ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով հաստատված՝ հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված եւ հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանվել են դպրոցականների արձակուրդների օրերը:

Ըստ այդմ՝ առաջին դասարանցիների գարնանային արձակուրդները տրամադրվում են 2023 թ. մարտի 20-ից ապրիլի 2-ը ներառյալ:

Երկրորդ դասարանցիների գարնանային արձակուրդները տրամադրվում են 2023 թ. մարտի 27-ից ապրիլի 2-ը ներառյալ:

3-12-րդ դասարանների գարնանային արձակուրդները տրամադրվում են 2023 թ. մարտի 27-ից ապրիլի 2-ը ներառյալ:

Ըստ ուսպլանի՝ ԿԳՄՍ նախարարությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ եւ այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների եւ սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցներում:

Այդ փոփոխությունները կարող է կատարել նաեւ ուսհաստատությունը՝ բաց թողնված ժամերը մինչեւ ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու կամ ուսումնական պարապմունքները հեռավար եղանակով կազմակերպելու մասին լիազոր մարմնին տեղեկացնելու պայմանով:

Սահմանվել է նաեւ, որ 2022-2023 ուստարվա պարապմունքներն ավարտվում են 2023 թ. մայիսի 26-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, եւ մայիսի 27-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ, եւ 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար:

ՍՊԱՍԱՐԿՈՒՄ՝ ԱՌԱՆՑ

ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐԻ

Այսուհետեւ Արցախի Հանրապետությունում գործունեություն ծավալող յուրաքանչյուր բանկ Արցախում գործող մյուս բանկերի քարտերը սպասարկելու է առանց միջնորդավճար գանձելու, իսկ դրա՝ տեխնիկապես անհնարինության դեպքում՝ գանձված միջնորդավճարը քարտապանին կվերադարձվի գործարքի հաջորդ օրը:

Արձագանքելով բնակչության կողմից բարձրացված խնդրին եւ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Արցախի օպերատիվ շտաբը հարցը քննարկել էր ՀՀ կենտրոնական բանկի հետ, որից հետո Արցախում գործող բոլոր բանկերին առաջարկվել էր վերոնշյալ կարգավորումը: Բոլոր բանկերն իրենց համաձայնությունն են տվել եւ պատրաստակամություն են հայտնել ապահովել ընթացակարգի իրականացումը: Այս մասին հայտնում է ԱՀ օպերատիվ շտաբը:

 

 

 

 

ՉԻ ՎՃԱՐՎԵԼ 66 ՄԼՆ ԴՐԱՄ

«ԷԼ-ԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) տնօրեն Ն.Ն.-ն, առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու նպատակով Ընկերության գործունեության վերաբերյալ հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում մտցրել է ակնհայտ կեղծ տվյալներ, արդյունքում պետական բյուջե չի վճարել 66 մլն 30 հազար 178 դրամ հարկ:

Մասնավորապես՝ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «ԷԼ-ԱՆ» ընկերության տնօրեն Ն.Ն.-ն Ընկերության կողմից կառուցապատված եւ 2018 թվականի մայիսից մինչեւ 2019 թվականի ապրիլ ամիսների ընթացքում օտարված Կիեւյան 2/9 հասցեի բազմաբնակարան շենքի 7 բնակարանների արժեքները՝ պակաս, իսկ ընկերության իրականացրած ծախսերն ավել է հայտարարագրել հարկային մարմին ներկայացված հաշվարկներում:

Բացի այդ, Ընկերության 2018 եւ 2019 թվականների համախառն եկամտից նվազեցվող ծախսերը կազմել են 74 մլն 818 հազար 704 դրամ եւ 205 հազար 694 դրամ, սակայն, Ն.Ն.-ն համախառն եկամտից նվազեցվող ծախսերը ներկայացրել է 2018 թվականի շահութահարկի հաշվարկով՝ 131 մլն 30 հազար 745 դրամ, եւ 2019 թվականի շահութահարկի հաշվարկով՝ 99 մլն 845 հազար 150 դրամ:

Արդյունքում Ն.Ն.-ն, խախտելով ՀՀ հարկային օրենսգրքի մի շարք հոդվածներ, Ընկերության հարկվող շահույթը նշված ժամանակահատվածում պակաս է ցույց տվել՝ 2018 թվականին պետական բյուջե չվճարելով 26 մլն 523 հազար 352 դրամ, իսկ 2019 թվականին՝ 22 մլն 76 հազար 886 դրամ. 2018 թվականի մայիս, օգոստոս, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր, 2019 թվականի ապրիլ ամիսների համար չի հաշվարկել եւ պետական բյուջե չի վճարել 17 մլն 429 հազար 940 դրամ ավելացված արժեքի հարկ:

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքը՝ ՊԵԿ քննչական վարչությունում (այժմ՝ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն), 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), Ն.Ն.-ին 2022 թվականի հունիսի 27-ին առաջադրվել է մեղադրանք:

Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Դատախազական հսկողության ներքո կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, այդ թվում՝ նշանակվել է դատահաշվապահական փորձաքննություն:

 




Լրահոս