Ինչպես հայտնի է, կառավարության որոշմամբ, Հայաստանում կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող քաղաքացիները 2022-ի հուլիսից ՀՀ տարածքում վճարային քարտերով վճարելու դեպքում ամեն ամիս ստանում են հետվճար՝ նախորդ ամսում կատարած անկանխիկ գործարքների հանրագումարի 10%-ի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 5 000 դրամ։ Կառավարությունը, որպես ծրագրի իրականացման արդյունք, ակնկալում էր, որ մինչեւ 2022-ի տարեվերջ ծրագրի փաստացի շահառու կդառնա եւ առնվազն 3 ամիս անընդմեջ կստանա նախատեսված հետվճարը բանկային քարտով կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների 80%-ը, սակայն կառավարության նախանշված ծրագրերն իրականություն չեն դարձել, եւ այդ մասին վերլուծություն է արել «Սիվիլնեթ»-ի փաստերի ստուգման հարթակը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, #CivilNetCheck-ի հարցմանը ի պատասխան, հայտնել են, որ Հայաստանում կենսաթոշակառուների եւ նպաստառուների թիվը ներկայում շուրջ 585 հազար է, որոնցից 474 հազարը թոշակը (նպաստը) ստանում է անկանխիկ՝ բանկային քարտով։ Անկանխիկ եղանակով կատարված վճարումներից «քեշբեք» ստացող թոշակառուների եւ նպաստառուների թիվը 2022-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է շուրջ 67 հազար կամ քարտապան շահառուների 15%-ը (բոլոր թոշակ եւ նպաստ ստացողների 11%-ը)։ Սա կառավարության՝ մինչեւ տարեվերջ «անկնկալած» թվից ավելի քան 5 անգամ պակաս է։ Միջին հաշվով թոշակառուներին ամսական վճարված հետվճարի չափը 2022-ի հուլիս-սեպտեմբերին կազմել է մոտ 2600-2900 դրամ, հոկտեմբեր-դեկտեմբերին՝ 3100-3400 դրամ։ Ստացվում է՝ ներկա իրավիճակը հեռու է կառավարության ծրագրով նախատեսված ցուցանիշից. ծրագրից օգտվում է թոշակառուների միայն 11%-ը։ Փաստացի հետվճարի միջին չափը 3 400 դրամ է, իսկ բանկային քարտով կենսաթոշակ եւ նպաստ ստացող քաղաքացիները նախընտրում են կանխիկացնել թոշակը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի փնտրտուքների մեջ է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Քրիստիննե Գրիգորյանի հրաժարականից հետո ՔՊ-ն չի կարողանում ՄԻՊ թեկնածու գտնել, որը կհամապատասխանի բոլոր պահանջներին, միեւնույն ժամանակ, ընկալելի կլինի հանրության համար: Թեեւ այս օրերին ՄԻՊ թեկնածուի անուններ շրջանառվում են, բայց տեղեկացանք, որ ՔՊ-ն մինչ օրս էլ թեկնածու չունի: Ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի՝ թեկնածուները կարող են առաջադրվել ՄԻՊ-ի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Հաշվի առնելով, որ 10-օրյա ժամկետը լրանում է հաջորդ շաբաթ, իշխող խմբակցությունը պետք է մյուս շաբաթ արդեն վերջնական որոշում կայացնի: Ըստ նույն օրենքի՝ ՄԻՊ ընտրելու համար անհրաժեշտ է 65 ձայն, այսինքն՝ ՔՊ-ն միայնակ կարող է անցկացնել իր թեկնածուին՝ անկախ ընդդիմության քվեարկությունից:
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ է հայտնի դարձել 15 զինվորի ողբերգական մահվան գործով: Մասնավորապես, մեզ հայտնի է դարձել, թե ինչ խոսակցություններ են ունեցել զինվորները իրենց սպայի հետ, եւ դեպքից առաջ ինչ է կատարվել կացարանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մինչ ողբերգական հրդեհը ռազմական ոստիկանությունը կացարանում ստուգումներ է արել եւ արգելված իրեր է հայտնաբերել , ինչի մասով կազմվել է արձանագրություն: Այս մասին զորամասի ղեկավար կազմը տեղեկացված է եղել, որից հետո սպան խոսակցություն է ունեցել զինվորների հետ արգելված իրերի անթույլատրելիության մասով: Բացի այդ, սպայական կազմը եւս խիստ նկատողություն է ստացել: Չի բացառվում, որ զինվորների ծնողները կացարանում առկա լարված իրավիճակն են նկատի ունեցել իրենց հարցազրույցներում: Մասնավորապես, մահացած զինծառայողներից, Լոռու մարզի Հոբարձի համայնքի բնակիչ Ռոստոմ Ասրյանի հայրը՝ Արտակ Ասրյանը, հայտնել էր. «Դա բենզինի բան չէ, ինչ կա, այդ աֆիցերի տակ է։ Երկու օր զինվորների հետ լարված է եղել, երկու օր առաջ այնտեղ լուրջ կռիվ է եղել։ Տղես որ զանգեց, ասաց՝ պա՛պ, շատ վատ է, ասացի՝ ի՞նչ է եղել, մենակ քո՞ համար է վատ, թե՞ բոլորիդ համար լավ չի. ասում է՝ բոլորիս»: Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող, 3 զինծառայող տեղափոխվել էր Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Ադրբեջանում այս պահի դրությամբ հաստատված ու նույնականացված 33 հայ ռազմագերի է պահվում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս թիվը միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանն է ներկայացնում: Սամվելյանի ներկայացրած թիվը նաեւ ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն է «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատում՝ նշելով, սակայն, որ, բացի հաստատված ու Կարմիր խաչի ուշադրության կենտրոնում գտնվող 33 ռազմագերիներից, չհաստատված, բայց փաստերով հաստատված դեպքերը 80-ն են: «Մեր փաստահավաքությունը կարողացել է հիմնավորել գերեվարման հավելյալ առնվազն 80 դեպք, ու չենք բացառում՝ գերեվարման նոր դեպքեր էլ լինեն, պարզապես մեր գործունեությամբ այդքանն ենք կարողացել հիմնավորել,- նշում է նա՝ ավելացնելով։- Ցավոք, եղել է շուրջ 40 անձի դեպք, որ գերեվարվելուց հետո սպանվել կամ գնդակահարվել են: Դա վկայող ապացույցներ ունենք: Ինչ վերաբերում է վերոնշյալ 80 դեպքին, ապա անհայտ է վերջիններիս ճակատագիրը: Նրանք կարող են կենդանի լինել, բայց իրավական դաշտից դուրս բերվեն ու դառնան բռնի անհետացածներ կամ սպանվածներ, բայց Ադրբեջանը ո՛չ հաստատում է նրանց գերեվարումը, ո՛չ էլ վերադարձնում է դիերը՝ կատարած հանցագործությունները չինքնախոստովանելու համար»: Նկատենք, որ վերջին շրջանում գերիների, առավել եւս՝ նրանց հավանական վերադարձի մասին հայտարարություններ չեն հնչում, եւ դա՝ այն դեպքում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021-ի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտարարում էր. «Գերիները մեզ կներեն, եթե 1-2 ամիս ավելի մնան Բաքվի բանտերում»: Հայտարարությունից այժմ ավելի քան տարիուկես է անցել, բայց մինչեւ այս պահը մեր հայրենակիցները Բաքվի բանտերում շարունակում են տանջվել ու կտտանքների ենթարկվել: Ընդհանուր առմամբ, ստացվում է՝ Բաքվի բանտերում այս պահի դրությամբ, հավանական է, մոտ 120 ռազմագերի կարող է պահվել: