Հունվարի 25-ին հրավիրված համերգով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նշեց հիմնադրման 17-ամյակը։
Երեկոն ղեկավարում էր նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Ճիշտ 17 տարի առաջ՝ 2006 թվականի հունվարի 25-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի առաջին բեմելն էր։ Այն ժամանակ 18-ամյա Սերգեյ Սմբատյանը, համախմբելով իր երաժիշտ ընկերներին, հիմնադրեց նվագախումբ, որը հետագա տարիներին կարողացավ մեծ ճանաչում ձեռք բերել Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս, սիրվել երաժշտասերների կողմից՝ նրանց ներկայացնելով դասական երաժշտության հարուստ երկացանկ եւ աշխարհահռչակ երաժիշտների կատարումներ։ Ստեղծման օրից նվագախմբի թիվ մեկ առաքելությունը բարձր կատարողական որակ եւ միջազգային չափանիշներ ապահովելն է, ինչը կյանքի է կոչվում հետեւողական աշխատանքի շնորհիվ։ Անցած տարիների ընթացքում նվագախումբն ունեցել է հարյուրավոր համերգներ, այդ թվում՝ շուրջ 100 համերգ Հայաստանից դուրս։ Հյուրախաղերով է հանդես եկել մի քանի տասնյակ երկրներում՝ Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Չեխիայում, Մեծ Բրիտանիայում, Լեհաստանում, Նիդերլանդներում, Բելգիայում, Իսպանիայում, Մալթայում, Չինաստանում, Լիբանանում, Արաբական Էմիրություններում, Իսրայելում, Ռուսաստանում եւ այլն։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իր արտասահմանյան համերգային շրջագայությունների ընթացքում մշտապես կատարում է հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ այդպիսով հանրահռչակելով եւ՛ հայկական կոմպոզիտորական ժառանգությունը, եւ՛ ներկայացնելով հայ կատարողական բարձր արվեստը։ Ձայնագրվել եւ թվայնացվել են հայ կոմպոզիտորների կամերային եւ սիմֆոնիկ հարյուրավոր ստեղծագործություններ, ինչը հնարավորություն է տալիս մեր երաժշտական ժառանգությունը սերունդների համար պահպանել ժամանակակից ձեւաչափով, ինչպես նաեւ հանրայնացնել աշխարհում։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կարեւորում է համագործակցությունը դասական երաժշտության մեծ լսարան ունեցող միջազգային հարթակների հետ՝ Medici.tv, Euronews, Classic.fm, Mezzo TV եւ այլն, որոնք վերջին տարիներին բազմիցս հեռարձակել են Սիմֆոնիկի կատարումները։ 17-ամյակի համերգին նվագախումբը ներկայացրեց Պյոտր Չայկովսկու ստեղծագործությունները՝ Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը եւ Թիվ 4 սիմֆոնիան։ Որպես մենակատար հանդես եկավ դաշնակահար Միրոսլավ Կուլտիշեւը։ Վերջինս երաժշտական ամենամեծ նախագծերից մեկի՝ Classical Piano միջազգային մրցույթի 2021թ. հաղթողն է եւ, ի դեպ, Դուբայում կայացած Classical Piano մրցույթի հաղթող է դարձել՝ երրորդ եւ չորրորդ փուլերում ելույթ ունենալով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ Մշակութային ծրագրերի իրականացումից բացի, նվագախումբը մշտապես ձգտում է իրացնել իր սոցիալական պատասխանատվությունը։ Այս ուղղությամբ 2023 թվականից նվագախումբը վատ լսող երեխաների մայրերի «Հավատ» հասարակական կազմակերպության հետ սկսում է մի նշանակալի նախագիծ, որով իր նպաստն է բերելու լսողության խնդիրներ ունեցող երեխաների աջակցությանը։ 17-ամյակի համերգը նախորդում է մեծ հյուրախաղերին. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը փետրվարին ելույթներով հանդես կգա Միացյալ Թագավորությունում։ Նախատեսված է 10 համերգ տարբեր քաղաքներում։ Միացյալ Թագավորությունում խստապահանջ ունկնդիրը հնարավորություն կստանա, ի թիվս այլ գործերի, վայելելու նաեւ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։
ՓԱՐԻԶՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Ֆրանսիայի Կանխարգելիչ հնագիտական ուսումնասիրությունների ազգային ինստիտուտի հրավերով հունվարի 20-21-ը Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, կայացել է «Եվրոպական հնագիտության օրեր» ծրագրի համակարգողների առաջին համաժողովը: Հայաստանից համաժողովին մասնակցել է ծրագրի համակարգող, ԿԳՄՍՆ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը: Համաժողովն անցկացվել է 4 թեմատիկ համաժամանակյա քննարկումներով՝ «Դերակատարների ակտիվացում», «Հաղորդակցություն», «Հանրային մասնակցություն» եւ «Եվրոպական հնագիտության օրերի ապագան» թեմաներով:
«Հանրային մասնակցություն» թեմատիկ քննարկումը վարել եւ արդյունքները համաժողովի մասնակիցներին է ներկայացրել ՀՀ ներկայացուցիչը: Քննարկման ընթացքում ներկայացվել են Հայաստանում իրականացված միջոցառումները, շեշտադրվել եւ կարեւորվել են երիտասարդների եւ դպրոցականների մասնակցությունն ու սահմանափակ կարողություններով անձանց ներգրավումը ծրագրին: Գործընկերների հետ քննարկվել են հետագա համագործակցության ծրագրեր, մասնավորապես՝ Հայաստանի անդամակցության հարցը Եվրոպական հնագիտական խորհրդին:
Նշենք, որ «Եվրոպական հնագիտության օրեր» ծրագիրը նախաձեռնել է Ֆրանսիան, որին հետագայում միացել է 18 երկիր:
Հայաստանը ծրագրին միացել է 2022 թվականին: Այն նշվում է յուրաքանչյուր տարի՝ հունիսին:
2022 թ. հնագիտական միջոցառումների շարքով ծրագրում ներգրավվել են Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ները, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը, «Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան» ՀՈԱԿ-ը:
2023 թ. «Եվրոպական հնագիտության օրեր» ծրագրի միջոցառումների ցանկն առաջիկայում հասանելի կլինի նախարարության պաշտոնական կայքում:
ԱՋԱԿՑՈՂ ՈՒՂԵՐՁՆԵՐ
Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակչի մասնակից Կարեն Խաչանովն ասում է, որ թենիսի առաջնության կազմակերպիչները իրեն չեն ասել, որ դադարեցնի Արցախին աջակցող ուղերձներ գրել։
Հայկական ծագում ունեցող ռուսաստանցի 26-ամյա թենիսիստը խաղից հետո հեռուստատեսային տեսախցիկի օբյեկտիվի վրա գրել է այնպիսի հաղորդագրություններ, ինչպիսիք են՝ «Ամո՛ւր մնա, Արցա՛խ» եւ «Շարունակի՛ր հավատալ մինչեւ վերջ: Արցա՛խ, դիմացի՛ր»։
Լրատվամիջոցը նշում է, որ այսպիսով Խաչանովն իր աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, որը մեկ ամիս է՝ Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ է:
«Ես հայկական արմատներ ունեմ հայրական կողմից, պապիկիս, նույնիսկ մորս կողմից, ես կիսով չափ հայ եմ: Ես պարզապես ուզում էի իմ ժողովրդին ցույց տալ ուժ եւ աջակցություն», – քառորդ եզրափակիչից հետո ասել է Խաչանովը լրագրողներին:
Կարեն Խաչանովի հաղորդագրություններն Ադրբեջանի թենիսի ֆեդերացիայի զայրույթն են առաջացրել: Նրանք Խաչանովի գործողությունները որակել են որպես «ատելության գործողություն» եւ գրություն են ուղարկել Թենիսի միջազգային ֆեդերացիային՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել թենիսիստի դեմ:
Խաչանովին ոչ ոք չի ասել, որ նա դադարեցնի հաղորդագրություններ գրելը:
«Ես դրա մասին ոչինչ չեմ լսել, առայժմ ոչ», – ասել է Խաչանովը:
Խաչանովին է միացել նաեւ Մելբուրնի հայ համայնքը, որը Ավստրալիայի բաց առաջնությանն է եկել Արցախի դրոշներով: