ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հռոմի պապի կոչը կարող է սթափեցնող ներգործություն ունենալ Կաթոլիկ եկեղեցու համար. Հայր Շահե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակից օրերս Հռոմի Ֆրանցիսկոս առաջին պապը ի լուր քրիստոնյա աշխարհի պատգամ-հորդոր է հղել՝ բացել Լաչինի միջանցքը: Պապը միացել է հրապարակում աղոթող հազարավոր երիտասարդներին ու կրկնել դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 18-ին արած հորդորը՝ «Հարավային Կովկասում՝ Լաչինի միջանցքում ծանր հումանիտար իրավիճակի» մասին:

«Միջազգային մակարդակով բոլոր ջանքերը պետք է գործադրվեն՝ խաղաղ լուծումներ գտնելու համար հանուն մարդկանց բարօրության», – բարձրաձայնել է Ֆրանցիսկոս պապը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Հայր Շահե Անանյանն ArmLur.am-ի հետ զրույցում նշում ՝ ոչ միայն Լաչինի միջանցքի շրջափակման ժամանակ, այլ նաև Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո, երբ ադրբեջանական իշխանություններն ուղղակիորեն մշակութային ցեղասպանություն էին իրականացնում Արցախի գրավյալ տարածքներում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, և մասնավորապես Վեհափառ Հայրապետը բազմաթիվ պաշտոնական նամակներով, տեղեկատվական նյութերով, միջազգային կլոր-սեղան քննարկումներով և համաժողովներով ամեն ջանք ու առիթ գործադրել են՝ քրիստոնյա եկեղեցիների պետերին և միջեկեղեցական գործիչներին ներկայացնելու Ադրբեջանի իշխանությունների վարած հակամարդկային ու հակահայ քաղաքականության մասին։

Այս իմաստով, ասում է հոգևորականը, Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապն ու Վատիկանի իշխանությունները պարբերաբար տեղեկացվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համապատասխան բաժինների կողմից։

Հավելում է նաև, որ 2018 թվականից, Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը նշանակվել է Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ՝ առավել ամրապնդելու համար երկու եկեղեցիների եղբայրական հարաբերությունները։

Հայր Շահեի կարծիքով՝ Հռոմի պապի հերթական կոչն Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ սթափեցնող ներգործություն կարող է ունենալ քրիստոնյա աշխարհի, մասնավորապես մեկուկես միլիարդ հավատացյալ ունեցող Կաթոլիկ եկեղեցու համար։

«Քրիստոնյա եկեղեցապետերն ու միջեկեղեցական գործիչներն իրենց համայնքներում այս առումով ահազանգողի դերում են՝ իրենց խոսքը հասցեագրելով ուղղակիորեն հավատացյալների խղճին ու գիտակցությանը,- նշում է միջեկեղեցական հարբերությունների բաժնի տնօրենն ու հավելում. «Ի վերջո, կարևոր է իրավիճակի սթափ ու արդարացի գնահատականը լսել նաև եկեղեցական ու միջեկեղեցական գործիչներից»։

Սևակ Վարդումյան




Լրահոս