներ կան՝ շատ հարմար փլավների համար, բանջարեղենի ամբողջ տեսականուն փոխարինում է դդումը, բազմազան մրգերին՝ նուռը:

Ադրբեջանական կողմը շարունակում է փակ պահել Լաչինի միջանցքը, ճիշտ է՝ հիմա այդտեղ ադրբեջանական դրոշներն ու բնապահպանական պաստառներն ավելի շատ են, քան բուն ցուցարարաները, բայց, միեւնույնն է, ճանապարհը բացվում է միայն ռուս խաղաղապահների մեքենաների համար, նաեւ երբեմն այդտեղով Կարմիր խաչի մեքենաններն են անցնում: Երեկ առավոտյան Ստեփանակերտից 11 հոգի հենց Կարմիր խաչի մեքենաներով շարժվել է դեպի Հայաստան՝ միանալու իրենց ընտանիքներին։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԿԳՈՐԾՈՒՂՎԻ ԻՐ ՀԱՇՎԻՆ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին կգործուղի Դուբայ:

Պատգամավորը փետրվարի 13-15-ը Դուբայում կմասնակցի Համաշխարհային կառավարության գագաթնաժողովին:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատգամավորը ԱՄԷ կմեկնի իր անձնական միջոցներով:

 

 

 

ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԵԼԻՍԵՅԱՆ ՊԱԼԱՏՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 23-ին Ելիսեյան պալատում ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանին եւ Մուրադ Փափազյանին:

Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:

Էմանուել Մակրոնն ու հայ համայնքի ներկայացուցիչները քննարկել են 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակման հետեւանքով Արցախում ստեղծված իրավիճակը: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող սպառնալիքներին։

Արա Թորանյանն ու Մուրադ Փափազյանը ողջունել են Ֆրանսիայի նախագահի կողմից իրենց ցուցաբերած ուշադրությունը եւ հույս հայտնել, որ Ֆրանսիան առավել կակտիվացնի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանության գործում:

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՋՂԱՁԳՎԵԼ Է

Եվրոպական միության խորհրդի որոշումից հետո, ըստ որի՝ Հայաստանում քաղաքացիական առաքելություն կստեղծվի, պաշտոնական Բաքուն իրական հիստերիա է բարձրացրել: Այսպես, այդ երկրի Արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել, որ Եվրոպական միությունը չի խանգարի Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին:

«Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումն այնպես պետք է կազմակերպվի, որ որեւէ կերպ չխոչընդոտի Ադրբեջանի լեգիտիմ իրավունքներն ու չխաթարի երկուստեք վստահությունը»- ասված է Ադրեբաջնի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

Պաշտոնական Բաքուն շտապել է նշել նաեւ, թե, իբրեւ, Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումն ընթանում է՝ հայ-ադրբեջանական՝ Պարահայում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին հակադրվելով:

Ադրբեջանի արտաքին գերատեսչությունն ընդգծել ու հույս է հայտնել նաեւ, որ ԵՄ նոր առաքելությունը նկատի կառնի անցյալի փորձը, ու Երեւանում ԵՄ դիտորդների ներկայությունը չի չարաշահվի։

Հիշեցնենք, որ ԵՄ առաքելությունը Հայաստանի սահմանային գոտում պարեկային ծառայություն կիրականացնի: Առաքելության նախնական մանդատի ժամկետը երկու տարի է:

 

 

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ

«Օրեր առաջ խորհրդարանում պատիվ եմ ունեցել հերթական անգամ ընդունել 44-օրյա պատերազմում անմահացած զինվորների ծնողներին եւ հարազատներին»,- հաղորդագրություն է տարածել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

«Ծանր է նրանցից լսել այս կամ այն չլուծված խնդրի կամ ցուցաբերված ոչ պատշաճ վերաբերմունքի մասին: Ծնողներից յուրաքանչյուրի անհատական խնդիրն իմ խնդիրն եմ համարում եւ իմ իրավասությունների շրջանակներում փորձելու եմ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի լուծում ստանան դրանք:

Տեղեկացնեմ, որ զոհված զինծառայողների ծնողների վարկային խնդիրների լուծման կամ նրանց որեւէ տարբերակով համապատասխան աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունից ելնելով՝ գրություն եմ ուղարկել Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրենին՝ խնդրելով իրականացնել հնարավոր քայլեր վերջիններիս վարկային խնդիրների լուծման ուղղությամբ:

Խոնարհումս եմ հայտնում հերոսների ծնողներին. ուժ ու կորով ձեզ, սիրելինե՛րս»։

 

 

 

ՆՈՐ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐ՝ ԱԺ-ԻՑ

Ազգային ժողովի պատգամավորներն ու աշխատակազմի ներկայացուցիչները հերթական գործուղումներին են մեկնում։

Այսպես, ArmLur.am-ը տեղեկացավ, որ Համաշխարհային կառավարության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով 2023 թվականի փետրվարի 13-15-ը Դուբայ (Արաբական Միացյալ Էմիրություններ) կգործուղվի Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր սուքիասյանը։ Նշենք, որ ԱՄԷ պատգամավորը մեկնում է անձնական միջոցների հաշվին։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մեկ այլ որոշման համաձայն էլ աշխատանքային այցով 2023 թվականի հունվարի 28-ից փետրվարի 4-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, վերջինիս տեղակալ Հեղինե Խաչիկյանը, ԱԺ նախագահի օգնական Աշխեն Հայրապետյանը (հունվարի 28-ից փետրվարի 2-ը), ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանը։ Նշենք, որ այցի հետ կապված բոլոր տեսակի ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկն ու գիշերավարձը, ՀՀ բյուջեի հաշվին են կատարվելու։

 




Լրահոս