«Նույնիսկ մտովի հնարավոր չէ պատկերացնել այն ամենը, ինչ այժմ կատարվում է Արցախում, երբ տարրական կենցաղային խնդիրներն անգամ անլուծելի են». «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը եւ ավելացնում՝ թեեւ մարդիկ ինչ-որ առումով հարմարվել են սննդի սակավ լինելուն, բայց նաեւ հասկանում են, որ այդ ամենի բացակայությունը վաղ թե ուշ իր ազդեցությունն է թողնելու մարդկանց առողջության վրա:
Արցախում ամենից շատն այս պահին երեխաների իրավունքներն են ոտնահարված: Կրթությունից զրկված մանուկները, Արցախի պատգամավորի փոխանցմամբ, անգամ տնից դուրս չեն գալիս: Նրանք զրկված են բոլոր տեսակի հետաքրքրություններից:
Ի՞նչ են ընդհանրապես անում հայաստանյան իշխանությունները Լաչինի միջանցքը բացելու համար. մեզ հետ զրույցում հռետորական հարց է տալիս ընդդիմադիր պատգամավորը: Նրա համոզմամբ՝ ՀՀ իշխանությունները ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի անվտանգային հարցերի առումով որեւէ քայլ չեն անում:
Մեր զրուցակցի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խուսափում է բոլոր այն հարթակներից, որտեղ հնարավոր է խոսել Արցախի այսօրվա իրավիճակից: ՀՀ իշխանությունները, վստահ է մեր զրուցակիցը, անկախ հանգամանքից՝ որտեղ ու ինչպես, գուցե միայն իրանց խղճի առաջ, բայց, միեւնույնն է, պատասխանատվություն կրելու են:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ:
-Տիկի՛ն Հակոբյան, ի՞նչ իրավիճակ է Արցախում:
– Նույնիսկ մտովի հնարավոր չէ պատկերացնել այն ամենը, ինչ այժմ կատարվում է Արցախում: Հեռվից երեւի ավելի հեշտ է այս ամենը պատկերացնելը, բայց Արցվախում բառիս բուն իմաստով աղետ է: Աղետ է, որովհետեւ ոչ թե մարդիկ հարմարվել են որեւէ բանի հետ, ոչ, այլ որովհետեւ մարդիկ գիտակցում են, որ պայքարի այս փուլում, այո, նաեւ իրենց առողջական խնդիրներն են դրել հետոյի լուծման համար:
-Արցախում ամենից շատն այս պահին երեխաների իրավունքներն են ոտնահարված: Կրթությունից զրկված են նրանք: Այս մասով ի՞նչ կարող եք ասել:
-Նրանք զրկված են բոլոր տեսակի հնարավորություններից, եւ ոչ մի բան չկա զբաղվելու: Ես չգիտեմ, թե անգամ ինչպես նկարագրեմ, որ պատկերացնել հնարավոր լինի իրավիճակը: Կարծում եմ՝ այս ամենն անպատկերացնելի է: Ես իրոք չէի ուզի, որ որեւէ մեկը մեր հայրենակիցներից իր կաշվի վրա զգար այն, ինչ հիմա զգում են մեր հայրենակիցները եւ մանուկները: Նրանք զրկված են կրթությունից, անգամ տանից դուրս չեն գալիս:
-Իսկ ի՞նչ են անում հայաստանյան իշխանությունները Լաչինի միջանցքը բացելու համար:
-Սա հռետորական հարց է, որ ամեն օր ես ինքս ինձ տալիս եմ: Ես համոզված եմ, որ նրանք ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի անվտանգային հարցերի առումով որեւէ բան չեն անում: Որտե՞ղ ենք տեսնում, որ, իբրեւ թե, բոլոր հարթակներում խոսում են: Դա սուտ է, իմիտացիա է, որը ՀՀ իշխանությունները բավական երկար ժամանակ ստեղծել են: Դա շատ նման է 44-օրյա պատերազմին՝ մի տարբերությամբ, որ ռումբեր չեն պայթում: Մենք այստեղ շոշափելի զգում ենք պատերազմը, իսկ Փաշինյանի իշխանությունը խուսափում է այն հարթակներից, որտեղ պետք է խոսեն Արցախի կարգավիճակի մասին:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
2020Թ.-ԻՑ ՀԵՏՈ ՊՆ 4 ՆԱԽԱՐԱՐ Է ՓՈԽՎԵԼ
Իշխանության ներկայացուցիչները թեեւ մշտապես ամենաբարձր մակարդակով հայտարարել են բանակի ռեֆորմների, դիրքերի կահավորման մասին, սակայն Ազատ գյուղի զորամասի հրդեհը, որը 15 զինվորի կյանք խլեց, ցույց տվեց, որ բանակում շատ լուրջ խնդիրներ կան, եւ մեր զինվորները իրենց ծառայությունն իրականացնում են, մեղմ ասած, ոչ պատշաճ պայմաններում:
Այս առիթով ArmLur.am-ը զրուցել է ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի հետ:
-Պարո՛ն Հակոբյան, պատերազմից արդեն շուրջ երկու-երեք տարի անցել է. այս ժամանակահատվածը բավարար չէ՞ր, որ դիրքերը կահավորեին, զինվորների համար ծառայության պատշաճ պայմաններ ապահովեին:
-Ժամանակը պետք է որ բավարար լիներ, իսկ թե գործադրված ջանքերը որքանով են բավարար եղել, դա արդեն հարց է: Դիրքային կահավորումը պետական գաղտնիքի հետ է առնչվում, դժվար է ասել՝ ինչ է աշխատանք է տարվում, փակ ինֆորմացիայի հետ գործ ունենք, բայց, դատելով երբեմն սպրդող ինֆորմացիայից, ամեն դեպքում, դիրքերի կահավորման լուրջ խնդիր կա: Խնդիրը երկու մասի կարելի է բաժանել՝ մարտական դիրքերի կահավորում եւ մարտական դիրքերը սպասարկող անձնակազմի կենցաղային պայմաններ: Երկու-երեք տարին բավարար ժամանակ էր, բայց ունենք այն, ինչ ունենք:
-Իշխանության ներկայացուցիչները վստահեցնում են, որ պետությունն ունի անհրաժեշտ ֆինանսական միջոցներ բանակի ռեֆորմների համար, տարբեր միջոցառումների համար մեծ գումարներ են հատկացվում, Պապիկյանը վստահեցնում էր՝ բանակը ոչնչի կարիք չունի: Եթե գումարը կա, ինչու՞ պատշաճ աշխատանք չի տարվել առաջնագծի կահավորման ուղղությամբ:
-Կարելի է երկար խոսել այս մասին, բայց կարճ ասենք ՝ կառավարման արդյունավետության խնդիր կա: 2020թ.-ից հետո ՊՆ 4 նախարար փոխվեց, այսինքն՝ մի նախարարը կարողացել է պաշտոնավարել կես տարի. սա լուրջ խնդիր է, խնդիր է նաեւ, որ զորքը դուրս է եկել բնագծից, եկել է դատարկ տեղ: Կառավարման խնդիր է՝ ամենալայն իմաստով, որն արտացոլվում է նաեւ պաշտպանական ոլորտում:
-Երբ տարբեր փորձագետներ կամ ընդդիմության ներկայացուցիչներ հայտարարում էին, որ առաջնագիծը կահավորված չէ, հենց Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր այդ մարդկանց, թե տեղեկություն են տալիս թշնամուն:
-Պաշտպանական ոլորտը շատ նուրբ ոլորտ է, միշտ առնչվում է պետական գաղտնիքի հետ: Պետք է միջին տարբերակ գտնել, որ եւ՛ թշնամուն տեղեկություն չտրվի, եւ՛ քաղաքացիական հասարակության հսկողությունը առկա լինի: Հեշտ է ասել՝ պետական գաղտնիք է, ու ոչինչ չասել, բայց, մյուս կողմից էլ, հակառակ ծայրահեղության մեջ պետք չէ ընկնել ու բոլոր նկարահանող սարք ունեցող մարդկանց թողնել դիրքեր. դա էլ ճիշտ չէ: Պետք է ունենանք պետական համակարգ, որը վերահսկողություն կիրականացնի: Պետք են նաեւ հասարակության կայացած մարմիններ, որոնք կհսկեն գործընթացը. հիմա, ցավոք, մեր երկրում չկա այս ամենը:
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ՀԵՌԱՑԱՎ
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ հայտնի դարձան, թե ինչու հրաժեշտ տվեցին գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանին: Մեր տեղեկություններով՝ Մեղրյանին հրաժեշտ են տվել այն պատճառաբանությամբ, որ ճիշտ կլինի հարկադիր կատարողը ծառայության ներսից որեւէ մեկը լինի, այլ ոչ թե համակարգից դուրս, օտար անձ: Արդյունքում որոշել են ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի ընկերոջը՝ Սերգեյ Մեղրյանին հրաժեշտ տալ՝ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնին նշանակելով Արսեն Մարտիրոսյանին: Ի դեպ, Մեղրյանը այդ պաշտոնին կարողացավ նշանակվել միայն «Հարկադիր կատարման ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխության շնորհիվ, որը հնարավորություն տվեց գնդապետից ցածր կոչում ունեցող Մեղրյանին նշանակվել այդ պաշտոնում։ Նրա համար դա ապահովեց հենց Ռուստամ Բադասյանը։
ԳՈՐԾԸ ՍԵՂԱՆԻՆ Է
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ գործը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի սեղանին է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ-ի կողմից նախաձեռնված քրեական վարույթը ուղարկվել է Գլխավոր դատախազություն:
Տեղեկությունը փորձեցինք պարզել Գլխավոր դատախազությունից, որտեղից հայտնեցին. «Այս պահին նման տեղեկություն չկա»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գեղամ Մանուկյանը իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց քուրդ ազատամարտիկների՝ Թուրքիայում հայտնվելու դեպքով արած հայտարարությունների համար: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 108-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել կամ ազատությունից զրկել հնարավոր է միայն Ազգային ժողովով՝ դատախազի միջնորդության հիման վրա: Դա է պատճառը, որ գլխավոր դատախազը նրա հարցով եւս պետք է մտնի ԱԺ։