ՓԱՍՏԵՐ՝ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանադայի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների եւ միջազգային զարգացման մշտական հանձնաժողովը հունվարի 25-ին գումարել է երկու առանձին նիտեր։

 

Ինչպես տեղեկանում ենք ՀՅԴ բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունից, նիստերը գումարվել են՝ համաձայն հանձնաժողովի կողմից նախորդ շաբաթ միաձայն ընդունված որոշման: Որոշման նախագիծը ներկայացվել էր «Քվեբեկի բլոկ» խմբակցության անդամ Սթեֆան Բերգերոյի կողմից, որը պահանջել էր նվազագույնը երեք հանդիպում, որոնց ընթացքում հանձնաժողովի անդամները հնարավորություն կունենան լսելու Արցախի Հանրապետությունը ներկայացնող անձանց, ինչպես նաեւ փորձագետների եւ կանադահայ համայնքի ներկայացուցիչների։

Կանադական խորհրդարանում կայացած նիստերի բացառիկ բնույթն ու պատմականությունն այն է, որ առաջին անգամ Արցախի Հանրապետության պետական ներկայացուցիչները հանդես եկան կանադական խորհրդարանի առջեւ եւ ներկայացրին Արցախի բնակչության պայքարը՝ հանուն արժանապատիվ կյանքի։ Առաջին հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբի համանախագահ Շահեն Միրաքյանը, դոկտոր Թալին Փափազյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Կանադայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը եւ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Երկրորդ հանդիպմանը մասնակցել են «Միջազգային ճգնաժամային խմբի» Հարավային Կովկասի հարցերով ավագ վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը եւ Վինդսորի համալսարանի իրավունքի պրոֆեսոր Քրիստոֆեր Վոթերսը։

Հրավիրյալները, յուրաքանչյուրը՝ իր մասով, հանգամանորեն անդրադարձել են ստեղծված իրավիճակին։ Կարեւորվել է Կանադայի կողմից Ադրբեջանի վրա միջազգային ճնշման իրականացումը, որպեսզի վերջինս վերջ տա իր ցեղասպան քաղաքականությանը։

Արցախի Հանրապետության ներկայացուցիչները հանձնաժողովի անդամներին ներկայացրել են իրական փաստեր՝ կապված մարդասիրական ծանր հետեւանքների եւ Ադրբեջանի ցեղասպանական ագրեսիայի հետեւանքների հետ, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության առաջնահերթություններն ու ազատ ու անկախ կյանքի տեսլականը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբը շնորհակալություն է հայտնում խորհրդարանական հանձնաժողովի անդամներին այս կարեւոր հարցում օժանդակության համար եւ հաստատակամ է շարունակելու ջանքերը՝ Արցախի շրջափակմանը վերջ դնելու եւ Արցախի ձայնը լսելի դարձնելու ուղղությամբ։

 

 

 

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

2019թ.-ի ամռանը Իջեւան քաղաքում փայտի բիզնեսով զբաղվողները փակել էին Հայատան-Վրաստան միջպետական ավտոճանապարհը, որի հետեւանքով ոստիկանության հետ բախումներ եղան, Երեւանից իրավապահների մեծ ուժեր էին Իջեւան տարվել։ Ներկայումս Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւան քաղաքի նստավայրում այդ գործով շարունակվում է Իջեւան խոշորացված համայնքի 20 բնակչի դատավարությունը։ Նրանց առաջադրված մեղադրանքները մեղմացրել են, նրանք դատվում են ոչ թե իշխանության ներկայացուցիչ ոստիկաններին դիմադրություն ցույց տալու, այլ խուլիգանության մեղադրանքով։ Իջեւան քաղաքի բնակիչներն ասում են, որ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը այդ կերպ ոչ թե պայքարում էր Տավուշի մարզում ապօրինի անտառահատումների դեմ, այլ նման ձեւով փայտի շահավետ բիզնեսը դարձրեց իր մտերիմներինը։ Իջեւանի եւ Սեւքարի անտառտնտեսություններում ապօրիի ծառահատումները շարունակվում են։ Նման դեպքերը քիչ չեն նաեւ Բերդ համայնքի անտառները տնօրինող Արծվաբերդի անտառտնտեսությունում։ Տավուշի մազի առաջին ատյանի դատարանի Իջեւան քաղաքի նստավայում ընթանում է Իջեւան համայնքի Գանձաքար գյուղի բնակիչ, 1991թ. ծնված Ռոբերտ Ներկարարյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2022թ. փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի Նավուրի անտառպետության թիվ 1 պահաբաժնի տարածքում գտնվող «Խաչբուլախ» անտառամասից ապօրինի, առանց թույլտվության Իջեւան համայնքի Գանձաքար բնակավայր է տեղափոխել ընդհամուր 7.68 խմ ծավալով թվով 31 հատ հաճարենի տեսակի գերաններ։ Ռ. Ներկարարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 387-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

ՄՈՒՏՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնել առանց մուտքի արտոնագրի։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ կառավարությունն այսօրվա նիստին հավանություն տվեց Հայաստանի ու ԱՄԷ-ի կառավարությունների միջեւ քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը։

Նշենք, որ մուտքի ազատականացման գործընթացը մեկնարկել էր 2017 թվականին, հետո ինչ-ինչ պատճառով կանգ էր առել: Նախորդ տարվա դեկտեմբերին արդեն գործընթացը վերսկսվեց «ԱՄԷ-ում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ։

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԿԵՂԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Իջեւան համայնքի մի քանի բնակիչներ «Ժողովուրդ» օրաթերթին բողոքել են, որ «Հայբուսակ» համալսարանի Իջեւանի մասնաճյուղում տարիներ շարունակ սովորել են, ուսման վարձավճարները մուծել, սակայն դիպլոմներ չեն ստացել։ Այդ կապակցությամբ գրավոր հարցում եմ ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին։ Քննչական կոմիտեից ստացված պատասխանում նշված է. «Երեւանի «Հայբուսակ» համալսարանի՝ Իջեւան քաղաքի ներկայացուցչության տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձի գործունեության վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում է (18.04.2003 թվականին ընդունված եւ 01.07.2022 թվականին ուժը կորցրած) ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական վարույթը։ Երեւանի «Հայբուսակ» համալսարանի Իջեւան քաղաքի ներկայացուցչության տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը ներգրավվել է որպես մեղադրյալ (18.04.2003 թվականին ընդունված եւ 01.07.2022 թվականին ուժը կորցրած) ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325 հոդվածի 2-րդ մասով։ Հիշյալ քրեական վարույթների նախաքննությունը շարունակվում է»։

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

ԿՓՈԽՀԱՏՈՒՑԻ ԾԱԽՍԵՐԸ

Հայաստանի կառավարությունը կփոխհատուցի Ջերմուկի հյուրանոցների կոմունալ ծախսերը: Նշենք, որ նախորդ տարվա սեպտեմբեր ամսին տեղի ունեցած ռազմական գործողությունները մեծ ազդեցություն են ունեցել Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում հյուրանոցների եւ հյուրատների գործունեության վրա։ Հյուրանոցներն ու հյուրատները մինչեւ 2 ամսով դադարեցրել էին իրենց գործունեությունը՝ չընդունելով զբոսաշրջիկների։

Ավելին, ըստ ՊԵԿ-ի՝ Ջերմուկում մոտ 3 անգամ նվազել է հյուրանոցային, հյուրատնային գործունեություն իրականացնող տնտեսավարողների իրացման շրջանառությունը։

Նրանց մեծ մասը ընդհուպ մինչեւ 2 անգամ նվազեցրել էր նախկինում գործող ծառայությունների արժեքը։ Կառավարությունը մտադիր է միանվագ աջակցություն տրամադրել Ջերմուկում 2022 թվականի սեպտեմբերի 11-ի դրությամբ կացության կազմակերպում իրականացնող տնտեսավարողներին՝ 2022 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների էլեկտրաէներգիայի եւ գազի ծախսի հանրագումարի 100 տոկոսի չափով։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ փոխհատուցում ստանալու են Ջերմուկում կացության կազմակերպման գործունեություն իրականացնող մոտ 20 տնտեսավարող։ Գազի եւ էլեկտրաէներգիայի փոխհատուցման ծախսը՝ ըստ նախնական հաշվարկների, չի գերազանցելու 50-60 մլն դրամը։

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս