Փետրվարի 1-ին Սյունիքի մարզպետարանը՝ ի դեմս մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը՝ ի դեմս գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյի, կնքել են համագործակցության հուշագիր՝ հաշվի առնելով զարգացման արդի փուլում Սյունիքի մարզի սոցիալական, տնտեսական և բնապահպանական խնդիրներն ու ծառացած մարտահրավերներին դիմագրավելու կարողությունների ձևավորման խիստ անհրաժեշտությունը։
Նախատեսվում է համագործակցությունն իրականացնել առողջապահության, սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի և սպորտի, տնտեսական, բնապահպանական բնագավառներում։
Հուշագրով կողմերը համաձայնել են համագործակցել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համապատասխան ոլորտներում մշտադիտարկման իրականացման, այդ ոլորտների վերաբերյալ խորհրդակցությունների, հանդիպումների, այլ միջոցառումների կազմակերպման, փորձի փոխանակման, նորարարական դրամաշնորհային ծրագրերի համատեղ մշակման և իրականացման ու այլ հարցերի շուրջ։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հուշագրի ստորագրման առիթով նշել է․ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նոր չէ, որ այս բոլոր ուղղություններով սոցիալական աջակցության ծրագրեր է իրականացնում։ Այս հուշագիրը նպատակ ունի ավելի հասցեական, համակարգված և արդյունավետ դարձնել Սյունիքի ամենախոշոր ձեռնարկության մասնակցությունը մարզի զարգացմանը։
Ինձ համար հատկապես կարևոր է, որ հուշագիրը նախանշում է կոնկրետ թիրախներ և ըստ ոլորտների ձևակերպում խնդիրների լուծման հստակ ճանապարհները։ Կարևոր է նաև, որ տարածքային կառավարման մարմիններն ու մասնավոր ընկերություններն ունենան իրենց պարտավորությունների, գործառույթների և համագործակցության հստակ շրջանակն ամրագրող փաստաթուղթ։ Ընկերությունների սոցիալական պատասխանատվության ծրագրերը չպետք է փոխարինեն պետության պարտականություններին, ինչպես հաճախ եղել է, այլ պետք է փոխլրացնեն և ավելի արդյունավետ դարձնեն մարզի զարգացմանն ուղղված ջանքերը»։
ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյը, ընդգծելով մարզպետարանի հետ համատեղ աշխատանքի կարևորությունը, ասել է. «Շատ կարևոր է, որ սոցիալական օգնությունը լինի նպատակային և միտված լինի կայուն զարգացմանը, իսկ դրա համար ուղղությունների և նպատակների համատեղ համակարգումն անհրաժեշտություն է։ Չհամակարգված սոցիալական ծրագրերն ունենում են կարճաժամկետ ազդեցություն, և տարիներով ծախսված զգալի գումարները չեն ապահովում կայուն արդյունք։ Այս հուշագիրը հնարավորություն է ընձեռում նախանշել ռազմավարական ուղղությունները և համատեղել ջանքերը՝ թիրախային ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։ Ինձ համար հատկապես կարևոր է սոցիալական և բնապահպանական կայունության կարևորության գիտակցումը և այդ ուղղությամբ համատեղ աշխատանքը։ Խնդիրները շատ են, բայց մեր լուծումները պետք է կենտրոնանան ոչ թե արագ, այլ կայուն, երկարաժակետ ու ռազմավարական արդյունքների վրա»։
Այսօր կնքված հուշագիրը գործում է հինգ տարի ժամկետով՝ յուրաքանչուր տարի հաստատված, ընթացիկ տարվա համար նախատեսված գործողությունների պլանով: