«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը:
-Արդեն 45 օր է, ինչ փակ է Լաչինի միջանցքը, Արցախը շրջափակման մեջ է: Մեզ հետաքրքրում էր, թե այդ հանգամանքները Ադրբեջանում ինչպե՞ս են մեկնաբանում ու գնահատում թե՛ հասարակության, թե՛ պաշտոնյաների շրջանակներում:
-Ադրբեջանական դաշտի ուսումնասիրությունը գալիս է փաստելու, որ այնտեղ եւս նյարդայնանում են իրավիճակի ձգձգմամբ: Օրինակ՝ վերջին երկու օրերի ընթացքում բավականին ուշագրավ հոդվածներ են հրապարակվում, թե Ռուսաստանը պետք է կոնկրետ քայլերի գնա. ի՞նչ են հասկանում՝ կոնկրետ քայլեր ասելով՝ ճնշում գործադրել Արցախի իշխանությունների վրա զիջումների գնալու համար: Իրենք հասկանում են, որ 45 օր փակված պահելով ճանապարհը՝ իրենք որեւէ արդյունքի չեն հասնելու: Ճիշտ է, այդ ամբողջ զրկանքների կրողները մեր՝ Արցախում ապրող հայրենակիցներն են, բայց, ըստ էության, Ադրբեջանը որեւէ խնդիր չի կարողացել լուծել, եւ իրենց համար պատերազմից հետո սա երեւի առաջին նման դեպքն է, որ չեն կարողանում իրենց առջեւ դրված նպատակին հասնել, եւ, բնականաբար, դա վրդովմունք է առաջացնում: Դրան գումարվում են միջազգային կոչերը, շարունակվող զանգերը եւ իրավիճակի հետագա լարումը, քանի որ գնալով իրենք փորձում են օղակը սեմղել՝ գազի մատակարարում, էլեկտրաէներհիա եւ այլն: Այսպես իրենք փորձում են ճնշումը մեծացնել եւ ստիպել գնալ նոր զիջումների: Իրենք դրան չեն կարողանում հասնել: Ընդհանուր առմամբ, սա է դաշտում, եւ մի քանի խնդիր է առկա եւ դրված իրենց առջեւ, որոնց մասին բարձրաձայնում են. հանքի խնդիրն արդեն փոքր հարց է դարձել եւ պատրվակ է: Իրենց նպատակը Ռուբեն Վարդանյանի հեռացումն ու անցակետեր տեղադրելն է: Անցակետի տեղադրման մասով. դա դառնալու է Արցախի հայաթափման առաջին քայլը, ու մարդիկ դուրս են գալու: Վառ օրինակ եւ ապացույց է այն դրվագը, որ եղավ երեխաներ տեղափոխող ավտոբուսի ժամանակ:
-Ադրբեջանի ԱԳՆ-ն երեկ խիստ վրդովմունք էր հայտնել՝ ԵՄ առաքելության՝ ՀՀ սահմանային գոտիներ ուղարկելու հետ կապված: Ի՞նչն է իրականում Ադրբեջանի վրդովմունքի պատճառը:
-ԵՄ առաքելության կողմից մշտադիտարկման առաքելության ժամկետի երկարացումն իրենք իսկապես շատ ցավոտ են ընդունում: Բաքվում դա դիտում են որպես խոչընդոտ՝ հերթական ագրեսիաներին գնալու համար, եւ իրենց ագրեսիան հենց դրանով է բացատրվում: Քարոզչական լուրջ աշխատանք են տանում, եւ դա նաեւ դիվանագիտական աշխատանք է. հենց երեկ Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւը հանդիպել էր Իրանի դեսպանի հետ, եւ ինտենսիվ աշխատանք են տանում Իրանի եւ ՌԴ կողմից կոշտ արձագանք ստանալու համար: Դրա համար մեր կողմը պետք է պրոակտիվ լինի, պատշաճ կոմունիկացիաներով տեղեկացնի իր գործընկերներին եւ դրանով խուսափի այն խնդիրներից, որոնք Բաքվում բնականաբար ստեղծվելու են:
-Ձեր հարցազրույցներում միշտ նշում եք, որ Լաչինի միջանցքում այսօր ստեղծված իրավիճակը ուղղակիորեն կապված է ավելի քան 30 տարի առաջ Բաքվում եւ Սումգայիթում տեղի ունեցածի հետ: Հիմա, փաստորեն, նպատակները նույնն են, ձեռագիրը՝ այլ, բայց, ի՞նչ եք կարծում, Բաքուն շատ ավելի կոշտ ու ողբերգական քայլերի կդիմի՞:
-Այո, այսօրվա քաղաքականությունն իրենց 30 տարի առաջվա քաղաքականության շարունակությունն է՝ նույն մեթոդներով: Իրոք, պատահական չէ, որ Բաքուն հենց այս տարբերակն է ընտրել կրկին, որովհետեւ իրենց ներքին դիսկուրսներին հետեւելով՝ տեսնում ենք, որ իրենք փորձում են արդարացնել, թե ինչու են այդ ճանապարհն ընտրել կամ ավելի բռնի եւ ռազմական ճանապարհ: Նրանք բացատրում են, որ աշխարհը թույլ չի տալիս գնալ ուղիղ էթնիկ զտումների, եւ իրենք այս ճանապարհով կստիպեն հայերին դուրս գալ եւ այդպես խնդիրը կփակեն: Եւ թույլ չեն տա երբեք՝ հայերն այդ խնդիրը բարձրաձայնեն: Նրանք հիմա այս պահը համարում են պատմական պահ եւ սպասում են ու հույս ունեն, որ հարցը կլուծվի, այնտեղ հայ չի մնա: Իրենց պատկերացրած Արցախում հայ չպետք է մնա, եւ իրենք ամեն կերպով դա ապացուցում են: Ու ես կարծում եմ, որ մեր պաշտոնյաները պետք է օգտվեն այդ հայտարարություններից: Ուրախ եմ տեսնել, որ Արարատ Միրզոյանի վերջին ելույթում շեշտվել է այդ հանգամանքը, եւ դա պետք է հետեւողական գիծ լինի:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ՀԵՐԹԱԿԱՆ ՇԵՂՄԱՆ ՕՊԵՐԱՑԻԱՆ
Հունվարի 19-ին՝ Ազատ գյուղում տեղի ունեցած զորամասի ողբերգական հրդեհից անմիջապես հետո, երբ հասարակությունը քննարկում էր իշխանությունների պատասխանատվության հարցը այդ ողբերգական միջադեպի հարցում, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը որոշեց ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն համաձայնություն տալու միջնորդություն ներկայացնել ԱԺ, թեեւ «Ժողովուրդ» օրաթերթը դրա մասին վաղուց էր գրել:
ArmLur.am-ը այս առիթով զրուցել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ:
-Պարո՛ն Քոչարյան, ինչո՞ւ հենց հիմա որոշեցին ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնել:
-Հերթական շեղման օպերացիան է, փորձում են հասարակության ուշադրությունը շեղել: Կարծում եմ, որ նույն նպատակով իշխանական ճամբարի մի թեւ փորձում է տաք պահել նաեւ Պապիկյանի հրաժարականի թեման, այսպես ասած՝ «դամոկլյան թուր» են կախում:
-Պարո՛ն Քոչարյան, բայց տպավորություն է, որ հասարակության ուշադրությունը շեղելու այս գործելաոճն այլեւս չի ազդում, արդեն այս միջոցն էլ է սպառվել:
-Հասարակությունը սովոր է: Չեմ կարող ասել՝ այս անգամ կգործի, թե չէ, բայց որ «ներկա-նախկին» մանիպուլացիան այլեւս չի աշխատում, դա փաստ է. եթե բանականությունից զուրկ մարդկանց հանեք, մնացածի վրա արդեն էլ չի ազդում:
-Միջադեպից ընդամենը ժամեր անց Նիկոլ Փաշինյանը կանխավարկած առաջ քաշեց, թե զինվորները խախտել են անվտանգության կանոնները: Տպավորություն էր, որ նա շտապում է դեպքի վերաբերյալ մանրամասներ առաջինը հայտնել՝ չսպասելով քննության ավարտին:
-Նիկոլ Փաշինյանի՝ կանխավարկած տալը նորություն չէ. հիշե՛ք «Սուրմալու»-ն կամ պատերազմի առաջին օրը, որ ասում էին՝ ինչ էլ պատահի, մենք մեզ պարտված չենք համարի. սա էլ է իրենց գործելաոճը:
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ՉԻ ԳՈՐԾՈՒՄ
2023 թ. հունվարի 1-ից Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հնարավոր է իրականացնել ուղիղ ավիաբեռնափոխադրումներ. սա Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր: Հունվարի 6-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն էլ հայտնել էր. «Թուրքական կողմն այսօր մեզ տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է: Ցանկանում ենք հիշեցնել, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022 թ. հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր»: «Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարություն եւ հետաքրքրվել, թե այս արգելքի վերացումից հետո արդյոք դիմումներ եղել են օդային բեռնափոխադրումներ իրականացնելու համար: Ի պատասխան՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են. «2023 թվականի հունվարի 1-ից՝ թուրքական կողմից Թուրքիա-Հայաստան եւ հակառակ ուղղությամբ օդային բեռնափոխադրումների արգելքի վերացումից հետո, Հայաստան-Թուրքիա եւ հակառակ ուղղությամբ դեռեւս օդային ճանապարհով բեռնափոխադրումներ չեն իրականացվում: Դեռեւս մաքսային եւ այլ ընթացակարգերի համաձայնեցում պետք է տեղի ունենա, որպեսզի հնարավոր լինի իրականացնել այդ թռիչքները»: Այսինքն՝ որոշումը կա, քաղաքական հայտարարությունը կա, բայց խնդիրը փաստացի չի լուծվել. փոխադրում անել հնարավոր չէ:
ՔՊ-ՈՒՄ ԹԵԺ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՆ
Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության երեք միջնորդություններից մեկը խորհրդարանում կքննարկվի փակ նիստով, քանի որ այն գաղտնի ռեժիմով է խորհրդարան եկել: Մյուս երկու միջնորդություններն արդեն կքննարկվեն բաց նիստով, որի ժամանակ էլ, ԱԺ պատգամավորների մեծամասնության որոշմամբ, Օհանյանը կզրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՔՊ-ն թեեւ վերջնական որոշում չունի այս մասով, բայց, ամեն դեպքում, մեծամասնությունը տրամադրված է համաձայնություն տալ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն: Պատճառն էլ այն է, որ չեն ցանկանում հակադրվել դատախազության որոշմանը: Տեղեկացանք նաեւ, որ թեեւ այս օրերին խմբակցության ներսում թեժ քննարկումներն են գնում, բայց ՔՊ-ն ամբողջ կազմով կհավաքվի միայն նստաշրջանի նախորդ օրը՝ փետրվարի 6-ին, որի ժամանակ էլ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը մյուս պատգամավորներին կտեղեկացնի ընդդիմադիրների մասով խմբակցության որոշման մասին: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խմբակցությունում կան պատգամավորներ, որոնք դեմ են ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ իրականացվող այս գործընթացին, գտնում են, որ անվտանգային նման լարված իրավիճակում քաղաքական «շոուների» ժամանակը չէ: Այս օրերին պարբերաբար հանդիպումներ են ունենում «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը եւ Իշխան Սաղաթելյանը, որոնք էլ որոշում են՝ ինչ հակահարված են տալու իշխող ֆրակցիային: