ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի շրջափակումը ոչ միայն հանգեցնում է առաջին անհրաժեշտության ապրանքների եւ դեղորայքի սղության, այլեւ հազարավոր մարդկանց զրկում է աշխատանքից եւ ապրուստի միջոցներից։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

 

«Վերջին շրջանում ադրբեջանական իշխանություններն ավելի հաճախ են դիմում 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության՝ Լաչինի միջանցքի գործունեությանը վերաբերող 6-րդ կետի կամայական մեկնաբանմանը: Սեփական քաղաքական օրակարգն առաջ մղելու նպատակով Ադրբեջանը, փակելով Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, արդեն ավելի քան 40 օր պատանդ է պահում Արցախի ողջ բնակչությանը եւ ստեղծում լուրջ հումանիտար ճգնաժամ։

Ընդ որում՝ Ադրբեջանը դիմում է տարատեսակ շահարկումների՝ փորձելով քողարկել Արցախի ժողովրդի նկատմամբ իր անմարդկային քաղաքականությունը։ Մասնավորապես, ռուս խաղաղապահներին եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին պատկանող տրանսպորտային միջոցների երթեւեկության մասին տվյալները ադրբեջանական իշխանությունները ներկայացնում են որպես հումանիտար ճգնաժամի եւ շրջափակման բացակայության ապացույց, սակայն միջազգային հանրությանը մոլորեցնելուն միտված ադրբեջանական կեղծարարությունները հերքվում են փաստերով։ Նախ՝ Լաչինի միջանցքի փակման 43 օրվա ընթացքում ավելի քիչ տրանսպորտային միջոցներ են անցել, քան մինչեւ շրջափակումը՝ մեկ օրվա ընթացքում: Այդ բոլոր տրանսպորտային միջոցները պատկանում էին կա՛մ ԿԽՄԿ-ին, կա՛մ ռուս խաղաղապահներին։ Արցախի բնակիչների տրանսպորտային միջոցները չեն անցել միջանցքով։ Երկրորդ՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով դադարեցվել է երկու ուղղություններով ուղեւորաշրջանառությունը։ Անգամ ռուս խաղաղապահների՝ Հայաստանից Արցախ երեխաներ տեղափոխող մեքենան է կանգնեցվել, իսկ ուղեւորները ադրբեջանցիների կողմից ենթարկվել են նպատակաուղղված հոգեբանական ահաբեկման։ Երրորդ՝ ամբողջությամբ դադարեցվել է սպառողական ապրանքների ներմուծումը, որը կազմում էր օրական ավելի քան 400 տոննա։

Արցախի շրջափակումը ոչ միայն հանգեցնում է առաջին անհրաժեշտության ապրանքների եւ դեղորայքի սղության, այլեւ հազարավոր մարդկանց զրկում է աշխատանքից եւ ապրուստի միջոցներից։ Ավելին՝ բացի Արցախի ցամաքային շրջափակումից, Ադրբեջանը նաեւ էներգետիկ շրջափակում է իրականացնում՝ նպատակ ունենալով է՛լ ավելի վատթարացնել հումանիտար իրավիճակը։ Ադրբեջանը շարունակում է դիտավորյալ խոչընդոտել Արցախի գազամատակարարումը եւ Հայաստանից եկող Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի՝ իրենց վերահսկողության տակ գտնվող հատվածի վերականգնումը, որտեղ հունվարի 9-ին վթար էր տեղի ունեցել։

Ադրբեջանի պնդումը՝ Լաչինի միջանցքով անցնող տրանսպորտային միջոցները կանգնեցնելու եւ բեռների զննում անցկացնելու իր իրավունքի մասին, բացարձակապես անհիմն է։ Եռակողմ հայտարարության մեջ բացակայում է բեռների փոխադրման որեւէ սահմանափակում՝ ըստ դրանց բնույթի, նշանակության կամ կիրառման։ Լաչինի միջանցքի նկատմամբ Ադրբեջանն ունի միայն մեկ պարտավորություն՝ ոչ մի կերպ չխոչընդոտել տեղաշարժը։

Եռակողմ հայտարարության դրույթները միակողմանիորեն վերանայելու եւ միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ ունեցող Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից վերահսկվող եւ բացառապես մարդասիրական փոխադրումների համար օգտագործվող ճանապարհի վերածելու Բաքվի փորձերն ապօրինի են եւ պետք է մերժվեն:

Եռակողմ հայտարարության տակ Ադրբեջանի նախագահի ստորագրությունը Ադրբեջանի ակնհայտ համաձայնությունն է ընդունել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի բացառիկ վերահսկողությունը Լաչինի միջանցքի նկատմամբ։

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հունվարի 19-ին Գեղարքունիքի Ազատ գյուղում հրդեհի հետեւանքով մահացած 15 զինվորներից 2-ը Տավուշի մարզից էին.

նրանք են Դիլիջան քաղաքի բնակիչ Գոռ Մարտիրոսյանը եւ Իջեւան համայնքի Աչաջուր գյուղի բնակիչ Պավլիկ Աբազյանը։ Դեպքից բավականին ժամանակ է անցել, սակայն Տավուշի մարզպետարանը ո՛չ մարզպետարանի ինտերետային կայքում, ո՛չ էլ մարզպետարանի ֆեյսբուքյան էջում ցավակցություն չի հայտնել այդ առթիվ։ Իջեւանի համայնքապետարանի եւ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքերում իրենց համայնքների բնակիչների մահվան վերաբերյալ տեքստեր չեն տեղադրվել. դրանք տեղադրվել են այդ համայնքապետարանների ֆեյսբուքյան էջերում։ Տարօրինակ է հունվարի 21-ի Դիիջանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում դրված եւ հանրապետության մի շարք լրավամիջոցներին ուղարկված տեքստի բովադակությունը։ Այնտեղ նշված է՝ ցավով տեղեկացել են, որ ԴՆԹ հետազոտության արդյունքում հաստատվել է հունվարի 19-ին Ազատ գյուղում գտնվող ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով մահացած դիլիջանցի Գոռ Մարտիրոսյանի ինքնությունը, ցավակցություն է հայտնվում Գոռի հարազատներին, մտերիմներին եւ ընկերներին. «Խորապես հարգելով զոհվածի հարազատների վիշտը` մեր էջում Գոռ Մարտիրոսյանի մասին կհրապարակենք ճշտված տեղեկատվություն միայն ծնողների թույլտվությամբ»։ ԴՆԹ հետազոտության արդյունքում հաստատվել է, որ մահացածներից մեկը Գոռ Ստփանյանն է, է՛լ ի՞նչը պետք է ճշտվի, համայնքապետարանի ինտերնետային կայքում ցավակցություն հայտնելու համար ինչո՞ւ պետք է Գոռ Մարտիրոսյանի հարազատների թույլտվությունը, «Ֆեյսբուք»-ում ցավակցություն հայտնելու համար համայնքապետարանը նման թույլտվություն Գոռի հարազատներից ստացե՞լ է։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ ՉԻ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

2020 թվականի ամռանը Իջեւանի գինու, կոնյակի գործարանը, առանց շինթույլտվության եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի, (ՇՄԱԳ) գործարանի հարեւանությամբ՝ Աղստեւ գետի հունում եւ ափին, կատարել է մեծ ծավալի շինարարակական աշխատանքներ. 700-800 մետր երկարությամբ գետի հունն ավերվել է, 1870 խորանարդ մետր ծավալով գետափի ժայռը վերացել է, Աղստեւի ափին կառուցվել է մեծ երկարությամբ բետոնե պատ, որի հետեւանքով Իջեւանի դենդրոպարկի ջրառն ավերվել է։ Այդ ժամանակից մինչեւ այսօր՝ ավելի քան երկուսուկես տարի, Իջեւանի դենդրոպարկն Աղստեւ գետից ոռոգման ջուր չի ստանում, Իջեւանի դենդրապարկում շուրջ 60 տարում տնկված հազվագյուտ ծառերի եւ թփերի կեսը չորացել է, մնացած մասն էլ չորացման վտանգի տակ է։ Դենդրոպարկին եւ Աղստեւ գետին պատճառվել է միլիոնավոր դոլարների նյութական վնաս: Բնապահպանական խախտումների համար Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Տավուշի մարզային բաժինը Իջեւանի գինու, կոնյակի գործարանին տուգանել է 216 հազար դրամի, նաեւ 350 հազար դրամի չափով, սակայն հայրենի բնությունը ավերելը չի խանգարել, որ 2021 թվականի նոյեմբերի 4-ին Իջեւանի գինու, կոնյակի գործարանի սեփականատեր Էմին Եղիազարյանը պարգեւատրվի ՀԱԲ-ի «Ասպետ Մեծն Տիգրան» շքանշանով։ Գրավոր դիմել եմ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին՝ հարցնելով, թե Աղստեւ գետի եւ Իջեւանի դենդրոպարկի ջրառն ավերելու հետ կապված քրեական գործն ինչ ընթացք ունի, ով է այդ գործով ներգրավված որպես մեղադրյալ: Քննչական կոմիտեի պատասխանում նշված է. «Տավուշի մարզի Աղստեւ գետի մաս հանդիսացող ջրային հողը առանց Հայաստանի Հանրապետության ջրային կոմիտեի եզրակացության վարձակալությամբ Իջեւանի գինու եւ կոնյակի գործարանին հանձնելու եւ ապօրինի շինարարություն կատարելու դեպքի առթիվ 2021 թվականի հոկտեմբերի 15-ին (08.04.2003 թվականին ընդունված եւ 01.07.2022 թվականին ուժը կորցրած) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության այս փուլում որեւէ մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ»։

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս