Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է եղել «Սիմոնյան» կրթական հիմնադրամի իրականացրած «Թումոն՝ տուփի մեջ» կրթական ծրագրին: ԿԳՄՍՆ նախարարությունից ArmLur.am-ին հայտնեցին, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները եւ առաջիկա անելիքները: «Այս ծրագիրը մեկ այլ՝ շատ կարեւոր եւ խոշոր նախագծի հատված է, որով փորձում ենք որակյալ կրթական ծառայությունները՝ ներառյալ ոչ ֆորմալ կրթությունը, ինչպիսին իրականացնում է «Թումոն», դարձնել հասանելի Հայաստանի բոլոր բնակավայրերում»,- ասել է ԿԳՄՍ նախարարը: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ նախատեսվում են 16 խոշոր կենտրոններ, որոնցում հնարավոր է սովորել «Թումոյի» ամբողջական կրթական ծրագրով եւ 110 շարժական «Թումո տուփեր», որոնք հիմնականում տեղադրվում են դպրոցների հարեւանությամբ: «Թումո տուփերի» միջոցով երեխաներն անցնում են ուսումնառության առաջին հատվածը, որն առավել հիմնված է ինքնուսուցման վրա:
Այնուհետ 2-րդ փուլի ուսուցումը հնարավոր է շարունակել խոշոր կենտրոնում՝ օգտվելով տրանսպորտային ծառայությունից: «Այս մոդելով է աշխատում Դիլիջանի կենտրոնը: Գավառում եւ Բերդում «Թումո տուփի» առաջին փուլի ուսումնառությունից հետո երեխաները կրթությունը խորացնում են Դիլիջանի խոշոր կենտրոնում: 16 կենտրոնները եւ 110 տուփերը ծածկելու են Հայաստանի ամբողջ աշխարհագրությունը՝ հասանելի դարձնելով կրթական ծրագիրը բոլոր բնակավայրերում»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը եւ հավելել, որ այս պահին ընթացքի մեջ են նաեւ մի շարք տուփերի տեղադրման եւ Կապանում, Էջմիածնում ու Կողբում խոշոր կենտրոնների կառուցման աշխատանքները:
Նախարարի գնահատմամբ՝ կարեւոր հանգամանք է «Թումո տուփի»՝ դպրոցների հարեւանությամբ տեղադրումը, ինչը հնարավորություն է դպրոցների զարգացման, իսկ երեխաների եւ ուսուցիչների համար՝ նոր հմտությունների ձեռք բերման ու վերապատրաստման տեսանկյունից: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ներկայացմամբ՝ «Թումո» ծրագրի ընդլայնման նպատակով անհատույց օգտագործման իրավունքով տարածք է հատկացվել: ԿԳՄՍ նախարարի տեղեկացմամբ՝ նախագծի հաստատումը հնարավորություն է տալիս, որ 900 երեխաներ Ախուրյանում եւ 300-ը՝ Փանիկում, կարողանան օգտվել ծրագրից: «Թումո» ծրագիրն ունի 14 ուղղություն, այդ թվում՝ ֆիլմերի ստեղծում, անիմացիա, երաժշտություն եւ այլն:
Ըստ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ հատկանշական է, որ կենտրոնները բացվում են պատմամշակութային արժեք ունեցող շենքերում, ինչը մշակութային ժառանգությանը նոր շունչ է հաղորդում եւ նոր միջավայր ստեղծում: Գյումրիում կենտրոնը կառուցվել է թատրոնի պատմական շենքում, իսկ Կապանում նախատեսվում է հին կայարանի շենքում: 7 «Թումո» կենտրոն գործում է նաեւ արտերկրում: Կենտրոնների ստեղծմամբ հետաքրքրված են նաեւ Ճապոնիայում եւ Մեքսիկայում. «Թումո» կենտրոնները դառնում են նաեւ արտահանվող կրթական ծառայություն:
Ն.Հ.