ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Քաղաքացիներն ահազանգում են իրենց գույքային իրավունքների խախտումների մասին:
Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղի բնակիչներից մեկը մասնավորապես նշել է, որ հանրության գերակա շահ ճանաչված տարածքում սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի (Արագածոտնի մարզ, Ապարան համայնք, Եղիպատրուշ գյուղ, 0,3799 հա) համար առաջարկվող փոխհատուցման գումարն օբյեկտիվորեն չի համապատասխանում իր անշարժ գույքի շուկայական արժեքին:
Մինչդեռ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով հողամասի սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում եւ կարգով` միայն նախնական եւ համարժեք փոխհատուցմամբ: Մասնավորապես, «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ oտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում: Համարժեք է համարվում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարը:
Տվյալ դեպքում փորձագիտական կազմակերպությունը տվել է գնահատման եզրակացություն եւ որոշել, որ հողամասի փոխհատուցումը կազմել է 544 525 ՀՀ դրամ, որը հաշվարկվել է 1 քմ հողամասի համար 133 ՀՀ դրամ արժեքով: Որոշումն առաջացրել է քաղաքացու դժգոհությունը:
Այս կապակցությամբ գրություն եմ ուղարկել ՀՀ Էկոնոմիկայի նախարարին, որը վստահեցրել է, որ հանրության գերակա շահ ճանաչված տարածքների օտարման գործընթացն իրականացվում է՝ ՀՀ օրենսդրության դրույթներին համապատասխան։
Հարկ է նկատել, որ վերոնշյալի համատեքստում առնվազն մտորումների տեղիք է տալիս ՀՀ էկոնոմիկայի նախարարի վերոնշյալ ձեւակերպումը այն պարագայում, որ առկա են դատական գործեր, որով վիճարկվում են վերոնշյալ հանգամանքները: Ըստ այդմ՝ օտարման գործընթացն իրականացվում է ՀՀ օրենսդրության դրույթներին համապատասխան, թե ոչ՝ կորոշի դատարանը։
Ինչեւէ, Եղիպատրուշ գյուղի բնակիչը եւ, իր պնդմամբ, այլ համագյուղացիներ եւս մնում են դժգոհ որոշումից, քանի որ այդպիսով իրենց խնդիրը լուծում չի ստանում:
Նշեմ, որ առկա է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի վերաբերյալ համանման պրակտիկա, երբ դժգոհ քաղաքացիները, որոնք ընդդեմ Հայաստանի բողոքներ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ըստ էության, վերջինիս կողմից բողոքներից շատերը ընդունելի են համարվել, եւ դատարանի կողմից առնվազն փաստվել է բողոքաբերների սեփականության իրավունքի խախտման հանգամանքը:
Պետական պաշտոնյաները պարտավոր են հարգել մարդու սեփականության իրավունքը եւ գործել դրա շրջանակներում»:
ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Լաչինի միջանցքի փակ լինելու հետեւանքով Լեռնային Ղարաբաղում մնացած 11 քաղաքացի ընտանիքի միավորման նպատակով Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել է Հայաստան։ 10 քաղաքացի էլ Կարմիր խաչի միջնոդրությամբ Լաչինի միջանցքով տեղափոխվել է Հայաստանից։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԸ ԿԳՈՐԾՈՒՂՎԵՆ
ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանը պետբյուջեի հաշվին կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ:
Մարիամ Պոոսյանը Շարժա քաղաքում կմասնակցի Ներդրումային ֆորումին: ՔՊ-ական պատգամավորը գործուղման մեջ կլինի փետրվարի 7-10-ը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ գործուղման հետ կապված բոլոր ծախասերը՝ ճանապարհածախսը, գիշերավարձն ու օրապահիկը, ՀՀ պետբուջեի հաշվին են կատարվելու:
ԴՊՐՈՑԸ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ Է ՓՆՏՐՈՒՄ
Նոյեմբերյան խոշոր համայնքի սահմանամերձ Դովեղ գյուղի միջնակարգ դպրոցը «Ֆեյսբուք»-ում հայտարարություն է տարածել, որով հայտնում է, որ Դովեղի դպրոցին հարկավոր են մաթեմատիկա ու թվային գրագիտություն եւ համակարգչային գիտություն առարկաների ուսուցիչներ։ Դովեղը Նոյեմբերյան քաղաքից հեռու է ընդամենը 3 կիլոմետր, Նոյեմբերյանի բնակիչը կարող էր այնտեղ աշխատել։ Տավուշի մարզպետարանից «Ժողովուրդ» օրաթերթին հայտել են, որ մարզպետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական 76 դպրոցներում առկա է ուսուցիչների 27 թափուր հաստիք՝ մաթեմատիկա, քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա, անգլերեն, ռուսերեն, պատմություն, արվեստ, բնագիտություն, ինֆորմատիկա, շախմատ, տեխնոլոգիա, երաժշտություն առարկաների գծով։
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ՝ հունվարի 24-ին, հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինա-Ռուսաստան ռազմական հակամարտությունը դիվանագիտական ճանապարհաով ավարտելու հետ կապված հարցեր: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով նախօրեին տեղի ունեցած Մակրոն-Զելենսկի հեռախոսազրույցին:
«Հեռախոսազրույցի ժամանակ Ուկրաինայի նախագահը Ֆրանսիայի իր գործընկերոջը շնորհակալություն է հայտնել ռազմական տեխնիկայի, մասնավորապես՝ տանկերի, ինչպես նաեւ հակօդային պաշտպանության միջոցների տրամադրման համար, որ ուկրաինական բանակը շատ ավելի անխոցելի կդարձնեն»,- ասված է Ուկրինայի նախագահ Զելենսկիի թելեգրամյան ալիքում:
ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողները խրախուսվել են միանվագ դրամական պարգեւատրմամբ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ խոսքը, մասնավորապես, ԱԺ մշտական հանձնաժողովների փորձագետների, կամ, օրինակ, ԱԺ աշխտակազմի աշխատակիցների մասին է: Տեղեկացանք նաեւ, որ անձնական տվյալների պաշտպանվածության նորմերից ելնելով՝ ԱԺ պարգեւատրված աշխատակիցների անունները կարող են եւ չհրապարակվել: Պարգեւատրվածների ցանկ-հավելվածը, ի դեպ, ԱԺ նախագահի կողմից ստորագրված որոշումից հենց այդ հիմքով էլ բացակայում է: ArmLur.am-ին հայտնի դարձավ մեկ այլ հանգամանք եւս. պետական ծառայողները տարեկան երկու անգամ միանվագ պարգեւատրում են ստանում:
ԴՌՆՓԱԿ ՆԻՍՏ
ArmLur.am-ը հայտնել էր, որ «Հայաստան» խմբակցությունը հունվարի 8-ին արտագնա նիստ էր անցկացրել, որին մասնակցել էր նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
ArmLur.am-ին խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտնել էր, որ արտագնա նիստի ժամանակ քննարկել են Լաչինում ստեղծված իրավիճակի հետ կապված հարցերը, ներքաղաքական իրավիճակը, ամփոփվել է անցած տարին, խոսել են ֆրակցիայի մարտավարական քայլերի մասին:
Մամուլում երեկ լուրեր շրջանառվեցին, որ այդ հանդիպման ժամանակ «Ռոբերտ Քոչարյանը հաղորդել է, որ որոշել է պասիվանալ, քանի որ աջուձախից իրեն մեղադրում են, թե դաշտը զբաղեցրել է, չի թողնում, որ նոր ընդդիմություն ձեւավորվի։ Թիմին ասվել է՝ իրենց անելիքները կազմակերպելու հարցում ազատ են»։
ArmLur.am-ը արդեն կապ է հաստատել խմբակցության մի քանի պատգամավորների հետ, որոնք հերքել են այս տեղեկությունը:
ArmLur.am-ը շարունակում է կապ հաստատել նաեւ խմբակցության մյուս պատգամավորների հետ. «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը վստահեցրեց՝ այդպիսի բան չկա. «Ընդհակառակը, մենք խոսել ենք բոլոր ուղղություններով մեր գործունեության ակտիվացման մասին՝ եւ՛ ԱԺ-ում, եւ՛ արտախորհրդարանական գործունեության մասով: Նման բան չկա, վերջին հանդիպման ժամանակ նման խոսակցություն չի եղել»,- ասաց Օհանյանը:
Խմբակցության մյուս պատգամավոր Ասպրամ Կրպեյանն ասաց, որ մեկնաբանություն չունի այս մասին:
Գեղամ Մանուկյանը եւ Արթուր Խաչատրյանն էլ նշեցին, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, ուստի չեն ցանկանում մեկնաբանել: Թադեւոս Ավետիսյանը, մեր հարցին ի պատասխան, ասաց. «Չկա նման բան, ընդհակառակը՝ ակտիվ քննարկել ենք մեր հետագա անելիքները, բոլոր պատգամավորներն իրենց տեսակետն են հայտնել, իսկ պասիվանալու մասին խոսք չի եղել»: