Ինչպես երեկ ArmLur.am-ը հայտնեց, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը հրաժարական է ներկայացրել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Կարեն Քեռյանը մինչ ազատման դիմում գրելը շատ լուրջ խոսակցություն է ունեցել նախարարության վերնախավի հետ, ինչից հետո հրաժարականի դիմումում շատ վրդովված գրել է, որ իր համար ընդունելի չէ նախարար Ժաննա Անդրեասյանի նոր գործելաոճը:
ArmLur.am-ը կապ հաստատեց Կարեն Քեռյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց, որ մանրամասն պատճառների մասին ավելի ուշ կխոսի, սակայն ընդգծեց, որ այն քաղաքականությունը, որ վարում է այս պահին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդերասյանը, նրա համար անընդունելի է:
Հարցին, թե խնդիրը կոնկրետ Ժաննա Անդրեասյանի հետ է կապված, թե ոչ, մեր զրուցակիցն ասաց. «Խնդիրը անձերով պայմանավորված չէ, խնդիրը նրանում է, թե ինչ գործողություններ են տեղի ունենում ու ինչ միջավայրում են տեղի ունենում, չնայած որ, ի վերջո, գալիս է անձերի, բայց ով էլ որ լիներ այդ իրավիճակում, միեւնույնն է, եթե նույն բանը արված լիներ իմ հանդեպ, ես նույնն էի անելու»:
Քեռյանի խոսքով՝ նախարարությունը որոշում է կայացրել, Բարձրագույն որակավորման կոմիտեն եւ Կրթության կոմիտեն միացնելով, ստեղծել նոր կառույց, որը կկոչվի Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե, եւ սա է եղել այն հիմնական պատճառը, որի համար նա ազատման դիմում է գրել:
«Այսինքն՝ առանց իմ իմացության քննարկվել եւ մշակվել է նախագիծ այն դեպքում, երբ կառույցներից մեկի ղեկավարն ընդհանրապես տեղյակ չէ՝ դա ինձ համար անընդունելի է»,- վրդովված հայտնեց նա:
Նշենք, որ ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս միացմամբ նախարարությունը փորձում է այնպես անել, որ այլեւս փոխնախարարի անհրաժեշտություն չլինի: Ժաննա Անդրեասյանի՝ նախարար նշանակվելուց հետո փոխնախարարի այդ հաստիքը դեռ թափուր է, այսինքն՝ այս միացմամբ պետք է այնպես լինի, որ այլեւս փոխնախարար այդ գծով չնշանակեն:
Նշենք, որ Կրթության կոմիտեի նախագահն այժմ Սարգիս Հայոցյանն է:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՌԱՋԻՆ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ
Երգչուհի Նարե Գեւորգյանն իր ինստագրամյան էջում նոր հրապարակում է արել` հայտնելով համերգային շրջագայության մասին։
Երգչուհու հրապարակած կադրերը «Զվարթնոց» օդանավակայանից են։ Նա կրում է կանաչ երանգի տաբատ եւ անձրեւանոց, սպիտակ հուդի եւ սեւ ձմեռային կոշիկներ։
«Տալիս ենք մեկնարկն իմ՝ այս տարվա առաջին համերգային շրջագայության», – հրապարակմանը կից գրել է երգչուհին` հետեւորդներին հարցնելով՝ արդյոք կարող են գուշակել, թե որտեղ է մեկնում։
ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
Դերասանուհի Անի Լուպեն «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում հրապարակում է արել` հայտնելու Երեւանի կամերային թատրոնում սպասվող նոր ներկայացման մասին։
Հրապարակված տեսանյութում դերասանուհին եւ դերասան Սենիկ Բարսեղյանը պարային հատված են փորձում։
«Կամերային թատրոն, նոր ներկայացում։ Շուտով»,- հրապարակումը կարճ մակագրել է դերասանուհին։
Ավելի վաղ Անի Լուպեն երեկոյան կերպարում լուսանկար էր հրապարակել։ Կադրում դերասանուհին կրում էր կարճ սեւ զգեստ եւ գինեգույն երկարաճիտ կոշիկներ, վարսերն արձակված էին, դիմահարդարումը՝ վառ։ «Հենց այնպես»,- հրապարակմանը կից գրել էր դերասանուհին:
ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ` 0:4 ՀԱՇՎՈՎ
Իտալիայի չեմպիոն «Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին մեկնաբանել է Հռոմի «Լացիոյից» կրած 0:4 հաշվով պարտությունը Իտալիայի առաջնության 19-րդ տուրի արտագնա խաղում։
«Անցած մրցաշրջանում մենք գիտեինք, որ պայքարում ենք չեմպիոնի տիտղոսի համար հաղթանակից շատ ավելի վաղ։ Ակնհայտ է, որ հիմա իրավիճակն այլ է։ Մենք դուրս մնացինք Իտալիայի գավաթի խաղարկությունից, պարտվեցինք Սուպերգավաթի խաղում։ Երկու նպատակը բաց թողեցինք։ «Միլանը» վերջին երեք խաղում 11 գոլ է բաց թողել։ Ակնհայտ է, որ հիմա բարդ պահ է։
Անցած մրցաշրջանում մենք հաղթեցինք թիմային ոգու շնորհիվ։ Հիմա մեզ պետք է նույնը։ Իհարկե, սա լիակատար աղետ չէ, քանի որ մենք երկրորդ տեղում ենք։ Անցած մրցաշրջանում մենք 7 տարի անց դարձյալ դուրս եկանք Չեմպիոնների լիգա եւ մեկ տասնամյակ անց դարձյալ նվաճեցինք երկրի չեմպիոնի գավաթը։ Մեր այս դիրքը դեռ համապատասխանում է մեր հավակնություններին»,- Մալդինիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։
«Միլանը» 38 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Նապոլիից» հետ է 12 միավորով։ «Լացիոն» երրորդն է՝ 37 միավոր։
«ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏԻ» ՄՐՑԱՇԱՐ
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի հաղթող, աշխարհի 5-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։
Սերբ թենիսիստը մրցեց աշխարհի 6-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 6:1, 6:2, 6:4:
Կիսաեզրափակիչում Նովակ Ջոկովիչի մրցակիցը կլինի աշխարհի 35-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլը, որը քառորդ եզրափակիչում 7:6 (8:6), 6:3, 5:7, 6:4 հաշվով պարտության է մատնել աշխարհի 89-րդ ռակետ ամերիկացի Բեն Շելթոնին։
Կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմել էին աշխարհի 20-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը եւ աշխարհի չորրորդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասը։
Կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենան հունվարի 27-ին։
Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 51,3 միլիոն դոլար է։