Երեւանում՝ «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում, տեղի է ունեցել «Շրջափակում. ժամանակների կապը» ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որտեղ ներկայացված էին Սերգեյ Լարենկովի «Անտեսանելի շրջափակված Լենինգրադը» ֆոտոնախագծի նյութերը: Ցուցահանդեսը նվիրված է Լենինգրադի շրջափակումից ազատագրման 80 եւ քաղաքը ֆաշիստական շրջափակումից ամբողջական ազատագրման 79-րդ ամյակին։
Ցուցահանդեսի բացմանը ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարեւորել է «հիշողության էստաֆետի» պահպանումն ու փոխանցումը նոր սերունդներին:
«Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանը իրական օգնություն է ցուցաբերել Լենինգրադի բնակիչներին՝ ընդունելով շրջափակված քաղաքի ավելի քան 300 երեխաների։ Երեւանում կա նաեւ այդ տարիներին նվիրված հուշարձան, որտեղ ամեն տարի ծաղիկներ ենք խոնարհում։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանին եւ հայ ժողովրդին այն ամենի համար, ինչ արել են ռազմի դաշտում եւ թիկունքում», – նշել է դեսպանը։
Երեւանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն էլ նշել է.
«Հայրենական մեծ պատերազմի տարիներին լենինգրադցիների եւ քաղաքի պաշտպանների հերոսությունը, տոկունությունը, նրանց ոգու ուժը, նվիրվածությունն ու սերը հայրենիքի հանդեպ մինչեւ օրս օրինակելի են։ Փորձությունների, սխրանքների եւ ընդհանուր հաղթանակների հիշողությունը համախմբել եւ միավորել է մեր ժողովուրդներին: Այսօր մեր խնդիրն է երիտասարդ սերնդին դաստիարակել մեր նախնիների հերոսական օրինակներով»:
Ցուցահանդեսին ներկա էին ԱԺ պատգամավոր, Հայաստանում ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը, ՀՀ-ում Բելառուսի դեսպանության ավագ խորհրդական Սերգեյ Տրոցյուկը, Հայրենական մեծ պատերազմի վետերան, ՀՀ վաստակավոր ուսուցիչ Ռոզալիա Աբգարյանը: Նրանք բոլորն ընդգծել են նման միջոցառումների կարեւորությունը խորհրդային ժողովրդի սխրանքների մասին հիշողությունը պահպանելու եւ սերունդներին փոխանցելու գործում։
Ցուցահանդեսի պատվավոր հյուրը շրջափակված Լենինգրադի բնակիչ Գալինա Պետուխովան էր։
«Չէի կարող բաց թողնել իմ հայրենի քաղաքին նվիրված ցուցահանդեսի բացումը։ Նայելով ներկայացված լուսանկարներին՝ կարծես կրկին հայտնվեցի շրջափակված քաղաքում եւ վերապրեցի այդ ամենը։ Այս ցուցահանդեսը պետք է ցույց տալ բոլորին, խոսել եւ պատմել, եւ ոչ մի դեպքում չպետք է մոռանալ տեղի ունեցածը»,- նշել է Գալինա Պետուխովան՝ շնորհակալություն հայտնելով «Դոմ Մոսկվի» կենտրոնին Հայրենական մեծ պատերազմի վետերանների նկատմամբ մշտական ուշադրության եւ նման միջոցառումների կազմակերպման համար։
Ցուցահանդեսում ներկայացված էին տասնյակ ֆոտոկոլաժներ, որտեղ ճշգրտությամբ համադրված են նույն վայրի կադրերը, բայց լուսանկարված տարբեր ժամանակներում՝ Լենինգրադի շրջափակման տարիներին եւ 21-րդ դարի սկզբին։
Լենինգրադի շրջափակումից ազատագրման 80 եւ քաղաքը ֆաշիստական շրջափակումից ամբողջական ազատագրման 79-րդ ամյակին նվիրված միջոցառումները կշարունակվեն. հունվարի 31-ին՝ ժամը 14։00-ին, տեղի կունենա կլոր սեղան քննարկում, ժամը 15։00-ին՝ վավերագրական ֆիլմի ցուցադրություն։
ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ
Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի խորհրդական Գրիշա Թամրազյանի հայցը՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության։ Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։
Նշենք, որ Թամրազյանը պահանջում է Հանրային հեռուստաընկերությունից հրապարակայնորեն հերքել զրպարտող համարվող տեղեկությունները։
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 10-ին՝ Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» թողարկան ժամանակ, հեռարձակվել է մի տեսանյութ, որտեղ, ըստ ռեպորտաժի հեղինակի, Գրիշա Թամրազյանը հայհոյել է ԿԳՄՍ այդ ժամանակվա նախարար Վահրամ Դումանյանին։
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ԺՈՂՈՎԱԾՈՒՆ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրահրատարակչության ոլորտի համատեքստում 2022 թվականին մեկնարկած «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում հրատարակվել է «Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն ժողովածուն։
Գիտահանրամատչելի այս ժողովածուն նախատեսված է ընթերցողների առավել լայն լսարանի համար: Առանձին հոդվածների տարբերակով փորձ է արվել ամփոփ, սակայն գիտական արդի ընկալումներին համահունչ ներկայացնել հայ ժողովրդի մշակութային ինքնատիպ նյութական եւ հոգեւոր ժառանգության ընտրանին:
Այն ընթերցողական լայն շրջանակներին հնարավորություն կտա բացահայտել եւ ճանաչել հայոց պատմության ու մշակույթի որոշակի շերտեր:
Հրատարակության 1000 օրինակ տպաքանակից 500-ն առաքվել է արտերկրում գործող 500 գրադարանի:
ԵԳԻՊՏՈՍԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ
Եգիպտոսի բարձրագույն կրոնական հաստատությունն աշխարհի մուսուլմաններին կոչ է արել բոյկոտել շվեդական եւ հոլանդական ապրանքները երկու եվրոպական երկրներում ծայրահեղ աջ ակտիվիստների կողմից իսլամի սուրբ գիրքը պղծելու պատճառով։ Սուննի մահմեդական աշխարհի առաջատար կրոնական հաստատության՝ եգիպտական «Ալ-Ազհար» կազմակերպության կոչը վերջինն է մահմեդական աշխարհի բացասական արձագանքների շարքից Շվեդիայում եւ Նիդեռլանդներում տեղի ունեցած միջադեպերին: Շաբաթ օրը դանիացի հակաիսլամիստ ակտիվիստ Ռասմուս Փալուդանը Ստոկհոլմում՝ Թուրքիայի դեսպանատան մոտ, այրել է Ղուրանը։ Կիրակի օրը ծայրահեղ աջ «Պեգիդա» շարժման հոլանդացի առաջնորդ Էդվին Վագենսվելդը Հաագայում՝ Նիդեռլանդների խորհրդարանի մոտ, պատռել է Ղուրանի էջերը եւ տրորել դրանք: Երեքշաբթի օրը հարյուրավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել Պակիստանի արեւելյան Լահոր քաղաքում տեղի ունեցած պղծման դեմ։ Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաեւ Թուրքիայի երկու խոշոր քաղաքներում՝ Ստամբուլում եւ Անկարայում։ Ստոկհոլմում տեղի ունեցած միջադեպից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Շվեդիային ասել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր շարունակական փորձերում ՆԱՏՕ-ի աջակցությունը չակնկալի:
ՈՍԿՈՎ ՊԱՏՎԱԾ ՄՈՒՄԻԱ
Եգիպտոսը ներկայացրել է ոսկով պատված մումիա եւ չորս դամբարան, այդ թվում՝ հին թագավորի «գաղտնիքի պահապանը», որոնք հայտնաբերվել են Կահիրեի հարավում գտնվող Սակկարա գերեզմանատանը։ Եգիպտոսի հնագույն մայրաքաղաք Մեմֆիսում, որն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, ավելի քան մեկ տասնյակ բուրգեր, կենդանիների գերեզմաններ եւ հին ղպտիների քրիստոնեական վանքեր են գտնվել: Ամենամեծ դամբարանը՝ «զարդարված առօրյա կյանքի տեսարաններով», պատկանել է Խնումջեդեֆ անունով մի հոգեւորականի, տեսուչի եւ ազնվականի։ Այն հայտնաբերվել է 4300 տարի առաջ կառավարած Հինգերորդ դինաստիայի վերջին թագավոր Ունասի բուրգերի համալիրում։ Մյուս գերեզմանը պատկանել է Մերիին, որը ծառայել է որպես փարավոնի կողմից նշանակված «գաղտնքի պահապան»՝ քահանայական տիտղոս, որը կրել է պալատի բարձրաստիճան պաշտոնյան, նա հատուկ կրոնական ծեսեր կատարելու լիազորություն է ունեցել։ Երրորդ դամբարանը պատկանել է Պեպի I փարավոնի բուրգային համալիրի մի քահանայի, իսկ չորրորդը՝ Ֆետեկ անունով դատավորին եւ գրողին։ Ֆետեկի դամբարանը ներառել է այդ տարածքում երբեւէ հայտնաբերված «ամենամեծ արձանների» հավաքածուն: 15-մետրանոց հորում արշավախումբը հայտնաբերել է նաեւ կրաքարե մեծ սարկոֆագ, որը մնացել է կնքված, «ինչպես հին եգիպտացիները թողել են այն 4300 տարի առաջ»։ Ներսում եղել է «ոսկեզօծ» մումիա, որը պատկանել է Գեկաշեպես անունով մի մարդու։