Հունվարի 23-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում հյուրընկալել է ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահներ Արա Թորանյանին եւ Մուրադ Փափազյանին՝ քննարկելու դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում տիրող դրամատիկ իրավիճակը եւ սպառնալիքները, որոնք ազդում են երկրի վրա, ինչպես նաեւ Հայաստանի տարածքային ամբողջականության:
Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Արա Թորանյանի հետ:
-Պարո՛ն Թորանյան, կարո՞ղ եք մեզ մանրամասներ փոխանցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Ձեր եւ Մուրադ Փափազյանի հանդիպման մասին։
-Ինձ համար դժվար է շատ մանրամասներ ներկայացնել: Մենք կիսվել ենք նախագահի հետ մեր մտահոգություններով: Հանդիպման ժամանակ, բնականաբար, խոսել ենք Ղարաբաղի շրջափակման շուրջ ստեղծված իրավիճակի եւ Հայաստանի դեմ ուղղված սպառնալիքների մասին: Էմանուել Մակրոնը բավական ուշադիր էր լսում մեզ հանդիպման ժամանակ: Այն տեւել է ավելի քան մեկ ժամ: Նախագահն իր վրա մի քանի կետեր է վերցրել, որոնք չեմ կարող այստեղ բացահայտել: Ես կարող եմ միայն ասել, որ նա շատ անհանգստացած է իրավիճակով: Նա հետեւում է խնդրին եւ պատրաստվում է իր նախաձեռնություններով հանդես գալ՝ ի աջակցություն Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Հուսով եմ՝ շուտով մենք տեղում կտեսնենք նրա ստանձնած պարտավորությունների արդյունքները։
-Ինչպե՞ս կարող է Ֆրանսիան օգնել Արցախը շրջափակումից դուրս բերելու հարցում: Ի՞նչ պատասխաններ ստացաք:
-Ֆրանսիան աշխարհի 5-րդ ամենամեծ երկիրն է։ Այն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ է եւ իրավիճակի վրա ազդելու բազմաթիվ եղանակներ ունի: Էական չէ, թե դա Անվտանգության խորհրդում դիվանագիտական մակարդակով է արվում, թե այլ երկրների շրջանում իրազեկվածության մակարդակը բարձրացնելու շնորհիվ: Նախագահ Մակրոնը հոկտեմբերի 12-ին միլիոնավոր ֆրանսիացիների առաջ հեռուստատեսությամբ հայտարարեց. «Մենք չենք լքի հայերին»։ Երեկ նրան խնդրեցինք նախաձեռնություններ անել այս համերաշխությունը կոնկրետացնելու համար։ Մենք հուսադրող պատասխաններ ստացանք։ Խոսք չի կարող անգամ լինել այն մասին, որ Ադրբեջանին թույլ կտրվի անպատիժ սպառնալ եւ ճնշել հայերին: Մենք կարծում ենք, որ Ֆրանսիան կարող է նոր նախաձեռնություններ ստանձնել դիվանագիտական մակարդակում՝ Անվտանգության խորհրդի եւ Եվրամիության մակարդակով։
-Դուք հանդիպմանը ներկա եք եղել Մուրադ Փափազյանի հետ, ում մուտքը Հայաստան արգելված է: Դուք խոսե՞լ եք դրա մասին։
-Նախագահը նշեց Մուրադ Փափազյանի հետ կապված իրավիճակի մասին: Մինչ նախագահի հետ հանդիպումն արդեն Մուրադի հետ որոշել էի չքննարկել խնդիրը։ Մենք չենք ցանկանում այս թեման դարձնել հիմնախնդիր Ֆրանսիայի եւ Հայաստանի հարաբերություններում եւ ոչ էլ Ֆրանսիայի իշխանություններին դնել արբիտրի կարգավիճակում, անգամ եթե Մուրադը Ֆրանսիայի քաղաքացի է, եւ այն, ինչ կատարվում է նրա հետ, ինքնաբերաբար վերաբերում է նաեւ Ֆրանսիային։ Ես անկեղծորեն հույս ունեմ, որ Մուրադի՝ Հայաստան գալու այս արգելքը հնարավորինս շուտ կվերացվի։ Այս անարդար որոշումը թուլացնում է մեզ հավաքականորեն, բայց մենք մտադիր չենք այս հարցում ներգրավել Ֆրանսիային։ Մենք ավելի լուրջ եւ հրատապ գործեր ունենք, որոնցով զբաղվել է պետք։ Էմանուել Մակրոնի հետ մեր հանդիպումը միայն մեկ նպատակ ուներ՝ խթանել Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին եւ կոնկրետ օգնություն ստանալ շրջափակումը ճեղքելու համար։ Սա էր ինձ եւ Մուրադի համար ամենակարեւորը:
-Ինչպե՞ս հնարավոր եղավ կազմակերպել հանդիպումը։
-Գիտեք, որ ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը՝ CCAF-ը, գոյություն ունի ավելի քան 22 տարի: Մենք այս կազմակերպության մեջ համախմբել ենք Ֆրանսիայի գրեթե բոլոր հայկական միությունները, եւ մենք մեր տեղն ունենք Ֆրանսիայի քաղաքական դաշտում, մեզ հարգում են եւ հաշվի նստում: Եվ ես կարծում եմ, որ մեր գոյությունը թույլ է տվել Ֆրանսիային դառնալ Հայաստանի ամենամեծ աջակիցներից մեկը, ինչպես նաեւ հայկական հարցի հետ կապված հարցերում ամենանվիրված երկրներից մեկը։ Ժակ Շիրակի՝ նախագահ ընտրվելուց հետո մենք մշտական կապի մեջ ենք պետության բարձրագույն իշխանությունների հետ։ Հայաստանը միշտ կարողացել է հույս դնել CCAF-ի վրա՝ իր ձայնը լսելի դարձնելու եւ Ֆրանսիայի Հանրապետությունում իր շահերը պաշտպանելու համար: Դա մեր լինելու հիմնական պատճառներից մեկն է։ Մենք շարունակում ենք այս ուղղությամբ՝ այն համոզմամբ, որ միասնությունն ուժ է։
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է
Նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է 33 հազար 282 դեպք, իսկ 2021 թվականի նույն ժամանակահատվածում Հայաստանում գրանցված է եղել հանցագործությունների 27 հազար 56 դեպք. հանցագործությունների թիվը մեկ տարվա կտրվածքով ավելացել է 6226 դեպքով:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ հիմնականում աճել են ոչ մեծ ծանրության հանցագործությունները: 2021 թվականի 11 ամիսներին Հայաստանում գրանցվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների 14 հազար 603 դեպք, նախորդ տարվա այդ ցուցանիշը կազմել է 18 հազար 623: Միջին ծանրության, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը եւս ավելացել է: Առանձնապես ծանր հանցագործությունների թիվը 2021-ի տասնմեկ ամիսներին եղել է 318, անցած տարվա նույն ժամանակահատվածում՝ 893: Հատկանշական է, որ, հանցագործությունների տեսակներով պայմանավորված, ավելացել են կաշառք ստանալու դեպքերը: 2021 թվականի տասնմեկ ամիսներին կաշառք ստանալու ընդամենը 196 դեպք է գրանցվել, իսկ անցյալ տարի այդ նույն բնույթի հանցագործությունների թիվը հասել է 200-ի:
Բացի այս, նշենք, որ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի քանակը մեկ տարվա ընթացքում 44-ից դարձել է 84: Ի դեպ, հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ են եղել, որոնց մասով անցյալ տարվա տասնմեկ ամիսներին դեպքերի նշանակալի աճ է արձանագրվել: 2021 թվականի հունվար-նոյեմբերին 5668 դեպքի դիմաց անցյալ տարի արձանագրվել է 10 հազար 418 հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործություններ: Նշենք նաեւ, որ հասարակական կարգի դեմ ուղղված հանցատեսակներից էլ աճը հիմնականում արձանագրվել է թմրանյութի հետ կապված հանցատեսակներում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՔՈԼԵՋԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Դիլիջան խոշոր համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը հանդիսանում է նաեւ Դիլիջանի պետական քոլեջի կառավարման խորհրդի նախագահը։ 1984թ. ծնված Դ. Սարգսյանը ավարտել է Դիլիջանի պետական քոլեջը, այժմ հեռակա սովորում է Հայաստանի Եվրոպական համալսարանում։ Անձնական գործում իր սեռը «արու» գրած, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դիլիջանի տարածքային կազմակերպության ղեկավար Դավիթ Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, 2021թ. փետրվարի 26-ին նշանակվել է Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, նույն թվականի հոկտեմբերի 17-ին կայացած Դիլիջան համայնքի ավագանու համամասնական ընտրությունների արդյունքներով ձեւավորված ավագանու կողմից ընտրվել է համայնքի ղեկավար։ Դիլիջան համայնքի ղեկավարի խորհրդական Նոնա Գրիգորյանը կես դրույքով աշխատում է որպես Դիլիջանի պետական քոլեջի տնօրենի տեղակալ։ Դիլիջանի պետական քոլեջի տնօրեն Վահագն Հովհաննիսյանը հայտնեց, որ Դ. Սարգսյանը քոլեջի կառավարման խորհրդի նախագահ է դարձել, իսկ Ն. Գրիգորյանը քոլեջի փոխտնօրեն նշանակվել մինչեւ իր՝ քոլեջի տնօրեն նշանակվելը՝ 2022թ. հոկտեմբերի 22-ը։
ԵՂԵԼ Է ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆ
Հունվարի լույս 20-ի գիշերը Բերդ խոշորացված համայնքի սահմանամերձ Մովսես գյուղում անհայտ անձը կամ անձինք ծակել են գյուղում կայանած 7 ավտոմեքենաների անվադողերը, այրել ավտոմեքենայի քարշակում դարսված 30 հակ անասնակեր խոտը, գիշերը գյուղում նկատել են անծանոթ 3-4 հոգու եւ այլն։ Մովսեսը Ադրբեջանի հետ 18 կիլոմետր սահման ունի, նշված դեպքերն էլ կատարվել են հայ-ադրբեջանական սահմանից ընդամենը 500 մետր հեռավորությամբ գտնվող գյուղի Հյոնուտ թաղամասում։ ՀՀ քննչական կոմիտեում Մովսեսում կատարված դեպքերի վերաբերյալ 2 քրեական գործ է քննվում, մեկը՝ Մովսեսում ավտոմեքենայից նվագարկիչի գողության, մյուսը՝ գյուղում ավտոմեքենաների անվադողերի ծակման, անասնակեր խոտի հրկիզման փաստերով։ Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը կարծիք հայտնեց, որ սահմանամերձ Մովսես գյուղում կատարվածը ոչ թե ադրդեջանական դիվերսիա է, այլ խուլիգանություն։ Նա ասաց, որ սահմանապահ զիվորականները հավաստիացում են, որ իրենք սահմանը ամուր են պահում, եւ ադրբեջանական դիվերսանտների թափանցում չի եղել: Համայնքի ղեկավարին հարցրի Մովսեսում գիշերը 3-4 անծանոթների հայտնվելու մասին։ Նա ասաց, որ մովսեսցիները տեսախցիկի կադրերը նայել են, նշված անձինք Մովսեսի բնակիչներ են եղել, որոնց համագյուղացիները սկզբից չեն ճանաչել։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ