Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը վերահաստատել է Լաչինի միջանցքով տեղաշարժը անհապաղ վերականգնելու անհրաժեշտության մասին իր հայտարարությունը։ Այս մասին նա գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Ներկա իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տալիս հումանիտար աջակցության և մարդու իրավունքների հարցերով միջազգային առաքելությունների համար ազատ և անարգել մուտքի ապահովման կարևորությունը բոլոր շրջաններ և մարդկանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ և տեղի բնակչությանը»,-գրել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը։
Ըստ Միյատովիչի, պետք է մշակվեն արդյունավետ և ճկուն մուտքի պայմաններ, որոնք թույլ կտան իրավասու բոլոր դերակատարներին, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար գրասենյակին, առաջնահերթ կարգով հասանելի լինել հումանիտար աջակցության և մարդու իրավունքների պաշտպանության կարիք ունեցողներին։