Ուղիղ երեք տարի առաջ՝ այս օրերին՝ 2020-ի հունվարի 10-ին, երբ հայ հասարակության մոտքով անգամ չէր անցնում, որ ընդամենը ամիսներ անց Ադրբեջանի սանձազերծած աղետաբեր պատերազմը հազարավոր զոհերի ու տարածքային կորուստների պատճառ է դառնալու, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր իսկ կառավարությանը դրվատելու մղումներից ելնելով, ի լուր աշխարհի հայտարարում էր. «2019 թվականի ընթացքում հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի պատմական մինիմում է արձանագրվել, այսինքն՝ մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին»:
Սակայն այն, ինչ տեղի ունեցավ ու տեղի է ունենում առ այսօր հայոց բանակում, Փաշինյանի իշխանության իրական դեմքն ու պատկերն է ներկայացնում: «Ժողովուրդ» օրաթերթը, օգտվելով բաց աղբյուրներում հրապարակված տեղեկատվությունից, հավաքագրել է, թե 2018-ի իշխանափոխությունից մինչեւ այս պահը՝ Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում, չհաշված պատերազմական գործողությունները, բանակում մահվան քանի դեպք է գրանցվել: Այսպես, ըստ razm.info կայքում հրապարակված տեղեկատվության՝ 2018-ին ու 2019-ին ՀՀ ԶՈւ-ում զոհերի թիվը համապատասխանաբար 63 եւ 49 է եղել: Նշենք, սակայն, որ Փաշինյանը 2018-ի մայիսից է ստանձնել ՀՀ կառավարումը:
2020-ին, բացի պատերազմի հազարավոր զոհերը, ըստ Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացրած տվյալների, պատերազմական գործողություններով չպայմանավորված՝ 100 զինծառայողի մահվան դեպք է գրանցվել: 2021-ին խաղաղ պայմաններում 65 զինծառայող է զոհվել. տեղեկությունը իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն է ներկայացրել մի հարցազրույցի ժամանակ: Նախորդ՝ 2022թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին, բացի սեպտեմբերի 13-14-ի ռազմական էսկալացիայի հետեւանքով ունեցած մոտ երեք հարյուր զոհերը, խաղաղ պայմաններում, ըստ կայքերից մեկի ներկայացրած տեղեկատվության, բանակում մահվան 51 դեպք է գրանցվել (3 ամսվա տվյալները բացակայում են): Ամենասարսափելին, ցավոք, 2023-ի հենց սկզբին գրանցված դեպքն էր՝ Գեղարքունիքի մարզի ողբերգությունը, ինչի ժամանակ ժամկետային 15 զինծառայող հրդեհի զոհ դարձավ: Ի դեպ, ըստ ռազմական փորձագետների ու բանակի հարցերով զբաղվող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ մինչեւ այս խաղաղ պայմաններում այդչափ թվով միաժամանակյա մահերի միջադեպ երբեւէ չէր գրանցվել: Այսպես, ի մի բերելով վերոգրյալ թվերը՝ մոտավոր այսպիսի պատկեր է ստացվում. Նիկոլ Փաշինյանի կառվարումից ի վեր՝ առ այս պահը, խաղաղ պայմաններում (չհաշված 2020-ի 44-օրյա ու 2022-ի սեպտեմբերյան երկօրյա պատերազմները) 343 զինծառայող է զոհվել: Եթե այս թիվը համեմատելու լինենք մինչեւ Նիկոլ Փաշինյանի կառավարումը եղած նախորդ 4 տարիների հետ (այդ ժամանակ ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանն էր), ապա նորից, ըստ razm.info.am-ի ներկայացրած տվյալների, ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերը չհաշված, Սարգսյանի կառավարման վերջին 4 տարիներին բանակում մահացության 256 դեպք է գրանցվել, Փաշինյանի օրոք՝ 343:
Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն ապահովագրել է իրեն. «Ժողովուրդ» օրաթերթը նախորդ տարի գրել էր, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն առաջիկայում խորհրդարան կմտնի 3 պատգամավորների մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու միջնորդությամբ: Խոսքը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, նույն խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանի եւ Արմեն Չարչյանի մասին է: Նաեւ գրել էինք, որ եթե Վահե Հակոբյանը մանդատը վայր դնի, շատ խնդիրներ չի ունենա: Եվ, ահա, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երկու միջնորդություն արդեն ներկայացրել է Սեյրան Օհանյանի եւ Արմեն Չարչյանի մասով, իսկ Վահե Հակոբյանը, ինչպես հայտնի է, այլեւս պատգամավոր չէ: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները չեն բացառում, որ Վահե Հակոբյանը գործարքի է գնացել իշխանությունների հետ եւ խոստացել, որ հիմնականում լուռ կմնա, սուր քննադատության չի ենթարկի իշխանությանը, եւ, որպես փոխհատուցում, իրավապահները նրա հանդեպ մի փոքր բարի կլինեն, այսինքն՝ քրեական գործ կհարուցվի, նրա անունը կշոշափվի, նա կհարցաքննվի, սակայն վերջաբանը, ամեն դեպքում, բարի է լինելու: Կարծես թե, մինչ այս պահը Վահե Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ըստ ամենայնի տված խոստումը պահում է:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունների հարցի շուրջ գործընթացը կասեցված չէ: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այժմ իրավապահ համակարգի կողմից տեխնիկական ստուգման գործընթաց է իրականացվում, որից հետո էլ ՔՊ վարչության անդամներին կանչելու են եւ փորձեն հասկանալ, թե ինչպես է եղել վարչության ընտրակեղծիքը: Ինչպես հայտնի է, նոյեմբերի 4-ին իշխող կուսակցությունը պաշտոնապես հաստատեց, որ իր ղեկավար մարմնի ընտրությունների արդյունքները սխալ են հաշվարկվել, եւ, ստացված դիմումի հիման վրա, իրականացվել է քվեաթերթիկների վերահաշվարկ։ Արդյունքում վարչության կազմից դուրս են մնացել իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, փոխարենը նոր վարչության կազմում են պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը։ Հայտարարության մեջ այդպես էլ չի հստակեցվում՝ ով է դիմել վերահաշվարկի համար (ըստ լուրերի՝ Արսեն Թորոսյանը), ձայները կեղծվել են, թե անփութություն է եղել, կամ հնարավոր պատասխանատվության հարցը դարձել է քննարկման առարկա, թե ոչ։ Այս հարցով զբաղվում են իրավապահները:
Հայաստանի տարածքում գործող խոշոր առեւտրի կենտրոններում ուժեղացված վերահսկողություն է իրականացվում: Առեւտրի բոլոր կենտրոններում, այդ թվում՝ մարզայիններում, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից հրդեհատեխնիկական հետազոտություններ եւ ստուգումներ են իրականացվում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ թերությունների հայտնաբերումից հետո տնտեսվարողին այլեւս ժամանակ չի տրվում դրանք վերացնել, այլ անմիջապես գործունեությունը կասեցնելու որոշում է կայացվում։ Խոսքը ոչ միայն առեւտրի խոշոր կենտրոնների մասին է, այլեւ փայտամշակման, տպագրական արտադրամասերի, նավթամթերքի պահեստարանների, ընդհանուր նշանակության պահեստների, այնտեղ, որտեղ կարող է լինել մարդկանց մեծաքանակ կուտակում եւ դյուրավառ միջավայր: Նախօրեին պարզ դարձավ, որ կասեցվել է «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը: Տոնավաճառը պետք է փակվի փետրվարի 1-ից: Նշենք, որ այս որոշման հետեւանքով գործազուրկ է դառնում ավելի քան 600 քաղաքացի: Ի դեպ, չի բացառվում, որ առաջիկայում գործունեությունը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացվի նաեւ «Գնունի» շուկայի մասով: