ԳՈՐԾՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվել են 32-ամյա տղամարդու կողմից Էջմիածին քաղաքի 41-ամյա բնակչուհու դեմքին ծծմբաթթու լցնելու փորձի դեպքի վերաբերյալ հանգամանքները:

 

Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ մանրամասնելով, որ քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա տղամարդը, Վաղարշապատ քաղաքի 42-ամյա բնակչի պատվերով, նույն քաղաքի 43-ամյա բնակչի կազմակերպմամբ, գումարի դիմաց ծծմբական թթու լցնելու եղանակով այլանդակել է վերջինիս կնոջ՝ նույն քաղաքի 41-ամյա բնակչուհու դեմքը:

Պատվերը կատարելու նպատակով 32-ամյա տղամարդը 2022թ. հոկտեմբեր ամսին, նախապես իր հետ վերցնելով ծծմբական թթու լցրած ներարկիչը, մի քանի անգամ գնացել է 41-ամյա կնոջ բնակության վայր, հանցավոր արարքն իրագործել չի կարողացել մի դեպքում կնոջ՝ տանը չլինելու պատճառով, իսկ մյուս դեպքում՝ քանի որ ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից: Անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել է նախապես լուծույթով լցված ներարկիչը:

Վարույթից՝ 41-ամյա բնակչուհու դեմքին ծծմբաթթու լցելու փորձի վերաբերյալ անջատված մասով 32-ամյա տղամարդուն վերջնական մեղադրանք է ներկայացվել:

Միջնորդություն է հարուցվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան 32-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց կալանք ընտրելու մասին, որը բավարարվել է:

Այդ մասով նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Նախաքննության փուլում գտնվող քրեական վարույթի մյուս մասի շրջանակներում վարութային եւ ապացուցողական, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։

Վաղարշապատ քաղաքի 42-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել մերձավոր ազգական հանդիսացող կնոջը ծանր մարմնական վնասված հասցնելու փորձի կազմակերպման եւ միջնորդության համար, իսկ 43-ամյա բնակչին՝ այդ հանցավոր արարքի կատարումը պատվիրելու համար։ Նա մեղադրվում է նաեւ խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության համար։

Ընդ որում՝ վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նշված երկու անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնք մերժվել են, ինչից հետո 43-ամյա բնակիչը կատարել է առերեւույթ եւս մեկ հանցավոր արարք։

Նշված քրեական վարույթին միացված այլ վարույթներով քննության առարկա են նաեւ մի քանի այլ հանցագործությունների՝ ավտոմեքենայի հրկիզման փորձ կատարելու, խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության եւ իրացման, Վաղարշապատի մթերային խանութներից մեկից մի քանի տուփ ծխախոտի հափշտակության դեպքեր։ Այս մասով նախաքննությունը շարունակվում է։

 

 

ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔ

ՀՀ ՊԵԿ Արեւմտյան մաքսատուն-վարչությունը բացահայտել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք:

Ինչպես  հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից, օրերս Աթենք-Երեւան չվերթով ՀՀ ժամանած քաղաքացին ՊԵԿ Արեւմտյան մաքսատուն-վարչության ուղեւորների մաքսային հսկողության բաժնում ընտրել է մաքսային հսկողության երկուղի համակարգի «Կանաչ ուղի» ընթացակարգը։ Մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների տեղափոխման վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենալով` քաղաքացու կողմից «Կանաչ ուղի» մաքսային հսկողության գոտու ելքի գիծը հատելուց հետո քաղաքացին մաքսային ծառայողների կողմից ուղեկցվել է «Կարմիր ուղի» հսկողության գոտի, որտեղ մաքսային հսկողության են ենթարկվել նրան պատկանող ուղեբեռները:

Մաքսային զննման արդյունքում պարզվել է, որ քաղաքացու ուղեբեռներում առկա է տարբեր տեսակի եւ չափի չհայտարարագրված 10 բնական մորթե մուշտակ: Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, եւ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով նշանակվել է շուրջ 250 հազար ՀՀ դրամի չափով տուգանք` չհաշվարկված մաքսային վճարների ընդհանուր գումարի քսան տոկոսի չափով:

Բացի այդ, նշված մուշտակները քաղաքացու կողմից «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով հայտարարագրվել են, որի արդյունքում էլ վերջինիս կողմից վճարվել են օրենքով սահմանված շուրջ 1,3 միլիոն ՀՀ դրամի չափով մաքսային վճարներ:

 

 

 

ԱԱԾ-Ն ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է

Սոցիալական կայքերի էջերով տարածվում է գովազդային տեսահոլովակ, որ ՀՀ քաղաքացիները «գազի վաճառքով» զբաղվելու եւ «Գազպրոմ Հայաստան» ընկերության «արժեթղթերում» ֆինանսական փոքր ներդրումներ կատարելու դիմաց, իբրեւ թե, կարող են մեծ գումարներ աշխատել։ Այս մասին հայտնում է ԱԱԾ-ն:

ՀՀ քաղաքացիները, Instagram եւ Facebook սոցիալական կայքերի Way to success անվանումով էջում նկատելով «Գազպրոմ» ընկերության՝ բարձր աշխատավարձով աշխատանքի մասին տարածվող գովազդային հոլովակը, տրամադրել են իրենց անձնական տվյալները, որից հետո վերջիններիս հետ Whatsapp-ով կապ են հաստատել իբրեւ թե «Գազպրոմ»-ի աշխատակիցները՝ աշխատանքի մանրամասները քննարկելու նպատակով։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը քաղաքացիներին կոչ է անում խուսափել եւ զերծ մնալ միջազգային չափանիշների խարդախության սխեմային մասնակցություն ունենալու գայթակղությունից, ոչ պաշտոնական կայքերում հրապարակվող կասկածելի ծրագրերում ներդրում կատարելու առաջարկներից, ինչպես նաեւ չտրամադրել անձնական եւ բանկային հաշիվների վերաբերյալ տվյալներ՝ ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով։

 

 

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԱՅՐՎԵԼ Է

Հունվարի 26-ին՝ ժամը 23:34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Խաչիկ Դաշտենցի փողոցի 60 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։50-ին, մարվել՝ 23։58-ին։ Այրվել է VAZ-2108 մակնիշի ավտոմեքենան։

 

 

 

ԿԱԼԱՆՔ՝ ԵՐԿՈՒ ԱՄՍՈՎ

ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը՝ երկու ամիս ժամկետով: Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի հունվարի 25-ին որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): 2023 թվականի հունվարի 26-ին Գ.Ա.-ն ձերբակալվել էր: Հավելենք, որ այս կալանավորումը միակ չի լինելու: ArmLur.am-ը գրել էր, որ կալանավորումների շքերթ է սպասվում:

 

 

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ 49 ՀԻՎԱՆԴ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնից երեք հիվանդ՝ «Ստամոքսի անտրալ հատվածի քաղցկեղ` ռեգիոնար լիմֆատիկ հանգույցների ախտահարումով», «Ձախ կրծքագեղձի քաղցկեղ» եւ «Զույգ ծնկների վալգուսային դեֆորմացիա, վիճակ հեմիէպիֆիզեոդեզից հետո» ախտորոշումներով, հունվարի 27-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Ինչպես տեղեկանում ենք նախարարության տարածած հաղորդագրությունից, Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արեւիկ» բուժմիավորումում 9 երեխա գտնվում է նորածնային եւ վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 13 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 49 հիվանդ։




Լրահոս