ՓԱՇԻՆՅԱՆԻ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԸ ԽԱԲՈՒՄ ԵՆ. ՄԱՍ 11

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության հունվարի 26-ի նիստում ներքին գործերի նորանշանակ նախարար Վահե Ղազարյանը հայտարարեց,  թե Հայաստանում ունենք պատահարների, զոհերի ու վիրավորների թվի նվազում: Նա, մասնավորապես, նշել էր. «2019-ի համեմատությամբ՝ 2022-ին ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են 419-ով կամ 10.2 տոկոսով, 2022 թվականին՝ 4308, 2019 թվականին՝ 4799»: «Փաստերի ստուգման հարթակ»-ը պարզել է, որ Հայաստանում տեղի ունեցած ՃՏՊ-ների վերաբերյալ տվյալները իրականությանը չեն համապատասխանում։ Բանն այն է, որ Հայաստանի ճանապարհներին տեղի ունեցած գրեթե բոլոր վթարները արձանագրվում են ապահովագրական ընկերությունների կողմից, իսկ այնուհետեւ փոխանցվում Ավտոապահովագրողների բյուրո։ Ըստ այդ տվյալների՝ ՃՏՊ-ների թիվն իսկապես նվազել է, սակայն այն շատ հեռու է նախարարի հնչեցրած թվից։ 2021թ.-ին հատուցվել է 25,633 պատահարի վերաբերյալ դիմում, չեն բավարարվել կամ հատուցումից հրաժարվել են 7298-ը։ Վահե Ղազարյանի հնչեցրած թիվը մոտ 6 անգամ պակաս է ԱՊՊԱ համակարգում արձանագրված հատուցումների թվից։ Սա կարող է նշանակել, որ վթարների, ՃՏՊ-ների մեծ մասը չի արձանագրվում իրավապահ մարմինների կողմից։ Բացի այդ, նորանշանակ նախարարը նաեւ հակասել է ինքն իրեն. ՃՏՊ-ների քանակը 2019-ի հետ համեմատելիս հայտնեց, որ 2022-ին արձանագրվել է 4008 ՃՏՊ, քիչ հետո՝ արդեն 2021-ի հետ համեմատելիս, ՃՏՊ-ների քանակը «դարձավ» 4009։ Մեկ այլ դեպքում, խոսելով վիրավորների մասին, Վահե Ղազարյանը հայտարարեց. «Վիրավորները՝ 646 (նկատի ուներ, թե որքանով է կրճատվել քանակը,- խմբ.) կամ 9?5 տոկոսով։ 2022 թվականին՝ 6155, 2019 թվականին՝ 6008»։ Այսպիսով,  ստացվում է՝ նորանշանակ նախարարը ոչ ճիշտ թվեր է ներկայացնում հանրության դատին:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը մեկուսացել է թիմակիցներից, նրանց հետ շփումները հասցրել է մինիմալի: Պատգամավորը չի մասնակցում նաեւ ներկուսակցական քննարկումներին: Նա վերջերս հրաժարվեց  ԵԱՀԿ ԽՎ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարի իր պաշտոնից, իսկ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դեռ ղեկավարում է, չնայած նրան արդեն փոխարինողի անուն կա՝ Սարգիս Խանդանյան։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Աղաջանյանը մտադիր է լքել Հայաստանը եւ շարունակել իր գործունեությունը որպես դեսպան: ՔՊ-ամերձ մեր աղբյուրները հայտնեցին, որ թիմակիցներն Աղաջանյանից ուղիղ հետաքրքրվել են՝ ինչ է մտադիր անել, ուզում է արդյոք դեսպանի աշխատանքի անցնել, սակայն նա խուսափողական պատասխաններ է տվել եւ ոչինչ հստակ չի ասել: Թիմակիցներին զարմացրել է Աղաջանյանի այս պահվածքը, քանի որ նա հիմնականում աչքի է ընկել իր ակտիվությամբ: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Աղաջանյանը խուսափում է այս հարցով որեւէ քննարկում ունենալ անգամ Փաշինյանի հետ: Պատգամավորը նախընտրում է միայն խորհրդարանում քննարկում-հանդիպումներ ունենալ դրսից Հայաստան ժամանած պաշտոնյաների կամ պատգամավորների հետ, իսկ կուսակցական քննարկումներից խուսափում է. եթե անգամ մասնակցում է թիմակիցների հետ որեւէ հանդիպման, ապա շատ չեզոք է իրեն դրսեւորում:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մարդու իրավունքների արդեն նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին Արտաքին հետախուզական ծառայության պետի պաշտոնում առաջադրելու հարցում մեծ դերակատարում են ունեցել Հայաստանում հավատարմագրված մի քանի դեսպաններ: Մասնավորապես, նրանցից մի քանիսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել են, որ եթե  Քրիստիննե Գրիգորյանը նշանակվի այդ պաշտոնին, ապա իրենք ամեն կերպ կօգնեն Հայաստանին, կնպաստեն նորաստեղծ այդ կառույցի զարգացմանը: Եվ հենց այդ ամենը հաշվի առնելով ու փոխադարձ քննարկումների արդյունքում եւ համաձայնությամբ թեկնածությունը հենց Գրիգորյանի վրա է կանգ առել, որից հետո էլ Քրիստիննե Գրիգորյանը հրաժարական է տվել օմբուդսմենի պաշտոնից: Նկատենք՝ անկախ կառույց գլխավորած Քրիստիննե Գրիգորյանը պատրաստվում է դառնալ վարչապետին ենթակա մարմնի՝ Արտաքին հետախուզական ծառայության պետ: Այդ կառույցի կանոնադրության մեջ հստակ նշված է. «Ծառայության պետն անմիջականորեն ենթակա եւ հաշվետու է Վարչապետին», իսկ Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է:

 

 

Նախորդ տարի սկսված ռուս-ուկրաինական պատերազմն ու Ռուսաստանում հայտարարված մոբիլիզացիան ազդեցություն են ունեցել Հայաստանի անշարժ գույքի շուկայի վրա։ Մեր երկրում բնակարանների վարձավճարները կրկնակի բարձր են: Silver Rea անշարժ գույքի գործակալության հիմնադիր-տնօրեն Անդրանիկ Հարությունովի խոսքով՝ Երեւանում վատ պայմաններով՝ հին վերանորոգումով, չգազաֆիկացված բնակարանի վարձավճարը սկսում է ամսական 200 հազար դրամից: «Իսկ նորմալ պայմաններով բնակարանի վարձավճարը սկսում է 300 հազար դրամից, եթե կահույք, տեխնիկա կա: Օրինակ՝ Արաբկիր վարչական շրջանում 1-2-սենյականոց բնակարանների վարձավճարը սկսում է 400 հազար դրամից, Նոր-Նորքում՝ 300 հազար դրամ: Ամեն դեպքում, 150 հազար դրամով բնակարան գտնելն այսօր բարդ է»,- «Ժողովուրդ» օրաթերի հետ զրույցում իրավիճակը նեկայացրեց անշարժ գույքի գործակալը: Մեր զրուցակցի խոսքով՝ չնայած այս ամենին՝ վերջին երկու ամիսների ընթացքում անշարժ գույքի շուկան (վարձակալության ոլորտը) պասիվացել է, բնակարաններ կան, որոնք ազատ են մնում. Հայաստան ժամանած ռուս քաղաքացիների մեծ մասը, որոնք հեռավար են աշխատում, տուն, բնակարան է վարձում քաղաքին հարակից բնակավայրերում՝ Աբովյանում, Չարենցավանում:




Լրահոս