ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ամփոփվել են 2022 թ. սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիայի առթիվ իրականացվող քննության արդյունքները։
Ըստ այդմ՝ նշված ագրեսիայի ակտի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի (Պատերազմ վարելու արգելված եղանակների կիրառմամբ պատերազմական հանցագործությունները) 1-ին մասի 2-րդ կետով եւ 149-րդ հոդվածի (Ագրեսիան) 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի մեկուկես տասնյակ համայնքներում կատարվել է շուրջ 100 դեպքի վայրի զննություն։
Դրանց արդյունքում, ինչպես նաեւ մինչ այժմ կատարված քննության նախնական տվյալներով՝ պարզվել են համայնքներին պատճառված վնասները՝ ավերված կամ վնասված համայնքապետարանի շենք, հրշեջ փրկարարական ջոկատի շենք, դպրոց, 3 հյուրատուն, հանդիսությունների սրահ, 100-ից ավելի սեփական բնակելի տուն, անասնագոմեր, ջերմոց, մեկ տասնյակի հասնող քաղաքացիական ավտոմեքենաներ, ավտոճանապարհներ, այրված խոտածածկ եւ անտառածածկ մեծ տարածքներ, պտղատու այգի եւ այլն։
Բացի դրանից, վնասվել են նշված մարզերում տեղակայված 6 զորամաս, ռազմական օբյեկտներ եւ տեխնիկա, այդ թվում՝ բուժծառայության 2 ավտոմեքենա: Քրեական վարույթի շրջանակում նշանակվել են ավելի քան 7 տասնյակ դատա-պայթյունատեխնիկական, հրդեհատեխնիկական, շինարարատեխնիկական, ապրանքագիտական հանձնաժողովային համալիր, ինչպես նաեւ բուսաբանական փորձաքննություններ:
Նախաքննության ընթացքում տուժող են ճանաչվել եւ հարցաքննվել 600-ից ավել անձինք, հարցաքննվել են 1000-ից ավելի վկաներ, նշանակվել են 224 դիակի դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաեւ 98 դատագենետիկական եւ 350-ից ավել դատաբժշկական փորձաքննություններ:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի հետեւանքով հայկական կողմից զոհվել է 224 անձ, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձ, անհայտ է 3 զինծառայողի գտնվելու վայրը։
ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված այդ ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից կատարված տարբեր հանցագործությունների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում նախաձեռնվել է եւս 23 քրեական վարույթ, որոնք միացվել են մեկ վարույթում:
Մասնավորապես՝ քննության առարկա են՝
– ադրբեջանական զինծառայողների կողմից մարտադաշտում սպանված հայ զիծառայողների (այդ թվում՝ կին) դիակներն անարգելու դեպքերը,
– միջազգային իրավունքով պաշտպանությունից օգտվող, ռազմագերու կարգավիճակում գտնվող ՀՀ զինված ուժերի երկու տասնյակից ավելի զինծառայողների հանդեպ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու՝ ծաղրելու, սեռական բնույթի հայհոյանքներ եւ այլ վիրավորական արտահայտություններ հնչեցնելու եղանակով նրանց պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու, խոշտանգելու եւ անմարդկային վերաբերմունք դրսեւորելու դեպքը,
– գերության մեջ գտնվող ՀՀ ԶՈՒ զինծառայողին բռնության ենթարկելու, խոշտանգելու եւ սպանելու փաստերը,
– տարածված տեսագրությամբ արձանագրված՝ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ռազմական ագրեսիայի ընթացքում մի խումբ գերի հայ զինծառայողների ուղղությամբ կրակահերթ արձակելու եւ սպանելու փաստը,
-հայ վիրավոր զինծառայողների նկատմամբ բռնություն կիրառելու մասին վկայող տեսաձայնագրությունը, որը, ինչպես պարզել է նախաքննությունը, կատարվել է 13.09.2022 թ. ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության ներքո գտնվող, սակայն ռազմական գործողության արդյունքում բռնազավթված մարտական դիրքի գետնատնակում:
Նախաքննությամբ նույնականացված՝ տեսանյութում պատկերված ռազմագերու կարգավիճակում գտնվող դեռեւս ողջ ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների սպանված մարմինները հետագայում փոխանցվել են հայկական կողմին։
-Քննության առարկա են նաեւ Ադրբեջանական ԶՈՒ զինծառայողների կողմից ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ եւ Սյունիքի մարզի Գորհայք համայնքների, Գեղարքունիքի մարզի մի շարք բնակիչներին պատկանող խոշոր չափերով գույքերը՝ կացարանները, անասունները եւ ավտոմեքենաները, ՀՀ ՊՆ մի շարք զորամասերի հաշվեկշռում գտնվող առանձնապես խոշոր չափերով գույքերը, ռազմական անհրաժեշտությամբ չպայմանավորված, ապօրինի, կամայական ոչնչացնելու եւ հափշտակելու դեպքերը։
-Քննության առարկա է նաեւ հակառակորդի կողմից գրավված մարտական դիրքերից զոհված հայ զինծառայողների դիերը դուրս բերելու նպատակով կազմված խմբի 4 հայ անդամներին 15.09.2022 թ. ետ վերադառնալ չթույլատրելու դեպքը (բանակցություններից հետո վերջիններս վերադարձվեցին հայկական կողմին):
Քրեական միասնական վարույթի շրջանակում շարունակվում են հսկայածավալ քննչական, վարութային, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցագործություն կատարած Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների նույնականացման, նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, կատարված ռազմական հանցագործությունների ողջ պատկերն ամբողջացնելու նպատակով։
Բացի վերոնշյալը, չնայած ՀՀ տարածքային ամբողջականության դեմ իրականացված նշված ռազմական ագրեսիայի ընթացքում ՀՀ զինված ուժերի կողմից կազմակերպված ուժեղ դիմադրության ցուցաբերմանը, ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչությունում քննության առարկա են դարձվել նաեւ ՀՀ զինված ուժերի որոշ ներկայացուցիչների առանձին գործողություններ՝ կապված մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու, կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում գտնվող եւ ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին անօգնական վիճակում թողնելու, մարտի պարագայում ծառայողական պարտականությունները չկատարելու, զինծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով ժամանակին ծառայության վայր չներկայանալու, ծառայողական ռազմական գույքը կորցնելու եւ այլնի հետ։
Նման դեպքերի առթիվ նախաձեռնվել է 22 քրեական վարույթ, որոնց շրջանակներում մեղադրանքներ են ներկայացվել 16 զինծառայողների, որոնցից 6-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ մնացածի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։ Նշված քրեական վարույթներից 6-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, մյուսներով նախաքննությունը շարունակվում է:
ԿԱՆ ՏՈՒԺԱԾՆԵՐ
Հունվարի 23-ին՝ ժամը 23:53-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Մխչյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երասխ-Երեւան ավտոճանապարհի մոտ 50-րդ կմ-ին բախվել են Mercedes-Benz (վարորդ՝ Հ. Գ.՝ ծնված 1996 թ.) եւ Lada Priora (վարորդ՝ Գ. Ա.՝ ծնված 1999 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Lada Priora մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Մ. Պ.-ն (ծնված 1959 թ.) հոսպիտալացվել է Երեւան քաղաքի «Էրեբունի» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:
ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ
Հակակոռուպցիոն դատարանում երեկ տեղի ունեցավ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի գործով նիստը: Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանին հարց ուղղեցինք, թե ինչով է զբաղվում նա այս պահին, իշխանություններից առաջարկ չի ստացել արդյոք նոր պաշտոնի գնալու համար եւ, առհասարակ, որպես ԳՇ նախկին պետ, իր մեղքի բաժինը չի տեսնում արդյոք 15 զինծառայողների մահվան դեպքով, քանի որ իր ղեկավարման ժամանակ են զինվորներին կացարաններ հատկացրել:
Ինչպես հայտնի է, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռք բերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։
Քրեական գործով այս պահին «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հինարկում՝ «ԿԳԲ-ի պադվալում» են գտնվում ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը, իսկ մյուս անձինք ազատության մեջ են։ Երեկ Հակակոռուպցիոն դատարանում վերոնշյալ պաշտոնատար անձանց մասով առաջին դատական նիստն էր:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ