ՍԻԲԻԼԸ՝ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՀԱՄԵՐԳԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 18-ին Ստամբուլի ամենահայտնի եւ մեծ համերգասրահներից մեկում կայացավ պոլսահայ սիրված երգչուհի Սիբիլի երկար սպասված մենահամերգը: Երգչուհին ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է համերգի մանրամասների եւ տպավորությունների մասին:

 

«Եկարարատեւ դադարից հետո որոշեցի Կ. Պոլսում հանդես գալ մենահամերգով: Համերգն ինձ հմար շատ սպասված էր եւ անհամբերությամբ էի սպասում այդ օրվան. իհարկե, այն անցավ շատ լավ, բարձր տրամադրությամբ: Ամենակարեւորը գոհը էին ե՛ւ երաժիշտները, ե՛ւ հանդիսատեսը: Բեմում մոտ 45 երաժիշտ կար, ինչպես նաեւ ունեի յուրահատուկ հյուրեր՝ Հայաստանից ժամանած: Հատուկ համերգի համար Հայաստանից եկել էին Beautified Project rock խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանը, Հրանտ Կիզմեչյանի ղեկավարությամբ «Հրանտ Դինք» վարժարանի հայկական երգչախումբի սաները, համշենցի հայտնի երգչուհի Այսենուր Կոլիվարը, սիմֆոնիկ եւ փոփ նվագախումբը, եւ մաեստրո Սիբիլ Արսենյանի հետ 20 հայկական երգ հրամցրեցինք հանդիսատեսին»,-նշեց երգչուհին: Վերջինիս խոսքով՝ մենահամերգի մասին շատ դրական արձագանքներ է լսել ոչ միայն հայ համայնքի կողմից, այլ նաեւ թուրքերի. «Հունվարի 18-ին՝ համերգի ընթացքում, հնչել է նաեւ նոր երգ: Համո Սահյանի խոսքերով «Հրանտ Դինք» վարժարանի երաժշտության ուսուցիչ Հրանտ Իզմեջիյանի եւ երգչախմբի հետ միասին երգեցինք: Եթե հովանավոր լինի, ապա կուզենամ գործիքավորել այդ երգը: Այս ամենի հետ հանդերձ ունեմ նաեւ նոր երգեր, որոնք պետք է կյանքի կոչվեն Հայաստանում»: Իսկ թե երբ է պատրաստվում այցելել Հայաստան, Սիբիլն ասաց, որ դեռ անորոշ է: Երգչուհին մեզ հետ զրույցում անդրադարձավ նաեւ Հայաստանում եւ Արցախում տեղի ունեցող իրադարձություններին՝ նշելով, որ մշտապես հետեւում է, թե ինչ է կատարվում հատկապես Արցախի շուրջ: «Առաջին՝ կուզենայի նշել, որ շատ եմ ցավում մեր նախ 15 զինվորների կորստի համար, շատ եմ ցավում: Արցախի համար Աստծուն աղոթում եմ, որ լույս բացվի: Ամեն օր դրական լուրի ենք սպասում: 2023 թվականին բոլոր ցավերը թող կորչեն, ու բարին թող հաղթի»,-հավելեց նա:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ, ՈՒԺԵՂ ՑԱՎ

Դերասանուհի,  բլոգեր Լիանա Վանոյանը վատառողջ է: Այս մասին դերասանուհին «Ինստագրամ»-ի «Սթորի» բաժնում տեղեկացրել է իր հետեւորդներին: Ըստ երեւույթին, դերասանուհին վարակվել է սուր շնչառական հիվանդությունով, դրա հետ մեկտեղ, ինչպես նա է նշել, ունի ատամնացավ:

Ի դեպ, նշենք, որ Լիանան բավականին ակտիվ եւ մտահոգ հրապարակումներ է անում Արցախի եւ Հայաստանի ներկա վիճակի մասին:

Լիանա Վանոյանն  անդրադարձել էր նաեւ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասում բռնկված հրդեհին՝ հրապարակելով լուսանկարները դեպքի վայրից:

«15 կյանք, 15 ընտանիք: Ցավակցում եմ հարազատներին: Սրանք սա էլ կմարսեն. մարդկային կյանք կործանելու փորձ ունեն»:

 

 

 

2023 Թ.-Ի ԹՐԵՆԴԱՅԻՆ ԳՈՒՅՆԵՐԸ

2023 թվականի ձմեռային նորաձեւության ներկապնակը ներառում է թե՛ վառ, թե՛ հանգիստ գույներ:

Իսկ  ինչպե՞ս ընտրել երանգները, ի՞նչն է այս տարի նորաձեւ, ի՞նչ միտումներ, թրենդներ են առավել ակտուալ. այս եւ այլ հարցերի պատասխանները գտնելու համար «Ժողովուրդ» օրաթերթը հատուկ մեր ընթերցողների համար զրուցել է հայտնի ոճաբան Գայա Գեւորգյանի հետ:

Քանի որ 2023-ի խորհրդանիշը սեւ ջրային ճագարն է, այս տարվա հիմնական գույնը կլինի սեւը, հետեւաբար ոճաբանը խորհուրդ է տալիս  օգտագործել տարբեր համադրություններ:

Ջրային ճագարի հիմնական գույներից է նաեւ կապույտը (կապույտի երանգները):

Ոճաբան Գայա Գեւորգյանը նաեւ անդրադարձել է 2023 թվականի հաջողակ գույներին. դրանք են տաք վարդագույնը, կապույտը, մարգարտե սպիտակը, դեղինը, կարմիրը, կանաչը:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության՝ «Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» եւ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ների միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր: Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի կողմից հուշագիրը ստորագրել է թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը, իսկ Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի կողմից՝ կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը: Հուշագրի նպատակն է զարգացնել համագործակցությունը հետեւյալ ուղղություններով՝

-աջակցություն՝ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի զարգացման ռազմավարական ծրագրերի իրականացմանը եւ առաջխաղացմանը՝ ձգտելով երեխաների ավելի արդիական եւ լիարժեք կրթության ապահովմանը,

-աջակցություն՝ ներառական կրթության համատեքստում արտադպրոցական խմբակների ստեղծմանը, դասընթացների կազմակերպմանը եւ իրականացմանը,

-աջակցություն՝ ներառական կրթության համատեքստում մշակութային համագործակցության զարգացմանը:

Նախատեսվում է կազմակերպել հանդիպումներ թատրոնի անվանի արվեստագետների հետ, համատեղ իրականացնել թատերական ներառական ներկայացումներ, անցկացնել վարպետության դասեր, միջոցառումներ, մասնագիտական կլոր սեղան-քննարկումներ եւ այլն: Կողմերը վստահություն են հայտնել, որ արդյունավետ համագործակցությամբ կնպաստեն ներառական կրթության համատեսքստում կրթական, մշակութային, ուսումնական եւ նորարարական համագործակցության զարգացմանը՝ նպաստելով ներառական կրթական ծրագրերում մշակութային բաղադրիչի ընդլայնմանը:

 

 

 

«ԻՆՏԵՐ»-Ը ՊԱՐՏՎԵԼ Է

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը հյուրընկալել էր «Էմպոլի»-ին:

Առաջին կեսում երկու թիմերն էլ պահեր ստեղծեցին, սակայն չկարողացան դրանք արդյունավետ եզրափակել, իսկ խաղակեսի վերջնամասում «Ինտեր»-ը մնաց 10 ֆուտբոլիստով. երկրորդ դեղին քարտի պատճառով հեռացվեց Միլան Շկրինյարը:

«Էմպոլի»-ն, ի վերջո, կարողացավ օգտագործել թվային առավելությունը եւ նվազագույն հաշվով հաղթանակ տոնել: 66-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Տոմազո Բալդանցը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի  նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 77-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում երրորդն է եւ ունի 37 միավոր:




Լրահոս