ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ՝ ԵԽԽՎ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկումները շարունակվում են: Հունվարի 26-ին շարունակվել են ելույթները,  ընդունվել է նաեւ բանաձեւ, որը նպատակ ունի Ադրբեջանին ստիպել կատարել իր պարտավորությունները: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը եւս ելույթ է ունեցել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում:

 

«Ձեր դեմքերի արտահայտությունը խոսում է այն մասին, որ կանխատեսում եք, որ հայերն այժմ կխոսեն ադրբեջանական ագրեսիայի, գերիների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, իսկ Ադրբեջանի պատվիրակությունը, ի պատասխան, ծանրաբեռնելու է ձեզ կեղծ հակադարձումներով: Բայց թո՛ւյլ տվեք ինձ բացատրել, թե ինչու ենք պարտավոր բարձրաձայնել Լաչինի միջանցքի ադրբեջանական շրջափակման հետեւանքով առաջացած հումանիտար աղետի եւ վերը նշված այլ թեմաների մասին: Խնդրում եմ իմ խոսքերն ընկալել ոչ թե որպես քաղաքական ելույթ, այլ որպես խորհելու նյութ»,- նշում է նա:

Մամիջանյանը ընդգծեց՝ այստեղ ներկաներից ոմանք այս նիստից հետո կայցելեն Ստրասբուրգի ռեստորաններից մեկը: «Ես խնդրում եմ ձեզ ընթրիքի ընտրության ժամանակ նկատի ունենալ, որ Լեռնային Ղարաբաղում 120.000 մարդ կարող է իր ընտրությունն անել միայն սովորական մակարոնեղենի կամ հնդկաձավարի միջեւ՝ ո՛չ բանջարեղեն, ո՛չ միրգ, ո՛չ ուրիշ այլ բան: Եվ երբ դուք, հարգելի՛ գործընկերներ, կհասնեք ձեր հարմարավետ ու տաք հյուրանոցային համարները՝ սառը քամուց թաքնվելու եւ նորություններ դիտելու համար, խնդրում եմ հիշել, որ 120.000 հայ օրական 6-8 ժամ չունի գազ եւ էլեկտրականություն»,- հավելում է նա:

Մամիջանյանը հավելում է. «Ձեզանից նրանց, ովքեր երեխաներ ունեն, խնդրում եմ պատկերացնել, թե ինչ կանեիք, եթե աշխարհում ինչ-որ մեկը խոչընդոտեր ձեր երեխային կրթություն ստանալ: Եթե դասասենյակներում այնքան ցուրտ լիներ, որ դպրոցները ստիպված գրեթե մեկ ամսով փակվեին: Եվ եթե ձեզանից որեւէ մեկն օրվա ավարտին գլխացավ ունենա, խնդրում եմ ցավազրկող դեղահաբը կուլ տալիս հիշել, որ Արցախում 120.000 հայ այդ դեղամիջոցները գրեթե չունի: Եվ երբ պարոն Սեիդովը կսկսի պատմել, որ ինքնահռչակ ակտիվիստներն օգտվում են իրենց խոսքի ազատության իրավունքից, թեպետ «խոսքի ազատությունն Ադրբեջանում» նախադասությունն ինքնին օքսիմորոն է, խնդրում եմ հիշել, որ Ադրբեջանը Յեյլի համալսարանի բնապահպանական արդյունավետության ինդեքսում 104-րդն է, եւ ես չեմ հիշում, որ Ադրբեջանում երբեւէ էկոլոգիական թեմայով բողոքի որեւէ զանգվածային ցույց տեղի ունեցած լինի, չնայած քիչ առաջ ականատես եղանք, թե ինչպես է ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը կասկածի տակ դնում ֆրանսիական ժողովրդավարությունը: Կարող եք պատկերացնել, որ 1989 թվականի նոյեմբերի 9-ից հետո՝ Բեռլինի պատի փլուզումից հետո, Եվրոպայում կլինի մի վայր, որտեղ ընտանիքներն ու հարազատները միմյանցից բաժանված կլինեն: 21-րդ դարում երեխաները մեկուկես ամսից ավելի չեն կարողանա հանդիպել իրենց ծնողներին, բայց հանկարծ սխալ կարծիք չկազմեք. մենք չենք կարող 30 տարի սպասել. Լաչինի միջանցքը պետք է հիմա ապաշրջափակվի: Եվ ինչպես մի քանի շաբաթ առաջ հայտարարեց Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը. «Աշխարհը պետք է անհապաղ գործի` կանխելու Հայոց երկրորդ ցեղասպանությունը»:

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում ներկայացված էր նաեւ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարում տղամարդկանց մասնակցության հարցը, որի քննարկման շրջանակում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը:

«Հարցի շրջանակում ներկայացրի նաեւ Հայաստանի փորձը, այն օրենսդրական նախաձեռնությունը, որով հանդես ենք եկել գործընկերներիս հետ միասին: Տղամարդիկ կարող են աջակցել սոցիալական նորմերի վերաձեւակերպմանը եւ պետք է աջակցեն մեզ առանց բռնության հասարակություն ունենալու հարցում: Ես կիսում եմ տիկին Ստեյնենի վերլուծությունն առ այն, որ բռնությունը վտանգ է ժողովրդավարության համար, եւ հենց սա կարող է լինել հերթական պատճառ կամ առիթ, որպեսզի տղամարդիկ եւ կանայք միասին գործեն»:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՆՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին օրերին ԱՄՆ-ի Եւ Եվրոպայի կողմից ավելացել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն ապաշրջափակելու մասին հայտարարությունները։ Մի քանի օր շարունակ ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից հայտարարություններ են հնչում, թե ԱՄՆ-ին շարունակում է մտահոգել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացումը։

Նեդ Փրայսը իր հայտարարություններից մեկում նշել էր, թե պետք է ելք գտնել ստեղծված փակուղուց՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու համար: Նեդ Փրայսի խոսքերով՝ առաջընթացի կարելի է հասնել բանակցությունների միջոցով։

Իսկ, ահա, ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ է անում բացել Լաչինի միջանցքը, ազատ արձակել բոլոր հայ գերիներին։ Նրանք այսօր կքննարկեն զեկույց ընդունելու հարցը։

 

 

 

ԱՋԱԿՑԵԼՈՒ ԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ԱՄՆ-ն հանձնառու է աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության բանակցություններին։ Այս մասին ասել է ԱՄՆ պետդեպի փոխխոսնակ Վեդանտ Պատելը։

«ԱՄՆ-ն ՌԴ-ի միջնորդությամբ ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չէ, որը հանգեցրել է ռուսական խաղաղապահների տեղակայմանը, հետեւաբար հավելյալ ոչինչ չենք կարող ասել, [թե Ռուսաստանը խաղաղության աջակցո՞ղ է, թե՞ խաթարող]: Բայց հակամարտությունը խիստ կարեւոր է Բլինքենի համար, եւ նա շարունակում է լրջորեն ներգրավված մնալ»,- ասել է նա։

 

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարինե Դավոյանը նշանակվել է վարչապետի օգնական.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Կարինե Դավոյանին նշանակել վարչապետի օգնական»,-ասված է որոշման մեջ:

 

 

 

 

«ՃԱՔԵՐ» Է ԱՌԱՋԱՑԵԼ

Ամերիկայի Միացյալ Նահանգների, Գերմանիայի ու Եվրոպական Միության այլ երկրների ղեկավարները մինչեւ Ուկրաինային տանկեր տրամադրելն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ 2022-ի դեկտեմբերին ԱՄՆ կատարած այցը անհամաձայնություն են ունեցել՝ պաշտոնական Կիեւին տանկեր տրամադրելու հետ կապված: Այս մասին Politico լրատվականն է գրում՝ հավելելով, որ Արեւմուտքի երկրների ու ԱՄՆ ղեկավարության անհամաձայնությունն ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենն է «հարթել»՝ շտապելով առաջինը տանկեր ուղարկել Ուկրաինա:

Բեռլինի ու Վաշինգտոնի դիսկուրսի առանցքը, պարբերականի տեղեկություններով, այն է եղել, թե կհամաձայնեն արդյոք կողմերը միաժամանակ ռազմական օգնություն ցուցաբերել Կիեւին:

Զելենսկին ԱՄՆ այցի ժամանակ նախագահ Բայդենին խնդրել էր տանկեր ու հրթիռներ տրամադրել Ուկրաինային, բայց Սպիտակ տանը կայացած հանդիպումներից հետո պարզ է դարձել՝ ամերիկյան չինովնիկները Կիեւին հրթիռներ չեն տրամադրի ու կբավարարվեն միայն տանկեր ուղարկելով: Հենց այդ ժամանակ էլ ԱՄՆ ղեկավարությունն իր առջեւ խնդիր է դրել Արեւմուտքի անդամ պետություններին համոզել նույնպիսի սցենարով առաջանորդվել: Եվ, ըստ լրատվականի տեղեկությունների, հենց դա էլ պատճառ է եղել ԱՄՆ-ԵՄ հարաբերություններում որոշակի «ճաքեր» առաջանալու համար: Ի դեպ, հավելում է պարբերականը, տարակարծություն ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջեւ է եղել, այլ հենց ԱՄՆ ներսում՝ պետական տարբեր գերատեսչությունների միջեւ: Այսպես, ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչներն այն համոզմանն են եղել, որ նպատակահարմար չէ Կիեւին Abrams տանկեր մատակարարել, քանի որ դրանք մշտապես սարքին պահելը դժվար է, իսկ ուկրաինացիներին մեքենայի հետ կապված տեխնիկական հարցերը սովորեցնելը ժամանակատար ու բարդ է լինելու: Պենտագոնի այս տեսակետը, մեղմ ասած, դուր չի եկել Բայդենի աշխատակազմի՝ պաշպանական արդյունաբերության հարցերով զբաղվող պաշտոնյաներին:

 

 

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀՕԳՈՒՏ ԵՄ-Ի

Երեւանում գերադասել են ընտրություն կատարել՝ հօգուտ ԵՄ-ի: Երեկ նման հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ՝ արձագանքելով հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական նոր առաքելության տեղակայման որոշմանը:

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության համոզմամբ՝ Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան եւ սրել առկա հակասությունները:

ArmLur.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը, անդրադառնալով ՌԴ ԱԳՆ այս հայտարարությանը, նշում է՝ Հայաստանը դարձել է աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ, ինչը ծանր հետեւանքներ է ունենալու մեզ համար:

 

 




Լրահոս