Լուսանկարն արվել է Երեւան-Մեղրի ավտոճանապարհին
Հունվարի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 30-ամյա Համիդ Մ.-ն իր վարած Mercedes GL450 մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Մեղրի Մ2 ավտոճանապարհի 337 կմ հատվածում, ըստ նախնական տեղեկություների, կորցրել է ավտոմեքենայի ինքնակառավարումը, դուրս եկել երթեւեկելի գոտուց դեպի ձախ եւ բախվել բլրին։ Վթարի հետեւանքով Համիդ Մ,-ն, նրա ուղեւոր՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացի 33-ամյա Ագակի Ռ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քաջարան» բժշկական կենտրոն։
ԻՐԱՎՈՒՆՔ
ՀԱՐՑ. Կորոնավիրուսով ինքնամեկուսացած եմ տանը եւ չեմ կարողանում դուրս գալ՝ սնունդ գնելու։ Ի՞նչ անեմ եւ ու՞մ դիմեմ:
Ալիսա Սարգսյան (34 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանում արտակարգ դրության հայտարարումից հետո տարբեր պետական մարմիններ եւ հասարակական կազմակերպություններ իրենց աջակցությունն են ցուցաբերում այն քաղաքացիներին, որոնք կորոնավիրուսով վարակված լինելու պայմաններում ինքնամեկուսացել են եւ չեն կարողանում իրենց համար սնունդ կամ դեղորայք գնել։
Անհրաժեշտ է կապ հաստատել այդ մարմինների հետ, հայտնել Ձեր տվյալները, այն առաջին անհրաժեշտության ապրանքների մասին, որոնց կարիքն ունեք։
ՀՀ առողջապահության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Առաջնահերթ այդ խնդրանքով կարող եք դիմել տարածքային սոցիալական ապահովության ստորաբաժանում: Կարող եք նաեւ այդ հարցերով Երեւան քաղաքում դիմել վարչական շրջաններ, իսկ մարզերի, այլ քաղաքների կամ գյուղական համայնքների դեպքում՝ դիմել համապատասխան համայնքի աշխատակազմերին։
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ի՞նչ անեմ եւ ու՞մ դիմեմ, եթե ինձ ստիպում են բացահայտել քվեարկությունս կամ քվեարկել կոնկրետ թեկնածուի օգտին:
Հայկ Բաբաջանյան (25 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Սահմանադրությամբ եւ օրենքով երաշխավորվում է քվեարկության գաղտնիությունը։ Ընտրական իրավունքն իրականացվում է ազատության եւ կամավորության սկզբունքների հիման վրա։ Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու ընտրողին քվեարկելու որեւէ թեկնածուի կամ կուսակցության օգտին կամ նրանց դեմ։
Եթե որեւէ եղանակով Ձեզ հարկադրում են քվեարկել որոշակի թեկնածուի կամ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի օգտին, ապա հանցագործության մասին կարող եք ահազանգել ոստիկանության թեժ գծի հեռախոսահամարով՝ զանգահարելով 1-02, եւ հայտնել հանցագործության դեպքի մասին։ Հանցագործության մասին կարող եք հայտնել նաեւ անձամբ՝ ներկայանալով ոստիկանության տարածքային բաժին, եւ այնտեղ հերթապահող հետաքննիչին հայտնել կատարված կամ նախապատրաստվող հանցագործության մասին։ Զանգահարելու դեպքում ոստիկանությունում գրանցվում է ահազանգ դեպքի մասին, որից հետո հերթապահող ոստիկանության աշխատակիցները անհապաղ ներկայանում են դեպքի վայր՝ տեղում պարզելու դեպքի հանգամանքները։ Դրանից հետո Ձեզ կհրավիրեն ոստիկանություն Ձեզնից հաղորդում ընդունելու նպատակով։ Երկու դեպքում էլ կազմվում է հանցագործության վերաբերյալ հաղորդման թերթիկ, որից հետո Ձեզ կտրամադրեն հաղորդում ներկայացրած լինելը հավաստող արձանագրության մեկ օրինակ։
ՀՀ ոստիկանություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե հանցագործությունը տեղի է ունեցել քվեարկության օրը տեղամասային կենտրոնում, ապա անհրաժեշտ է այդ մասին տեղյակ պահել հանձնաժողովի նախագահին՝ խնդրելով հրավիրել այդ ընտրական տեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանին։ Ոստիկանին անհրաժեշտ է ներկայացնել հանցագործության մասին հաղորդում՝ նշելով հանցագործություն համարվող դեպքի մասին եւ բնութագրելով հնարավոր հանցագործություն կատարած անձին։ Հաղորդումը կարող է լինել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր։ Հաղորդման մասին կազմվում է արձանագրություն, որը պետք է ստորագրվի Ձեր եւ հաղորդումը վերցնող ոստիկանի կողմից։