Եգիպտոսի նախագահը Հայաստան է այցելել։ Պատմական այցի կապակցությամբ ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դիմավորման արարողություն եւ հանդիպում ՀՀ նախագահի հետ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը իր խոսքում նշել է.
Չեմ կարող չնշել, որ հայ-եգիպտական հարաբերություններում առանձնահատուկ դերակատարություն ունի եգիպտահայ համայնքը, որը դարեր շարունակ իր նպաստն է բերում ինչպես Եգիպտոսի զարգացմանը, այնպես էլ՝ երկկողմ կապերի ամրապնդմանը։ Այս առնչությամբ հատուկ շնորհակալություն պետք է հայտնեմ այն հոգատարության համար, որը պետական մակարդակով վայելել և վայելում են Եգիպտոսում բնակվող մեր հայրենակիցները։ Հայ ժողովուրդը երբեք չի մոռանում եգիպտացի ժողովրդի կողմից ցեղասպանությունից փրկված իր զավակներին ցուցաբերված գրկաբաց ընդունելությունն ու օժանդակությունը։
Լիահույս եմ, որ բազմաթիվ մարտահրավերներով լի ներկայիս ժամանակաշրջանում հայ-եգիպտական բարեկամությունը կլինի այն գործոններից մեկը, որի շնորհիվ մեր երկրները կկարողանան հաղթահարել բոլոր դժվարությունները և վստահորեն քայլել դեպի լուսավոր ապագա։
Մեծարգո՛ պարոն նախագահ,
Առիթ պատեհ համարելով՝ ընդունեք նաև իմ ջերմ շնորհավորանքը ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի (COP27) գերազանց կազմակերպման և գրանցած հաջողության ու դրական արդյունքների առթիվ:
Վերստին ցանկանում են ընդգծել հիրավի պատմական այս այցի նշանակությունը և մաղթել մեր երկու պետություններին ամուր փոխհարաբերություններ և համատեղ աշխատանքում նոր ձեռքբերումներ՝ հանուն մեր ժողովուրդների բարօրության»։