Արցախը ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ աշխարհին կապող տրանսպորտային միակ հանգույցը՝ Լաչինի միջանցքը, արդեն 47-րդ օրն է, ինչ փակված է: Շրջափակված Արցախում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասում է՝ հայկական երկրորդ հանրապետությունում առկա խնդիրները գնալով ավելի են ահագնանում, մարդիկ բախվում են կենսական անհրաժեշտության ու նշանակության հարցերի:
Հաճախ, նշում է, մարդիկ չեն էլ պատկերացնում, թե ինչ սառնամանիքի պայմաններում են ապրում երեխաները, ու եթե Արցախի մարզերում, գյուղական համայնքներում ցրտին դիմակայում են փայտե վառարանների միջոցով, ապա Ստեփանակերտում հարցն իսկապես սուր է դրված: Այս ամենին էլ գումարվում են գազի հաճախակի անջատումները, ու պատկերն ավելի է խտանում:
Իրականում, ասում է մեր զրուցակիցը, իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան պատկերացնում են Հայաստանում:
«Ժողովուրդ» օրաթերթն այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ:
-Տիկի՛ն Հովսեփյան, ի՞նչ իրավիճակ է Արցախում:
-Մարդիկ բախվում են կենսական անհրաժեշտության խնդիրների ու հարցերի: Շուտով, հնարավոր է, առհասարակ էլեկտրաէներգիա ունենալու հնարավորությունը չլինի: Ինչպես գիտեք, ավելի են երկարացրել էլեկտրաէներգիայի անջատումների ժամանակացույցը: Վթարներ եւս շատ են էլեկտրաէներգիայի խափանումների պատճառով: Կարող են թաղամասեր լինեն, որ ամբողջ օրը հոսանք չլինի:
-Այսինքն՝ դեռ մարդիկ չե՞ն գիտակցում, թե ինչ լուրջ իրավիճակ է Արցախում:
-Այո, մարդիկ չեն էլ պատկերացնում, թե ինչ սառնամանիքի պայմաններում են ապրում երեխաները, ու եթե Արցախի մարզերում, գյուղական համայնքներում ցրտին դիմակայում են փայտե վառարանների միջոցով, ապա Ստեփանակերտում հարցն իսկապես սուր է դրված: Այս ամենին էլ գումարվում են գազի հաճախակի անջատումները, եւ պատկերացրեք, թե ինչ իրավիճակ է ստեղծվում: Կենսական կարեւորություն ունեցող հարցեր կան Արցախում. հացի փուռերը չեն աշխատում, տաքսիները, առաքիչները չեն աշխատում, եւ այդպես շարունակ: Պետական ապարատը եւս դժվար է աշխատում, եւ հաստատություններն ուղղակի չեն ջեռուցվում, երեխաներն ամբողջ օրը տանը, կրթությունից հեռու եւ այս ամբողջ իրականության մեջ ապրում են:
-Ի՞նչ կանխատեսումներ եք անում:
-Գիտեք, այս ամենը հիշեցնում է Հայաստանի մութ եւ ցուրտ տարիները: Իհարկե, դրանք դաժան էին, բայց կոմունիկացիաների հնարավորությունները շատ էին: Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապ ուներ: Այս երեւույթները չես կարող համեմատել իրար հետ: Հայաստանյան իշխանությունը, ի դեմս ՔՊ-ի, իրականում ոչինչ չի անում, իսկ եթե ՔՊ որեւէ պատգամավոր որեւէ հարթակում խոսում է Արցախի մասին, ապա դա իր PR-ի համար է անում: Հայաստանը ստորագրել է փաստաթուղթը եւ մի կողմ է քաշվել: Դա զազրելի թուղթ է, որը նա ստորագրեց եւ անցավ մի կողմ: Ազգային ժողովը նրանք ամեն րոպե կարող են օգտագործել շրջափակված Արցախի հարցը բարձրաձայնելու համար, հետեւաբար այս ամենը միայն PR-ի համար է արվում: Ամբողջ հայ ազգը ենթարկվում է դաժանությունների: Այսօր որեւէ այլ հարց Ազգային ժողովում չպետք է քննարկվի, քան Արցախի հարցն է, քան Հայաստանի սուվերեն տարածքի վրա հարձակումներն են, բայց փատսացի տեսնում ենք, որ իրենք որեւէ բան չեն անում, բացի զազրախոսությունից եւ, օրինակ, ասելուց, թե Արցախն Ադրբեջան է: Իշխանությունները շարունակում են իրենց գործունեությամբ ցույց տալ, որ որեւէ դրական բանի ընդունակ չեն:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
Ի՞ՆՉ Է ՍԱՀՄԱՆՈՒՄ ՕՐԵՆՔԸ
Արդեն չորրորդ օրն է՝ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թափուր է: ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ որեւէ խմբակցություն ՄԻՊ թեկնածու չի առաջադրել:
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ թեկնածուները կարող են առաջադրվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Ընդ որում, ՄԻՊ-ին առաջադրելու իրավունք ունեն ԱԺ բոլոր խմբակցությունները: Նրան ընտրելու համար խորհրդարանում անհրաժեշտ է 65 ձայն, եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը միայնակ կարող է ապահովել անհրաժեշտ ձայները, իսկ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները միասին 35 պատգամավոր ունեն։
Նրան ընտրելու կարգը սահմանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» հոդված 145-ը: Թեկնածուին նախ պետք է հավանություն տան Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովում, ապա հարցը կմտնի լիագումար նիստերի օրակարգ։ Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում պաշտպանի ընտրություններն անցկացվում են պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 1 ամսվա ընթացքում:
Իսկ ի՞նչ է այժմ կատարվում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՄԻՊ-ին պետք է փոխարինի աշխատակազմի դեպարտամենտի տարիքով ամենաավագ աշխատակիցը։ ՄԻՊ աշխատակազմից «Հրապարակ»-ին փոխանցել էին, որ Քրիստիննե Գրիգորյանին փոխարինելու եւ մինչեւ նոր ՄԻՊ-ի ընտրությունը օմբուդսմենի պարտականությունները ժամանակավոր կատարելու է աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը։ Նա ՄԻՊ հնաբնակներից է:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԻ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
ՔՊ-ական պատգամավորների օգնականները պարգեւավճար են պահանջում ԱԺ-ում արդեն երկու օր է՝ ստորագրահավաք է իրականացվում. ՔՊ-ական մի խումբ պատգամավորների օգնականները, «շեֆերի» գիտությամբ, պարգեւավճար են պահանջում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ստորագրահավաքը նախաձեռնել ու կառավարում են ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, նրա օգնականը (դե ֆակտո խմբակցության ղեկավարը, Կոնջորյանի մտերիմը), ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, նրանց օգնականներն ու իշխող խմբակցության փորձագետները: Ակցիային միացել են որոշակի նախաձեռնողականությամբ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի օգնականն ու փորձագետները: Բանն այն է, որ օգնականները, տեսնելով՝ պետծառայողները ստանում են պարգեւավճար, իրենք եւս դիմել են ԱԺ նախագահին՝ պարգեւավճար ստանալու պահանջով: Նկատենք, որ ՔՊ-ական պատգամավորների օգնականները պահանջում են պարգեւավճար, որն օրենքով չի հասնում, այլ միայն պետծառայողներին է հասանելի՝ որպես պրոֆեսիոնալների: Օգնականները, սակայն, որ օրերով աշխատանքի չեն ներկայանում, ուզում են բարձր աշխատավարձ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պահուստային ֆոնդից պարգեւավճար տալ պատգամավորների օգնականներին, եւ այս պատճառով ՔՊ ներսում լուրջ բախումներ են սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ շուրջ 36 պատգամավորի օգնական է միացել ստորագրահավաքին.
1) Հայկ Կոնջորյանը
2) Արթուր Հովհաննիսյանը
3) Խաչատուր Սուքիասյանը
4) Մարիա Կարապետյանը
5) Թագուհի Ղազարյանը
6) Արուսյակ Ջուլհակյանը
7) Ծովինար Վարդանյանը
8) Զարուհի Բաթոյանը
9) Գուրգեն Արսենյանը
10) Վաղարշակ Հակոբյանը
11) Վիլեն Գաբրիելյանը
12) Հայկ Սարգսյանը
13) Հռիփսիմե Հունանյանը
14) Ալխաս Ղազարյանը
15) Արեն Մկրտչյանը
16) Էմմա Պալյանը
17) Անդրանիկ Քոչարյանը
18) Նարեկ Գրիգորյանը
19) Վիգեն Խաչատրյանը
20) Գագիկ Մելքոնյանը
21) Հայկ Ցիրունյանը
22) Արմեն Խաչատրյանը
23) վերջերս մանդատ ստացած Կարեն Սարուխանյանը
Այս առիթով դիմեցինք ԱԺ, որտեղից հաստատեցին մեր տեղեկությունը. «Տվյալ պարգեւավճարը վերաբերում է միայն պետծառայողներին եւ չի տարածվում ԱԺ պատգամավորների օգնականների վրա, այդ պատճառով էլ նրանք պարգեւավճարը չեն ստացել: Քանի որ տվյալ պարգեւավճարը օրենքով վերաբերում է միայն պետծառայողներին, համարվում է կիսամյակային պարգեւավճար, իսկ պատգամավորների օգնականներին օրենքով չի հասնում պարգեւավճար»: Դիտարկմանը, որ մինչ այս պատգամավորների օգնականները եւս օգտվել են կիսամյակային պարգեւավճարերից, ինչու արդյոք չեն ստացել այս անգամ, ԱԺ-ից ասացին. «Պարգեւավճարների ֆոնդը խնայողությունների հաշվին է ձեւավորվել, քանի որ պետծառայողները ստացել են պարգեւավճար, խնայողությունների հաշվին։ Պատգամավորների օգականներին էլ է տրվել պարգեւավճար. հիմա այլ իրավիճակ է: Աշխատավարձային ֆոնդը բարձրացել է, իսկ պարգեւավճարների ֆոնդը՝ կրճատվել։ Պարգեւավճարներ տրվում են խնայողությունների հաշվին, այժմ էլ դեռ հունվար ամիսն է, այդ պատճառով պարգեւավճար չի տրվելու նրանց»: