ԲՈԼՈՐ ՎԱՐԿԱԾՆԵՐԸ ՍՏՈՒԳՎԵԼՈՒ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհի դեպքով հանրության կողմից քննարկվող բոլոր վարկածները ստուգվելու են։ Այս պահին ինժեներասակրավորային վաշտի կացարանում սպայի կողմից բենզինով վառարանը վառելու վարկածը կենսունակ է եւ հիմնավոր». Կառավարության նիստի ժամանակ կրկին անդրադարձ կատարվեց Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքին։

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից եւ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանից հետաքրքրվեց քննության ընթացքից։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշեց, որ արդեն ձերբակալվել է առաջին անձը, ում նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցված։

«Թո՛ւյլ տվեք, նախաքննության շահերից ելնելով, չբացահայտել այն անձանց հաջորդականությունը, ում նկատմամբ այս գործողությունները իրականացվելու են։ Դատախազությունը զինդատախազի մակարդակով ամենօրյա հսկողություն է իրականացնում գործընթացի նկատմամբ, եւ սահմանված հստակ ժամկետներ կան քննությունը ավարտելու եւ ամբողջական քննություն իրականացնելու ուղղությամբ։ Դրա մասին Ձեզ պարբերաբար զեկուցում եմ եւ, նախաքննության շահերից ելնելով, չեմ բարձրաձայնի։ Բոլոր անձանց նկատմամբ խափանման միջոցի հարցերն են քննարկվելու, եւ դրա ուղղությամբ կան ստրատեգիական լուծումներ։ Համադրվում են կանոնադրությունները, կանոնագրքերը, բոլոր ելակետային նորմերը եւ քրեաիրավական իրավունքները՝ հասկանալու համար, թե ով ինչ չի արել նաեւ անվտանգության կանոնները ապահովելու տեսանկյունից»,- ընդգծեց Վարդապետյանը։

Գլխավոր դատախազը նաեւ հայտնեց, որ հունվարի 23-ին զինդատախազի կողմից հրաման է արձակվել բոլոր զինվորական կայազորերի զինվորական դատախազներին ամենասեղմ ժամկետում տրամադրել տեղեկատվություն՝ բոլոր զորանոցներում, այդ թվում՝ 2020-22 թվականների ռազմական գործողությունների հետեւանքով տեղափոխված զորանոցներում կենցաղի եւ կենցաղավարման հետ կապված։

«Իհարկե, հրշեջ ծառայությունների եւ հրավտանգ նյութերի հետ աշխատանքները առաջնային են, բայց ցանկի մեջ ներառված են մյուս բոլոր անվտանգային կանոնները եւս, օրինակ՝ ինչով են ապահոված ծածկերը, կա արդյոք երկրորդ ելք, որպեսզի թակարդի էֆեկտ չստեղծվի, ինչպես այս ողբերգության դեպքում ականատես եղանք»,- նշեց գլխավոր դատախազը։

Վարդապետյանը վստահեցրեց՝ դատախազությունը այս իրավիճակում ավելի մանրամասն հասարակությանը կտեղեկացնի կատարվող քննության մասին։

«Բոլոր վարկածները կստուգվեն, որպեսզի քննության արդյունքում չունենանք սեւ խոռոչներ, ասեկոսեներ եւ բամբասանքի մակարդակի փորձագիտական կարծիքներ»,- շեշտեց Վարդապետյանը։

Գլխավոր դատախազը նշեց նաեւ, որ Կառավարության նախորդ նիստում վարչապետի կողմից հրապարակված վարկածը այս պահին կենսունակ է։

«Հիմնական վարկածը, որի շուրջ այս պահին քննություն է իրականացվում, եւ, կարծես թե, այս պահին ունենք ապացույցների այն բազան, որով մեղադրանք ենք առաջադրում, Կառավարության նիստի ընթացքում հրապարակված վարկածն է։ Կրկնում եմ, որ բոլոր վարկածների ուղղությամբ քննություն իրականացվում է, որպեսզի հետո չհնչեն կասկածներ, որ մենք որեւէ վարկած չստուգեցինք»,- շեշտեց Վարդապետյանը։

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանն իր հերթին հայտնեց, որ բոլոր վկաները, որոնք մինչ այս պահը հարցաքննվել են, ուղիղ վկայում են այն մասին, որ բենզինով վառարանը վառելու՝ ի սկզբանե առաջ քաշված վարկածը հիմնավորվում է։

«Ասեմ ավելին՝ երկու օր առաջ օրապահը, որը անմիջականորեն ականատես է եղել դեպքին, ցուցմունք է տվել եւ հիմնավորել է այդ վարկածը։ Այսինքն՝ ամեն ինչ շատ պարզ է, ու այլ բաներ փնտրելու ակնկալիքները, կարծում եմ, այնքան էլ ազնիվ չեն»,- ավելացրեց Քարամյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեպքի վերաբերյալ եւս որոշ մանրամասներ հրապարակեց։

«Հիմա, փաստորեն, գործի տվյալներով հիմնավորվում է, որ վառարանի կրակը մարած է եղել, զինվորը բերել է, փայտ է լցրել մեջը, որից հետո սպան ասել է՝ մի բանով վառեք, որ կպնի, զինվորն էլ ասել է՝ մեջը մոխիր կա, լրացուցիչ բան անելու կարիք չկա։ Սպան փորձել է, այսպես ասած, վառել, հետո դիզվառելիք է փնտրել, այն ուզել վարորդներից, որից հետո, չգիտես՝ ինչու, որոշել է, որ բենզինն ավելի լավ է։ Վկան տեսել է այդ բենզինի տարան բռնկված վիճակում եւ սպայի հագուստը բռնկված վիճակում, նաեւ տարածքը բռնկված վիճակում. այդ ամեն ինչն այս պահին հիմնավորվում է»,- եզրափակեց Փաշինյանը։

 

 

 

ՆՇԱՆԱԿՎԵԼ Է 1 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ՏՈՒԳԱՆՔ

ՀՀ ՊԵԿ Արեւմտյան մաքսատուն-վարչությունն օրերս հայտնաբերել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք:

 

Էքսպրես բեռների փոխադրմամբ զբաղվող ընկերությունը Մեծ Բրիտանիայից Հայաստանի Հանրապետություն է ներմուծել շուրջ 560 առաքանի:

Արեւմտյան մաքսատուն-վարչության մաքսային ծառայողների կողմից իրականացված մաքսային գործառնություններից հետո առաքանիները հանձնվել են էքսպրես բեռների փոխադրմամբ զբաղվող ընկերությանը քաղաքացիներին հանձնելու նպատակով։ Մաքսային գործառնությունների ավարտից հետո մաքսային հսկողության գոտուց դուրս ընկերության աշխատակիցների կողմից կատարվել է առաքանիների բեռնում վերոնշյալ ընկերությանը պատկանող ավտոմեքենայի բեռնախցիկ։ Ունենալով հիմնավոր կասկածներ առերեւույթ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ՝ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի Կարգո բեռնային համալիրի տարածքում կրկնակի զննման է ենթարկվել ընկերությանը պատկանող ավտոմեքենայի բեռնախցիկը: Զննման արդյունքում պարզվել է, որ բեռնված առաքանիների մեջ առկա է չհայտարարագրված 10 առաքանի` ընդհանուր շուրջ 5,2 միլիոն ՀՀ դրամ արժեքով:

Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 307-րդ հոդվածի հատկանիշներով: Նշանակվել է ավելի քան 1 միլիոն դրամի չափով տուգանք: Միաժամանակ, նշված առաքանիների ներմուծման համար արդեն իսկ հայտարարատուների կողմից վճարվել են օրենքով սահմանված մաքսային վճարները` շուրջ 485 հազար դրամի չափով: Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՊԵԿ-ը հորդորում է փոխադրողներին պատշաճ կատարել իրենց գործառույթները:

 

 

 

ԱՌԵՐԵՍՈՒՄՆԵՐ

ArmLur.am-ը երեկ հայտնել էր, որ քննչական կոմիտեի շենքի դիմաց մեծ թվով ոստիկաններ են։ Բանն այն է, որ այնտեղ են հավաքված 44-օրյա արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, որոնք սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում բռնության էին ենթարկվել ոստիկանների կողմից։ ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ Քննչական կոմիտեում սկսվել են առերեսումները 44-օրյա պատերազմում նահատակված զինվորների ծնողների եւ ոստիկանների միջեւ: Այս պահին ծնողներից առերեսման է գնացել Գայանե Հակոբյանը, այնուհետեւ՝ Գարիկ Գալեյանը, Գոհար Դավթյանը:

 

 

 

ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԹԻԿՈՒՆՔԻ ՊԵՏԻՆ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն ձերբակալել է Հ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալին եւ նրան տեղափոխել Քննչական կոմիտե: Մեր տեղեկություններով՝ այս պահին նա հարցաքննվում է, որից հետո թիկունքի պետին մեղադրանք կառաջադրվի, եւ կորոշվի նրա խափանման միջոցի հարցը: Հիշեցնենք, որ երեկ Դատախազությունը հայտնել էր ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:

 

 

 

Ո՞ՒՐ Է ԳՆՈՒՄ ՔՐԻՍՏԻՆՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն արդեն 2-րդ օրն է՝ կրկնել է հրաժարականի իր դիմումը: Նա անսպասելի այլ աշխատանքի անցնելու պատճառաբանությամբ հրաժարական տվեց։ Եվ, ահա, ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով, Քրիստիննե Գրիգորյանը գլխավորելու է Արտաքին հետախուզական ծառայությունը: Այստեղ ուշագրավ է, որ անկախ կառույց գլխավորած Քրիստիննե Գրիգորյանը պատրաստվում է դառնալ վարչապետին ենթակա մարմնի՝ Արտաքին հետախուզական ծառայության պետ: Կանոնադրության մեջ հստակ նշված է. «Ծառայության պետն անմիջականորեն ենթակա եւ հաշվետու է Վարչապետին»: Իսկ Պաշտպանի մասին ՀՀ Սահմանադրական օրենքում ասվում էր. «Պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ սույն օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը»: Այսինքն՝ նա վարչապետին հաշվետու եւ ենթակա լինելն ավելի վեր դասեց անկախ պաշտոնյա լինելուց:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս