Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, փակ է արդեն 46 օր, եւ արդեն 46 օր Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքը խաթարված է, հումանիտար ճգնաժամը ծավալվում է ամբողջ թափով:
«Լեռնային Ղարաբաղի նախադպրոցական հաստատությունների շուրջ 6000 սաներ, հանրակրթական դպրոցների շուրջ 19 000 աշակերտներ, բուհերի շուրջ 6800 ուսանողներ արդեն մեկ ամիս զրկված են 21-րդ դարի ամենակենսական իրավունքներից մեկից՝ կրթության իրավունքից, որովհետեւ արդեն մեկ ամիս Լեռնային Ղարաբաղի մանկապարտեզները, դպրոցները, բուհերը փակ են: Վերջին անգամ նման բան եղել էր 44-օրյա պատերազմի ժամանակ, իսկ այն իրավիճակում, երբ հրանոթները չեն կրակում, կրթական հաստատությունները փակվել էին միայն կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այս անգամ, սակայն, COVID-19-ի վիրուսը չէ կրթական հաստատությունների չաշխատելու պատճառը, այլ Ադրբեջանի «բնապահպանական մտահոգությունները»:
Թվարկելով, որ Ադրբեջանը պարբերաբար փակում, հետո մասամբ բացում է Լեռնային Ղարաբաղը սնուցող գազի խողովակը, խափանել է Լեռնային Ղարաբաղում հոսանք ապահովող գծերի աշխատանքը, ինչի հետեւանքով Արցախում հովհարային անջատումներ են, բնակչությանն առաջին անհրաժեշտության ապրանքները մատակարարվում են կտրոններով, 46 օր մանկապարտեզները, դպրոցները, բուհերը չեն գործում, Փաշինյանը շեշտեց՝ Ադրբեջանի իշխանությունը մի նպատակ է հետապնդում՝ կոտրել սեփական հայրենիքում ապրելու Լեռնային Ղարաբաղի հայության կամքը։
Չբավարարվելով Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը փակում է նաեւ Լեռնային Ղարաբաղը սնուցող գազի խողովակը, հետո բացում 10 տոկոսով, հետո նորից փակում, հետո բացում, ասենք, 25 տոկոսով եւ այսպես շարունակ: Ադրբեջանը շարունակաբար կիրառում է նաեւ գազային ճնշման գործիքը, ինչը, ակնհայտորեն, դատապարտելի է:
Մանկապարտեզների չաշխատելու հաջորդ պատճառը երեխաների համար սահմանված սննդի բացակայությունն է: Սա էլ իր հերթին կապվում է Լաչինի միջանցքի փակման հետ:
Լեռնային Ղարաբաղի կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որը սահմանվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, եւ որի անխափան գործունեության գրավոր երաշխիքներ են տվել Ադրբեջանական Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը, փակ է արդեն 46 օր: Եվ ինչպես նշեցի վերը, արդեն 46 օր Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքը խաթարված է, եւ հումանիտար ճգնաժամը ծավալվում է ամբողջ թափով:
Լեռնային Ղարաբաղում էլեկտրական հոսանքի հովհարային անջատումներ են, որովհետեւ Ադրբեջանը խափանել է նաեւ Լեռնային Ղարաբաղը հոսանքով ապահովող գծերի աշխատանքը, եւ բնակչությանն էլեկտրական հոսանք է մատակարարավում միայն տեղի էլեկտրական կայանների արտադրական հզորությունների հաշվին, ինչը բավարար չէ: Բնակչությանն առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարվում են կտրոնային համակարգով:
Ինչպես նախկինում ասել եմ, այս ամենով Ադրբեջանի իշխանությունը մի նպատակ է հետապնդում՝ կոտրել սեփական Հայրենիքում ապրելու Լեռնային Ղարաբաղի հայության կամքը: Ընդ որում՝ մեր ունեցած տեղեկություններով՝ Բաքվի պլանը հետեւյալն է. Լեռնային Ղարաբաղում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ Լեռնային Ղարաբաղի հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները, կրկին փակել միջանցքը եւ հետո կրկին մի քանի օրով բացել եւ այսպես այնքան, մինչեւ վերջին հայը կլքի Լեռնային Ղարաբաղը: Սա, իհարկե, էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է: Եվ պիտի արձանագրեմ, որ եթե մինչ այս միջազգային հանրությունը թերահավատությամբ էր վերաբերվում Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի մտադրությունների մասին մեր ահազանգերին, հիմա արդեն տեսնում ենք, որ այս ընկալումը դանդաղ, բայց հաստատուն քայլերով միջազգային հանրության շրջանում ավելի է ուժեղանում:
Կարծում եմ՝ այս առումով դեր ունեցավ նաեւ ս.թ. հունվարի 17-ին խաղաղապահների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղ վերադարձող երեխաներին ադրբեջանցի դիմակավորված «բնապահպանական ակտիվիստների» կողմից ահաբեկելու տեսանյութը, որը հենց իրենք՝ ադրբեջանցիներն էին տարածել, եւ որն աշխարհում լայնորեն տարածվեց:
Բայց Լեռնային Ղարաբաղի հայությանն իրենց տներից արտաքսելն Ադրբեջանի միակ նպատակը չէ: Այս սադրիչ գործողություններով Ադրբեջանը նպատակ ունի նաեւ խափանել խաղաղության օրակարգը, խաղաղության բանակցային գործընթացը եւ նոր պատերազմ հրահրել տարածաշրջանում»,- ասել է նա:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՆՈՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Ադրբեջանի պահանջները Հայաստանի նկատմամբ գնալով մեծանում են:
Հիմա էլ Բաքուն պահանջում է շտապ փակել Մեծամորի ատոմակայանը։
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիեւան դիմել է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ կոչ անելով կասեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը.
«Մեծամորի ատոմակայանի գործունեությունը պետք է շտապ դադարեցնել, որպեսզի հնարավոր լինի խուսափել այնպիսի աղետներից, ինչպիսին Չերնոբիլն ու Ֆուկուսիման էին, իսկ նրա ռադիոակտիվ թափոնները պետք է վերցնել միջազգային խիստ հսկողության ներքո»,- նման սադրիչ հայտարարություն է արել Ալիեւան:
ArmLur.am-ի հետ զրույցում ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը նշում է՝ Մեծամորի ատոմակայանը փակելու պահանջ Ադրբեջանը բազմիցս է ներկայացրել:
Ըստ փորձագետի՝ Ադրբեջանն անընդհատ փորձում է անհեթեթ պահանջներ ներկայացնել Հայաստանին, որպեսզի հայկական կողմը ստիպված լինի հրաժարվել բանակցություններից, ինչը «քարտ բլանշ» կլինի Ադրբեջանի համար:
ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԿԱՏԱՐՈՒՄ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կատարի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Շեյխ Համադ բին Խալիֆա բին Ահմադ Ալ-Թանիին:
Հանդիպումը նախաձեռնած Կատարի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը ներկայացրել է մեկ ամիս առաջ Դոհայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունից անմիջապես հետո իրականացվելիք ծրագրերը:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ աշխարհի խաղերի կազմակերպումը մեծ մարտահրավեր է Կատարի համար, ինչը պատվով ընդունեց երկիրը: Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ Հայաստանում եւս ֆուտբոլն ամենադիտարժան եւ ամենատարածված մարզաձեւն է, եւ ենթակառուցվածքի զարգացման, ներդրումների խնդիր կա:
Հանդիպմանը Կատարի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահին է փոխանցվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի առաջարկը՝ առաջիկայում Հայաստան-Կատար ազգային հավաքականների ընկերական խաղ անցկացնել: Առաջարկը սիրով ընդունվել է:
ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՓՈԽԵԼ
«Հայաստանում հակառուսականության մեծ ալիք է բարձրանում, որի պաշտոնական խոսափողը հենց Նիկոլ Փաշինյանն է, որն էլ իր վերջին ասուլիսում ամենաբարձր մակարդակով հայտարարեց, թե ռուսական ռազմակայանը սպառնալիք է Հայաստանի համար». ArmLur.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը:
Զրուցակցի արձանագրմամբ՝ արդեն ակնհայտ է, որ իշխանությունը փորձում է փոխել Հայաստանի աշխարհաքաղաքական ուղղվածությունը.
«Մոտ մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից պաշտոնապես հայտարարեց բալանսավորված արտաքին քաղաքականություն վարելու մասին, իսկ բալանսավորման քաղաքականությունը հենց արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունն է, որը փոխլրացման, այսինքն՝ աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնների շահերի համադրման փոխարեն՝ շեշտը դնում է շահերի հակադրման վրա:
Պատկերացնո՞ւմ եք՝ մեզ նման փոքր պետությունը խաղում է աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնների բախման կիզակետում. սա կործանարար է, սա է հենց արտաքին քաղաքական ուղղվածության փոփոխությունը»,-ասում է Գալստյանը եւ հավելում՝ բարձրաստիճան պաշտոնյաների արեւմտյան ռեվերանսները կործանարար են լինելու պետության եւ ժողովրդի համար:
ԱԶԱՏԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Մեղրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ e-gov.am կայքից: Հիշեցնենք, որ նա այս պաշտոնին նշանակվել էր 2020թ.-ի մարտ ամսին: Նշենք, որ, օրենքի համաձայն, վերադաս գերատեսչութունում (տվյալ դեպքում՝ Արդարադատության նախարարությունում) նոր նախարարի նշանակումից հետո ենթակա մարմնի (տվյալ դեպքում՝ Հարկադիր կառարումն ապահովող ծառայության) ղեկավարը պաշտոնակատար է համարվում: Դրանով է պայմանավորված, որ Մեղրյանը Փաշինյանի ստորագրած որոշման մեջ որպես պաշտոնակատար է ներկայացված:
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արսեն Մնացականյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող։ Նշենք, որ վարչապետի մեկ այլ որոշման համաձայն՝ Սերգեյ Մեղրյանն ազատվել է հարկադիր կատարողի զբաղեցրած պաշտոնից: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Մնացականյանը ՀԿԱԾ-ում ավելի քան 10-ը տարվա աշխատանքային փորձ ունի: 2018-ի իշխանափոխությունից հետո արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունում է աշխատել, ապա նաեւ Պաշտպանության նախարարության ներքին քննությունների վարչության պետի տեղակալ եղել: 2022-ից մինչեւ այս պահը զբաղեցրել է «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ տնօրենի պաշտոնը: