Լուսանկարը՝ համացանցից
Բարերարներ Միքայել եւ Կարեն Վարդանյանները հերթական բարեգործական ծրագիրն են իրականացրել. 44-օրյա պատերազմում զոհված կամ անհայտ կորած ճանաչված 1098 զինծառայողի ընտանիքներից յուրաքանչյուրը, որոնք ունեն անչափահաս երեխա, Հայոց բանակի օրվա առթիվ միանվագ ստացել են 300-հազարական դրամ ֆինանսական աջակցություն: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 330 մլն դրամ:
ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ցանկացել եմ տեսնել վաճառվող մսի որակի ստուգման հավաստագիրը, սակայն մերժել են. ի՞նչ անել եւ ո՞ւմ դիմել:
Սուսաննա Վարդազարյան (48 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Մսի վաճառքով զբաղվող յուրաքանչյուր անձ կամ կազմակերպություն պարտավոր է ունենալ որակի ստուգման հավաստագիր, որով հաստատվում է վաճառվող մսի որակի համապատասխանությունը սահմանված չափորոշիչներին։ Մսի վաճառքով զբաղվող այն անձինք, որոնք չունեն որակի ստուգման հավաստագիր, իրավունք չունեն իրականացնելու մսի վաճառք, այն էլ՝ այնպիսի մսի վաճառք, որի ծագումը անհայտ է կամ ստուգում չի անցել։ Եթե մսի վաճառք իրականացնողը չի ներկայացնում որակի ստուգման հավաստագիրը եւ հրաժարվում է նաեւ վաճառքի ներկայացված միսը վաճառել Ձեզ, ապա Դուք իրավունք ունեք այդ մասին ահազանգել ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն:
ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ձեր ահազանգի հիման վրա ստուգում կիրականացվի մսի վաճառքով զբաղվով տվյալ տնտեսվարող սուբյեկտի մոտ, եւ եթե հայտնաբերվի ՀՀ օրենսդրության պահանջների խախտում, ապա Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վարչական պատասխանատվության կենթարկի տնտեսվարողին առանց որակի ստուգման վկայականի մսի վաճառքով զբաղվելու համար եւ կարգելի նրա կողմից այդպիսի գործունեության ծավալումը։
ԻՐԱՎՈՒՆՔ
ՀԱՐՑ. Իմ ֆեյսբուքյան էջը կոտրել են եւ սկսել են տարբեր գրառումներ կատարել իմ մասին. ի՞նչ անել եւ ո՞ւմ դիմել:
Գրիգորի Հայրապետյան (38 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հարկ է իմանալ, որ վերոնշյալ հանցագործության դեպքի առթիվ քրեական գործ հարուցվելուց հետո իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվելու է Ձեր ֆեյսբուքյան էջը կոտրած անձի ինքնությունը եւ նրան առաջադրվելու է մեղադրանք, եւ հետագայում, որքան էլ որ ցանկանաք Ձեր՝ որպես տուժողի բողոքը հետ վերցնել, ապա բողոքը հետ վերցնելու հիմքով քրեական գործը չի կարճվի, քանի որ այդ հանցագործության դեպքում մեղադրանքը հանրային է, այսինքն՝ անկախ Ձեր կողմից բողոք ներկայացնելուց՝ պետությունն է մեղադրանք առաջադրելու այդ անձանց։ Ուստի եթե կան կասկածներ, որ Ձեր ֆեյսբուքյան էջի կոտրվելը զուտ չար կատակ է կամ կատարվել է Ձեր մտերիմ անձանց կողմից, ապա պետք է մինչ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելը խորը մտածել այդ մասին եւ նոր որոշում կայացնել հաղորդում ներկայացնելու մասին։
ՀՀ ոստիկանություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ քրեական օրենսգրքի 251-257-րդ հոդվածներով սահմանված են համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված քրեական հանցագործությունների տեսակները, որոնցից է նաեւ համակարգչային տեղեկատվության համակարգ առանց թույլտվության մուտք գործելը։ Մասնավորապես, համակարգչում, համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող եւ օրենքով պահպանվող տեղեկատվության համակարգի որեւէ մաս կամ ամբողջությամբ համակարգ առանց թույլտվության մուտք գործելը (ներթափանցելը), որը կատարվել է պաշտպանիչ համակարգի խախտմամբ եւ անզգուշությամբ առաջացրել է տեղեկատվության փոփոխություն, պատճենահանում, ոչնչացում կամ ուղեփակում (մեկուսացում) կամ համակարգչի, համակարգչային համակարգի կամ ցանցի կամ համակարգչային սարքավորումների շարքից դուրս բերում կամ այլ զգալի վնաս, պատժվում է տուգանքով՝ 200.000-400.000 դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: